‘Դանիայի թագուհի. Ներգաղթյալները պետք է հարգեն մեր արժեքները’

1031

Դանիայի թագուհի Մարգրետե II-ն իր ծննդյան 75-ամյակին նվիրված բացառիկ հարցազրույցում, որ նա տվել է դանիական Berlingske Tidende  թերթին, մի շարք բացահայտ քաղաքական հայտարարություններ է արել: Մասնավորապես, միապետուհին հայտարարել է, որ մուսուլմանները, ովքեր, որպես մշտական բնակության վայր՝ ընտրել են Դանիան, պետք է «մոռանան իրենց նախկին կենսակերպը» և իրենց պահեն դանիական հասարակության նորմերի համապատասխան: «Շատ պարզ է, որ երբ հասարակությունը մեծ թվով մարդիկ է ընդունում արտասահմանից, պետք է պահանջել, որ այդ մարդիկ հասկանան, թե ուր են եկել»,- նշել է Դանիայի թագուհին:

Մարգրետե II-ի հարցազրույցը հրապարակվել է Կոպենհագենում սինագոգի և խոսքի ազատության բանավեճի մասնակիցների վրա իսլամիստի հարձակումից երկու ամիս անց, որի արդյունքում զոհվել էր երկու մարդ:

Ինչպես գրում է պարբերականը, Դանիայի թագուհուն ցնցել է այն լուրը, թե երկրի ոչ մեծ հրեական համայնքն այլևս իրեն անվտանգ չի զգում: Հրեաները, թագուհու խոսքով՝ էթնիկ և կրոնական փոքրամասնության՝ դանիական հանրությանը ինտեգրվելու հրաշալի օրինակ են ծառայում:

Ընդ որում՝ թագուհին նաև հայտարարել է, թե «Դանիան հին հասարակություն է, որը հոգ է տանում իր քաղաքացիների բարօրության համար և ապաստան է տրամադրում նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Զաուր Դադաևին ձերբակալել են թմրանյութերի պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Պուշիլին.Հակամարտության ավարտը կախված է Եվրոպայի և ԱՄՆ գործողություններից’