‘Դանիել Իոաննիսյան. Նախ պետք է պայքարել տեղամասերից դուրս կատարվող խախտումերի դեմ’

972

«Ինձ համար (նաև Ընտրական օրենսգրքով) ընտրախախտում է ոչ միայն այն, ինչ տեղի է ունենում քվեարկության օրը կամ ձայները հաշվարկելիս, այլ նաև բազմաթիվ բաներ, որ տեղի են ունենում մինչ այդ»: Այսօր կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը՝ շեշտելով, որ քարոզարշավի ընթացքում տեղի են ունենում բազմաթիվ խախտումներ, որոնք կարող են ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա:

«Ոչ միայն ՀՀԿ-ն է երբեմն խախտում  Ընտրական օրենսգիրքը, այլ նաև ՕԵԿ-ը և ԲՀԿ-ն: Այստեղ հիմնական խնդիրը, որը ծագում է քարոզարշավի ընթացքում, նախընտրական հիմնադրամից գումարների ծախսերն են: Ծախսվում են հիմադրամից դուրս միջոցներ, ինչը կոպիտ խախտում է»,- ասաց Իոաննիսյանը:

Նա մատնանշեց նախորդ տարվա դեկտեմբերի 2-ին Ավան համայնքում տեղի ունեցած ԱԺ պատգամավորի արտահերթ ընտրությունները, որոնց ընթացքում վերահսկվում էին բոլոր ընտրական տեղամասերը, տեղամասերի ներսում խախտումներ տեղի չունեցան, սակայն դրանք գրանցվեցին տեղամասից դուրս, և դրանք ավելի մեծ ազդեցություն ունեցան ընտրության արդյունքի վրա, սակայն նախագահական ընտրությունների ժամանակ դրանց ազդեցությունը փոքր էր, և իշխանությունը ստիպված դիմեց այլ միջոցների:

«Այս ընտրություններում եթե մենք չկարողանանք կանխել տեղամասից դուրս տեղի ունեցող խախտումները կամ դրանց ազդեցութունը նվազեցնել, ապա շատ հնարավոր է, որ ներսում խախտումների կարիք չլինի»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ նախ հարկավոր է պայքարել ընտրատեղամասից դուրս տեղի ունեցող խախտումների դեմ, որից հետո «պահել» ձայները տեղամասերում:

Իոաննիսյանը նշեց, որ հանձնաժողովների անդամների հիսուն տոկոսը լինելու է ՀՀԿ-ից ու ՕԵԿ-ից, մյուս հիսունը՝ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներ, ինչը նշանակում է, որ ոչ իշխանական ուժերի համատեղ գործելու դեպքում հանձնաժողովների նախագահների կեսը լինելու են ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներ:

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանի պաշտոնյան տեղյակ է, թե ով է բռնության ենթարկել մեր լրագրողին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ալյոխինի հուշամրցաշար. Գելֆանդ-Արոնյան` Ուղիղ’