‘Քաղաքապետարանի պաշտոնյան տեղյակ է, թե ով է բռնության ենթարկել մեր լրագրողին (Տեսանյութ)’

4070

Ստորեւ ներկայացվելիք տեսանյութը արվել է ապրլի 23-ին՝ Տարոն Մարգարյանի՝ Նոր Նորքում կայացած հանդիպումից հետո: Այսինքն՝ այն բանից հետո, երբ մեր կայքի լրագրող Հակոբ Կարապետյանին ծեծի են ենթարկել, պատռել շորերը, խլել տեսախցիկը, ապա որոշ ժամանակ անց այն վերադարձրել ցելոֆանե տոպրակով փաթաթած (երեւի մատնահետքերի հարցն էին լուծել) եւ տեսագրած ողջ նյութը ջնջած:

Մեր թղթակիցը նկարահանել է այս տեսանյութը արդեն այդ միջադեպից հետո, երբ իրեն է մոտեցել Երեւանի քաղաքապետարանի աշխատակից, Զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը (մականունը՝ Գրունտ: Ի դեպ, հետաքրքիր է՝ վերջինս ի՞նչ հիմքով է մասնակցում քարոզարշավին, արդյո՞ք արձակուրդում է) եւ զրույցի բռնվել Հակոբ Կարապետյանի հետ: Ամենաուշագրավն այն է, սակայն, որ վերջինս մեր լրագրողի հետ զրույցում բառացիորեն հաստատում է ոչ միայն տեղի ունեցածը, այլև ակամա «խոստովանում» է, որ գիտի, թե ովքեր են գործադրված բռնության հեղինակները:

Հարությունյանը Հակոբ Կարապետյանի հետ զրույցում բառացիորեն ասում է.

«Ով որ խցիկը վերցրել է…ասեցինք, հետ բերեցին: Ով որ արել ա, նա կպատժվի, ես քեզ վստահ ասում եմ: Իմ անունը Արմեն ա, ես աշխատում եմ Երեւանի քաղաքապետարանում:

Էն, ինչը որ մենք տեսանք ստեղ, դա անընդունելի ա, ինձ եւ իմ ղեկավարի համար: Երեւի դու զգացիր իմ մոտեցումը, որովհետեւ ես փորձեցի, որ շատ արագի մեջ, որ էն, ինչը, որ քոնն ա ու քո ձեռքից վերցրել են…Բայց ես հիմա այլ բան եմ ասում, պռոստը քեզ տղա լինելով եմ ասում, գնա լվացվի (լրագրողի դեմքը արյունոտ էր-խմբ.) մինչեւ դու դուրս չգաս, քաղաքապետը չի մոտենա: Ու կնկարես ամեն ինչ»:

Այսինքն, Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցը հստակ տեղեկացված է, թե ովքեր են խլել տեսախցիկը մեր լրագրողի ձեռքից, ավելին, եթե ինքը, իր իսկ խոսքով՝ «ասել է, որ խցիկը հետ բերեն», ուրեմն՝ ոչ միայն ճանաչում է խցիկը վերցնողին, այլեւ՝ այն վերցնողը այնպիսի մարդ է, ում վերջինս կարող է հրահանգել: Դե ինչ, սպասում ենք, թե ինչ է այս կապակցությամբ ասելու պարոն Հարությունյանը: Հիշեցնենք, ամեն դեպքում, որ մեր լրագրողը հասցրել է դեպքից հետո նկարահանել բռնության հեղինակին, որը, պարզվել է, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված 34-ամյա Աշոտ Պապայանն է, ով թեև 2006-ից մինչ օրս սովորում է «Մխիթար Գոշ» համալսարանի իրավագիության բաժնում, այնուհանդերձ, ինչպես երեւում է՝ իրավունքին եւ օրենքներին այնքան էլ լավ չի տիրապետում:

 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ձեր անմաքուր թաթիկները պահեք ձեր օրեցօր ուռուցիկացող գրպաններում ‘
Հաջորդ հոդվածը‘Դանիել Իոաննիսյան. Նախ պետք է պայքարել տեղամասերից դուրս կատարվող խախտումերի դեմ’