‘Գ. Ջհանգիրյան. Կոնվենցիայի վավերացումը սոսկ ֆինանսների հետ կապված խնդիր չէ (տեսանյութ)’

1159

Այսօր Ազգային ժողովում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը անդրադարձավ բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին եվրոպական կոնվենցիայի վավերացման խնդրին՝ իր հարցն ուղղելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:  

«2013թ. հունվարի 29-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով կասեցվել է  Ստրասբուրգում ստորագրված կոնվենցիայի ընթացակարգը՝ հիմնվելով Ձեր առաջարկի հիման վրա: 10 տարի այս հարցը գտնվել է ԱԺ-ի թե՛ եռօրյա եւ թե՛ քառօրյա նիստերի օրակարգերում: Հայ ազգային կոնգրեսը այս կոնվենցիայի մասին բարձրաձայնել է 13.10.12թ. եւ ԱԺ  նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հրապարակայնորեն ձեռք բերել պայմանավորվածություն, ըստ որի՝ ժամանակը ներելու դեպքում նախորդ տարվա դեկտեմբեր ամսին կոնվենցիան պետք է վավերացվեր»,- նշեց Ջհանգիրյանը՝ հավելելով, որ դեռևս 2003 թ. այդ կոնվենցիան վավերացվել էր եվրոպական 15 պետությունների, այդ թվում՝ նաեւ Ադրբեջանի կողմից, ինչը որեւէ կապ չուներ ղարաբաղյան հիմնահարցի հետ: «Խնդիրն առնչվում է ինչպես մարտի 1-ի զոհերին, այնպես էլ մնացած բոլոր սպանվածների իրավահաջորդներին, ծանր մարմնական վնասվածք ստացած մարդկանց,  ում հանդեպ կատարված հանցագործությունը չի բացահայտվել իրավապահ մարմինների կողմից: Ինձ այժմ հետաքրքիր է, թե ի՞նչ հանգամանքներից ելնելով եք առաջարկել այն կասեցնել»:

Ի պատասխան Կոնգրեսի պատգամավորի հարցին՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ նման կոնվենցիայի սոցիալական բնույթը բարձր է, եւ պետությունն իր վրա է վերցնում մի շարք ֆինանսական պարտավորություններ: «Սա է պատճառը, որ եվրոպական երկրների 30-40%-ն  է վավերացրել կոնվենցիան: Կառավարությունը գտնում է, որ ներկայիս փուլում կոնվենցիայի վավերացումը չի համապատասխանում սոցիալական ոլորտում պետության կողմից վարած քաղաքականությանը. տուժողները կարող են լինել ինչպես անապահով, այնպես էլ ապահովված մարդիկ, ինչի պարագայում պետությունն իր վրա լրացուցիչ պարտավորություն է վերցում »,- հավելեց Թովմասյանը՝ փորձելով վստահեցնել, որ հնարավորություն ունենալու դեպքում պետությունը կանդրադառնա այս հարցին:

Խնդրին անդրադառնալով այլ տեսանկյունից՝ Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ այս կոնվենցիան տարածվում է նաեւ այն դեպքերում, երբ հանցագործի ինքնությունը հայտնի է, սակայն ոչ հասանելի իրավապահ մարմինների համար: Օրինակ՝ վերջերս Հայաստանի սահմանի վրա տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով սպանված զինվորի մահվան մեղավորներին պատժելն անհնար է: «Այս հարցը չի կարելի միայն կապել ֆինանսական միջոցների հետ»,- խոսքի վերջում հավելեց Ջհանգիրյանը:

 

Նախորդ հոդվածը‘Ա. Մինասյան. Կառավարությունը չի կատարել ՍԴ-ի որոշումը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը Ռոբերտ Նազարյանի միջոցով սխալ հանեց ՀՀԿ-ականներին (տեսանյութ)’