‘Դատախազությունը քրեական գործ չի հարուցի՝ մինչև Լևոն Զուրաբյանից հաղորդում չստանա. Ս.Տռուզյան’

1137

ՀՀ գլխավոր դատախազությունը «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հանցագործության մասին հաղորդում չի ստացել, իսկ ստանալու դեպքում, պատշաճ կարգով ընթացք կտրվի: Այս մասին tert.am–ին հայտնեl է Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը՝ ի պատասխան հարցի, թե դատախազությունում քրեական գործ հարուցվելո՞ւ է Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի մասնավոր զրույցը գաղտնալսելու, ձայնագրելու և այն Youtube-ում տեղադրելու փաստի առթիվ:

Հիշեցնենք, որ երեկ Լևոն Զուրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ, առանձնազրույցի գաղտնալսման, և այն Youtube–ում տեղադրելու համար մեղադրել է Ազգային անվտանգության ծառայությանը և պահանջել է պատասխանատվության ենթարկել հեղինակներին։

«Իշխանություններին պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն չտալու նկատառումով առաջարկում եմ դատախազությանը ընդունել սույն հայտարարությունը որպես հաղորդագրություն հանցագործության մասին և պահանջում եմ քրեական պատասխանատվության կանչել գաղտնալսման և դրա հիման վրա պատրաստված նյութի հրապարակման հեղինակներին»,- ասված էր Լևոն Զուրաբյանի հայտարարության մեջ:

Ի պատասխան հարցի, թե լրատվամիջոցներով տպագրված հայտարարությունը չի՞ դիտվում իբրև հաղորդագրություն հանցագործության մասին, Սոնա Տռուզյանը նշեց. «Ֆիզիկական անձանց կողմից հաղորդում ներկայացնելու ընթացակարգը հստակ սահմանված է Քրեական դատավարության օրենսգրքում. անձը, երբ ներկայացնում է հաղորդում հանցագործության մասին, նրան բացատրվում են իր իրավունքներն ու պարտականությունները»:

Սոնա Տռուզյանը հավելեց, որ առանց ֆիզիկական անձի դիմումի նման իրավասություն չունեն, իսկ եթե նա դիմի, ապա Դատախազությունը սահմանած կարգով հաղորդմանն ընթացք կտա՝ որոշելով, թե քննչակա մարմինը պետք է ստուգի հաղորդման մեջ նշված հանգամանքները։

Նշենք, որ ԱԱԾ–ն այսօր հերքել էր Զուրաբյանի մեղադրանքը՝ նշելով, որ կապ չունի այդ մասնավոր զրույցի գաղտնի ձայնագրման և համացանցում դրա տարածման հետ։

Նախորդ հոդվածը‘Չավիի նոր ռեկորդը’
Հաջորդ հոդվածը‘Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր. Եթե ազգանունը Ֆարմանյան է, ուրեմն որևէ պաշտոնի իրավունք չունի ձգտելու՞’