‘Բաց նամակ ԼՂՀ նախագահին, ի պաշտպանություն Քաշաթաղի արվեստի ու սպորտի դպրոցի’

1400

Մի խումբ մշակույթի գործիչներ բաց նամակ են հղել ԼՂՀ նախագահ ԲԱկո Սահակյանին՝ հայցելով նրա միջամտությունը Քաշաթաղի արվեստի եւ սպորտի դպրոցի տնօրեն Գոռ Մանուկյանի դեմ շրջանի վարչակազմի ղեկավարության իրականացրած հալածանքների հարցում:

Հիշեցնենք, որ Գոռ Մանուկյանը մեղադրվում է իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու, վարձավճարները յուրացնելու մեջ: Մանուկյանը այս գործը համարում է Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի կողմից իր նկատմամբ դեռեւս 2010-ին մեկնարկած հետապնդումների շարունակությունը:

«Մեզանից շատերն անձամբ են ճանաչում Գոռ Մանուկյանին, գիտեն նրա նվիրյալ աշխատանքի, բարոյականության և ազնվության մասին, ոմանք էլ տեղում են ծանոթացել դպրոցին ու նրա անձնվեր աշխատակիցներին: Չնայած բոլոր դժվարություններին և սոցիալական անբավարար պայմաններին, Գոռ Մանուկյանն իր ակտիվ գործունեությամբ զգալի ներդրում է կատարում Քաշաթաղի և, մասնավորապես, Բերձորի, կրթա-մշակութային կյանքն աշխուժացնելու, երեխաների և պատանիների դաստիարակության գործում: Պարոն նախագահ, արդարության հաղթանակի ակնկալիքով, խնդրում ենք Ձեզ միջամտել Քաշաթաղի իրավապահ մարմինների կողմից Գոռ Մանուկյանի դեմ իրականացվող հալածանքների խնդրին և օգնել, որպեսզի Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի նորմալ, խաղաղ գործունեությունը շարունակվի», — ասվում է հայտարարության մեջ:

Այս պահին Երեւանի Սարյանի արձանի մոտ մեկնարկել է ստորագրահավաք և ակցիա 600-ական դրամ Բերձորի արվեստի և սպորտի դպրոցին աջակցություն: 

Ի դեպ, Բերձորից մեր աղբյուրները տեղեկացնում են, որ քաղաքում եւ հարակից բնարավայրերում այսօր համացանցը խափանումներով է աշխատում: Մասնավորապես, անհասանելի է «Ֆեյսբուքը»: Մեր աղբյորը չի բացառում, որ այս խափանումը կարող են կազմակերպել շրջանի իշխանությունները՝ Երեւանում ի պաշտպանություն դպրոցի ընթացող ակցիաների մասին տեղեկատվությունը սահմանափակելու նպատակով:

Նախորդ հոդվածը‘Թբիլիսիում անվանափոխվել է Վարդերի հեղափոխության հրապարակը’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը մերժել է Տարոն Մարգարյանի որոշումներն անվավեր ճանաչելու պահանջով «Բարեւ Երեւանի» դիմումի քննությունը’