‘Դավաճանության մեխանիկա’

3090

Սկզբում հայտարարում են, որ Հայ ազգային կոնգրեսը վճռական չէ, հետո հայտարարում են որ Կոնգրեսը արևմտամետ ուժ չէ՝ պրոռուսական  է, այնուհետև ՀԱԿ-ը սկսում են ՀԱԿԿ անվանել, հետո հայտարարում են, որ Կոնգրեսը Մայդան չի ուզում անել ու հրաժարվել է պայքարից, հետո պնդում են, որ ԲՀԿ-ի հետ համագործակցելով՝ Կոնգրեսը փոշիացրեց ընդդիմությունը, հետո՝ թե Հայաստանում ընդդիմություն չկա, հետո հանրահավաքի ժամանակ փակում են զուգարանները, հետո ՀՀԿ տարբեր տրամաչափի գործիչների հրավիրում են իրենց ծնունդին ու կնունքին, հետո ստեղծում են մի չորս հոգանոց կուսակցություն, հետո մի չորս հարյուր  հատ ինտերվյու ու մամուլի ասուլիս ես տալիս, իսկ վերջում քվեարկում կամ խոսում են այնպես՝ ինչպես ՀՀԿ-ն և Սերժիկ Սարգսյանը կհրամայեն:

Սա է ամբողջ դավաճանության մեխանիկան, և Կոնգրեսից հեռացած տարբեր «գործիչների» դեպքում միգուցե իրադարձությունների տեղերը փոխվեն, սակայն վերջնական արդյունքը նույնն է ստացվում՝ առանց բացառությունների: Այս ամբողջը կարելի է անվանել դավաճանության մեխանիկա, երբ մարդիկ այնքան տղամարդկություն չունեն՝ հայտարարելու, որ ծախվել են իշխանություններին, այդ իսկ պատճառով տարաբնույթ պատճառաբանություններ են որոնում իրենց վաճառվածությունն արդարացնելու համար: Շարքը շատ մեծ չէ, սակայն աղմուկը համարժեք է ասուլիսների տված քանակին, իսկ «անկախ» լրատվամիջոցներն էլ, որոնք նույնպես անցել են վերջիններիս ճանապարհը, չեն զլանում լուսաբանել «սույն» քաղաքական գործիչներին, ու պատրանք է ստեղծվում, թե սույն գործիչները որևէ ազդեցություն ունեն քաղաքական գործընթացների վրա, սակայն նրանց միակ ազդեցությունն այն է, որ փորձեն ջուրը պղտորել, որպեսզի հասարակությունը չկարողանա տարբերել թացը չորից:

Իհարկե, վերջնական փուլում, բոլորն էլ հասկանում են Գեղամյանի ու ԱԽՔ-ի հոգեժառանգների իրական էությունը, սակայն մինչև նրանց վերջնական բացահայտումը՝ մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում Սերժ Սարգսյանին սպասարկող լրատվամիջոցների հետաքրքրությունը վերոնշյալ գործիչների նկատմամբ:

Եթե մեկը համաձայնում է ժամանակ առ ժամանակ հարցազրույց տալ այնպիսի լրատվամիջոցի, որի խմբագրին Վլադիմիր Գասպարյանը տրամադրել է թիկնապահներ, կամ Միքայել Մինասյանը նվիրաբերել է ավտոմեքենաներ և համակարգիչներ, ու այդ լրատվամիջոցով ցեխ է շպրտվում ընդդիմության վրա, ապա պետք չէ սպասել, որ մի քանի ամիս հետ, այդ նույն գործիչը պառլամենտում կքվերակի ընդդիմության առաջարկների օգտին, այլ ճիշտ հակառակը՝ ամենապատասխանատու պահին իր ձայնը կտա իշխանության ներկայացրած օրինագծին:

Հիմա կասեք՝ ինչո՞ւ ես մտահոգվում, չէ՞ որ, ի վերջո, բոլոր դավաճանները բացահայտվում են: Սակայն մտահոգությունս այն է, որ մինչև լիակատար բացահայտումը՝ նրանք դեռ հասցնում են «գաղջ» տարածել, ու եթե հնարավոր է մի քանի քայլ առաջ տեսնել նրանց բացահայտումը, ապա ինչո՞ւ սպասել պատասխանատու պահին, երբ նրանց դավաճանությունը ավելի մեծ հարված կարող է հասցնել, քան նախապես նրանց սպասվող դավաճանությունը չեզոքացնելու դեպքում:

Ի վերջո, Վիկիլիքսը մի մեծ նվեր է տվել Հայաստանին,  և լյուստրացիա պահանջողները կարող են երկար չսպասել լյուստրացիայի մասին օրենքի ընդունմանը. հերիք է ուսումնասիրել այդ փաստաթղթերն ու քաղաքական գործիչների արարքների հաջորդականությունը, և լյուստրացիան պատրաստ է:

Սանասար Հավասարյան

 

Նախորդ հոդվածը‘Կոլումբիայի իշխանությունները խաղի оրը արգելել են ալկոհոլային խմիչքների վաճառքը’
Հաջորդ հոդվածը‘Պոմպակայանի աշխատակցի դին հայտնաբերվել է Արաքս գետում ‘