‘Դավիթ Պետրոսյանը կրկին հացադուլ է հայտարարել ԵՊՀ-ում ‘

9105

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը կրկին հացադուլ է սկսել Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի այն նույն լսարանում, որտեղ մոտ մեկ ամիս առաջ նախաձեռնության չորս անդամների հետ կրկին հացադուլ էր անում՝ բողոքելով զինծառայության մասին օրենքի դեմ։
Փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:
Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջերում այսօր տեղադրել է տեսագրություն, որտեղ նշում է, որ մեկ ամիս տեւած քննարկումներն արդյունք չեն տվել։
«Ես ընկերոջս հետ կրկին հացադուլ ենք սկսել։ Հացադուլի պատճառը հետեւյալն է՝ նախօրոք, եթե նշում են, որ 5-րդ կետն օգտագործում են որպես ճանապարհ՝ արժանի ուսանողներին հնարավորություն տալու, կրթության անընդհատության սկզբունքը պահպանելու համար, որ շարունակեն իրենց ուսումը, այդ խոսքերն ուղղակի զրոյի հավասարվեցին, երբ մի քանի անգամ ասվեց, որ բացառիկ ուսանողներ կան, հանճարեղ ուսանողներ կան։ Այս չափանիշներին մենք դեմ ենք, եթե 5-րդ կետում նշվում է, որ նշանալի նվաճումներով ուսանողներին տրվելու է տարկետում, ո՛չ Կրթության եւ գիտության նախարարությունը, ո՛չ Պաշտպանության նախարարությունը չգիտեին, թե ինչպիսի չափանիշների միջոցով պետք է հասկանալ, թե նշանակալի նվաճումը որն է։ Սկզբունքներ կային, որոնց մենք դեմ էինք, քանի որ կարծում էինք, որ դրանք հնարավորություն չեն ստեղծելու արժանի ուսանողներին շարունակելու իրենց կրթությունը: Հանդիպումները ցույց տվեցին, որ բանակցությունները գնում են ոչ թե կոնստրուկտիվ ճանապարհով, այլ բանակցությունները գնում են, ուղղակի որպեսզի գնան»,- հայտարարել է Պետրոսյանը:
Իր հերթին՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը «Ազատությանն» ասել է, թե հացադուլը ժամանակավրեպ է, այն որեւէ դրական հետևանք չի կարող ունենալ խնդիրների արծարծման կամ լուծման համար։



 

Նախորդ հոդվածը‘Կրեմլ. ԿՀՎ-ն զգուշացրել է Պետերբուրգում նախապատրաստվող ահաբեկչության մասին’
Հաջորդ հոդվածը‘Չիլի. Նախկին նախագահը վերադառնում է’