‘Դատարանը մերժել է Տարոն Մարգարյանի որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով «Բարեւ Երեւանի» դիմումի քննությունը’

1050

Վարչական դատարանը որոշել է վերադարձնել Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի խմբակցության ներկայացրած երկու հայցադիմումները, որոնցով խմբակցությունը պահանջում էր անվավեր համարել քաղաքապետ Տարոն Մարգարյանի երկու որոշումները` տրոլեյբուսների ու մյուս փոխադրամիջոցների ուղեվարձերի սակագները բարձրացնելու մասին: Ըստ Panorama.am-ի, Վարչական դատարանը մերժել է ընդունել հայցը վարույթ` պատճառաբանելով, որ այն սխալ է ներկայացված:

Վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանի որոշման մեջ նշվում է, որ հայցադիմումը ներկայացվել է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անունից, իսկ հայցադիմումը ստորագրել է խմբակցության ղեկավարը։ Հայցադիմումին կից բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավարը լիազորված է խմբակցության անունից հայց հարուցելու վարչական դատարանում։

«Նման պայմաններում հնարավոր է երկու տարբեր ընկալումներ։ Առաջինը՝ հայցադիմումը ներկայացվել է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության կողմից, սակայն հայցադիմումը ստորագրել է նման լիազորություն չունեցող անձը։ Երկրորդ՝ հայցադիմումը ներկայացվել է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավարի՝ որպես Երևանի ավագանու անդամի, կողմից, սակայն հայցադիմումում սխալ են նշվել հայցվորի տվյալները։ Պետք է նշել, որ երկու դեպքն էլ օրենսդիրը դիտարկում է որպես հայցադիմումը վերադարձնելու հիմք», -նշված է դատավորի որոշման մեջ։ 

Նախորդ հոդվածը‘Բաց նամակ ԼՂՀ նախագահին, ի պաշտպանություն Քաշաթաղի արվեստի ու սպորտի դպրոցի’
Հաջորդ հոդվածը‘«Հարցազրույց Հայաստանի հետ». Ռուզաննա Գրիգորյան. Իրացնում եմ իմ իշխանությունը’