‘Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր. Եթե ազգանունը Ֆարմանյան է, ուրեմն որևէ պաշտոնի իրավունք չունի ձգտելու՞’

3506

Ինչպես արդեն հաղորդել էինք, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի քույրը՝ 40-ամյա Անահիտ Ֆարմանյանը, անառողջ մթնոլորտ է ստեղծել Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում, որի ռեկտորը ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանն է: Այդ մասին ահազանգել էին ինստիտուտի դասախոսները: iLur.am-ը կապվեց ռեկտոր Վարդևան Գրիգորյանի հետ՝ մանրամասները պարզելու համար:

Ըստ լուրերի՝ պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի «մեղքով» անառողջ մթնոլորտ է ստեղծվել ինստիտուտում:Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են, մասնավորապես՝ դասախոսական անձնակազմի կողմից հնչեցվող բողոքները Անահիտ Ֆրամանյանի գործունեության վերաբերյալ:

Սուտ է, մեզ մոտ աշխատանքային նորմալ մթնոլորտ է: Երբևիցե 15 տարվա մեջ  մանկավարժական ինստիտուտում ոչ առողջ մթնոլորտ չի եղել, այսօր էլ չկա: Անահիտ Ֆարմանյանը մեր նախկին գերազանց շրջանավարտն է, ում վստահվել է գիտության և արտաքին հարաբերությունների պրոռեկտորի պաշտոնը, և իր աշխատանքի ընթացքում բարեփոխումները, որոնք ընթանում արդեն 10 տարի, հիմա էլ շարունակվում են:

— Անահիտ Ֆարմանյանը համապատասխան մասնագիտական որակավորումներ և հմտություններ ունի՞ պրոռեկտորի պաշտոնը զբաղեցնելու համար:

Իհարկե ունի, նա ֆիկիզամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Երկար տարիներ աշխատում է բուհում, ինստիտուտը գերազանցությամբ ավարտելուց հետո մնացել է այստեղ, 3 տարում պաշտպանել է իր թեկնածուական դիսերտացիան, առաջիկայում էլ կպաշտպանի դոկտորականը: Այն, ինչ խոսվում է՝ ստահոդ լուրեր են:

-Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված դասախոսական անձնակազմի բողոքը:

Մեկի անունը տվեք, էլի, խնդրում եմ, ո՞վ է, որ բողոքում է, կամ ինչի՞ համար է բողոքում, բողոքի իմաստը ո՞րն է:

— Դասախոսների հավաստիացմամբ՝ ինքն է մարդ ընդունում, կրճատում, հաստիքներ է ստեղծում ու վերացնում և այլն: Իսկ բոլոր դժգոհողներին սպառնում է ՝ «Ո՞վ կարող է ինձ բան ասել, ես թիկունք ունեմ, չգիտե՞ք՝ իմ թիկունքն ով է. Աշոտյանը եղբորս ընկերն է… փաստորեն, պրն Գրիգորյան, Դուք տեղյակ չե՞ք, թե ինչ հիմնավորմամբ են բողոքել դասախոսները:

Ես կարդացել եմ հոդվածը, մի քանի անգամ արդեն խնդրել եմ, որ հարցը չքաղաքականացվի: Առաջինը՝ Գյումրիի մանկավարժական ինստիտուտը քաղաքականացված կառույց չէ: Ես ԲՀԿ-ի անդամ եմ և կուսակցության պատասխանատուներից մեկը, սակայն ամբողջ ինստիտուտում երևի 5 հոգի ԲՀԿ-ական չկա, նույնությամբ՝ չկա նաև ՀՀԿ-ական անդամ: Եթե կան էլ, էլի շատ քիչ թվով, նույնությամբ կան նաև ՀԱԿ-ի անդամներ: Այսինքն՝ այս բուհը հնարավորինս աշխատել է հեռու մնալ քաղաքականությունից, քանի որ մենք իսկապես մտել ենք շատ պատասխանատու մի  փուլ: Ինստիտուտը գնում է հավատարմագրման, և հետագա ճակատագիրը պայմանավորված է դրանով: Դրա համար ամբողջ ինստիտուտը լծված է այդ աշխատանքին: Եթե մեկը, երկուսը իրենց ճղճիմ անձնական շահերի համար… ես ըմբոստություն չեմ տեսել, ամենայն ազնվությամբ: Ոչ թե ըմբոստանում են, այլ գրում են, ես ուղղակի պետք է խնդրեի, որ գրելու փոխարեն իրենք հիմնավոր փաստերով ներկայացնեին:

-Դասախոսները նշել են նաև, որ Անահիտ Ֆարմանյանի «ձեռքով» կրճատվել է շուրջ 20 աշխատակից: Կարո՞ղ եք ասել՝ իսկապես այդպե՞ս է, և եթե այո, ապա ի՞նչ հիմնավորումով են կրճատվել այդ աշխատակիցները:

Կրճատվել է ընդամենը 3-4 աշխատակից, քանի որ նրանք հասել էին կենսաթոշակային տարիքի:

— Մտավախություն չունե՞ք , որ Անահիտ Ֆարմանյանը կհավակնի նաև ձեր՝ այսինքն ռեկտորի պաշտոնին՝ հաշվի առնելով ձեր խոսքերը, որ նա հրաշալի բարեփոխումներ է կատարում, նման լավ ձևով դրսևորում է իրեն:

Ես ինչո՞ւ պիտի մտավախություն ունենամ, առաջինը՝ ես ընտրվել եմ հինգ տարի ժամկետով, իսկ իմ պաշտոնավարման ժամկետից անցել է մեկ տարին:

-Այսինքն՝ հնարավոր է, որ 4 տարի հետո ինքն այնքան աճի, որ հավակնի նաև ռեկտորի պաշտոնին:

Իսկ ո՞վ է ասում, որ եթե ազգանունը Ֆարմանյան է, ուրեմն որևէ պաշտոնի իրավունք չունի ձգտելու: Ասում են՝ էն զինվորը զինվոր չէ, որը չի ձգտում գեներալ դառնալ: Նույնն էլ՝ էս դեպքում, եթե ինքն ամեն ինչով համապատասխանի, առավել ևս, եթե ինստիտուտի կադր է, սկսել է ուսանող տարիներից, ճանապարհ է անցել ու անցնելու է, եթե կոլեկտիվը, կառավարման խորհուրդը գտնեն նպատակահարմար, ինչպես նաև բավարարի այն պահանջին, ըստ որի՝ռեկտոր դառնալու համար պետք է ունենա դոկտորի կամ պրոֆեսորի  աստիճան, ապա, քավ լիցի, կարող է Ֆարմանյան Անահիտը չդառնալ, Պետրոսյան Պետրոսը դառնալ: 

Նախորդ հոդվածը‘Դատախազությունը քրեական գործ չի հարուցի՝ մինչև Լևոն Զուրաբյանից հաղորդում չստանա. Ս.Տռուզյան’
Հաջորդ հոդվածը‘Ֆրենկ Լեմպարդ. Խիստ հիասթափված ենք’