‘Դատավարության մեկնարկը համառորեն տորպեդահարողը’

8324

«Իրավական» աբսուրդը շարունակվում է: Արդեն երրորդ օրն է՝ Քոչարյանի «աջակիցները» ակցիա են իրականացնում Բարձրագույն դատական խորհրդի մոտ եւ հայտարարում են, թե Քոչարյանի գործը քննող դատավորների նկատմամբ  ճնշում եւ անօրինական գործողություններ են իրականացվում ։ Իհարկե, ազատ երկիր է, ցանկացած մեկն էլ կարող է իրացնել իր սահմանադրական իրավունքն ու ցույց անել:

Բայց ամեն բան պետք է մի քիչ, գոնե մի քիչ ազնիվ լինի նաեւ:

Նույն այդ աջակիցները հայտարարում են, թե «արդեն մեկ տարի է, ինչ չի ձեւավորվում  դատարան, որը կքննի Քոչարյանի կալանքի հարցը»: Տպավորություն ստեղծելով, թե իշխանությունները ձգձգում են Քոչարյանի եւ մյուսների գործով բուն դատավարությունը:

Զուգահեռաբար, սակայն, նույն Քոչարյանի փաստաբանական թիմը (հրապարակային երեւացողները, պաշտոնապես փաստաբանները եւ չերեւացող իրավաբանները) զբաղված են միայն ու բացառապես մեկ բանով՝ գործը անհարկի ձգձգելով եւ ամեն բան անելով, որ բուն դատավարությունն այդպես էլ չմեկնարկի:

Այդ մարտավարության շրջանակներում են նրանք դիմել ՍԴ, իսկ ՍԴ-ի՝Սերժ Սարգսյանի անձնական նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ էլ՝ վերջինս եւ ՍԴ անդամները դիմել են ՄԻԵԴ եւ ՎՀ ՝ իբրեւ թե Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հարցով խորհրդատվության համար: Այսինքն, նախկին իշխանություններին սպասարկած իրավաբանական թիմը այսօր գործը քնեցնելու ակտիվ քայլերով է զբաղված՝ թույլ չտալով, որ մեկնարկի բուն դատավարությունը, եւ վկաները ցուցմունքներ տան, զուգահեռաբար ակտիվորեն զբաղված են քրեական գործի կամայական, կեղծ մեկնաբանություններով:

Ընդ որում, այս մարտավարությունն այնքան կացնային է, որ տեսանելի է անգամ «անզեն աչքով»:

Իհարկե, կարելի էր հարցնել, որ եթե մարդն իրեն իրապես անմեղ է համարում, ապա ինչո՞ւ է ամեն կերպ տորպեդահարում բուն դատավարության մեկնարկը, ինչո՞ւ ինքը շահագռգիռ չէ, որ դատավարությունն օր առաջ սկսվի, եւ դատարանում ապացուցվի իր անմեղությունը: Կարելի էր, բայց ոչ այս գործի եւ այս անձի պարագայում: Քանի որ այս անձի նպատակն իր անմեղությունն ապացուցելը չէ:

Այդ անձին հանրային կարծիքն ընդհանրապես՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, շատ քիչ է հետաքրքրում:

Նրա ցանկությունը մեկն է՝ հնարավորինս շուտ եւ ամեն գնով հայտնվել ազատության մեջ եւ ազատորեն վայելելով իր ունեցվածքը՝ կատարածի համար պատասխան չտալ: Սա է:

Այս անձն ամենեւին էլ չունի արդարադատության պահանջ: Արդարադատությունն ամենեւին էլ նրա պահանջը չէ, նրա պահանջը արդարդատության պահանջի քողի տակ՝ մերժվածներից «մասսովկա» ապահովելն է, եւ այդքանը՝ միայն հրապարակային գործունեության մասին: Իսկ մնացածը ոչ հրապարակային գլուխ բերելն է, որովհետեւ հրապարակային գործունեությունը նրա բանը չէ: Ձեռքին ճար լիներ, այսօր էլ բացառապես ստվերային գործունեությամբ կզբաղվեր միայն, բայց քանի որ իրավիճակ է փոխվել, եւ ինքը հայտնվել է ճաղերի հետեւում, ստիպված է նաեւ հրապարակային գործունեություն բեմադրել: Եւ այդ ցույցերն էլ այդ բեմադրության մի մասն են ընդամենը:

Պարգեւ Ապրեսյան

 

 

 

 

Նախորդ հոդվածը‘Հորդորակ «Ը» եւ «Ն» հոդերի գործածության մասին’
Հաջորդ հոդվածը‘Զինծառայողը լքել է դիրքը. Նա Ադրբեջանում է. ՊԲ’