‘Դեկտեմբերին ՀՅԴ-ն կքննարկի նախագահական ընտրություններին մասնակցության հարցը ‘

941

«Խառնաշփոթ կարող է լինել տարբեր կուսակցություններում՝ բացի ՀՅԴ-ից, մեզ մոտ քննարկումներն են լինում բուռն՝ տեսակետների բախումներներով համեմված, իսկ խառնաշփոթ՝ երբեք: Նորընտիր ԳՄ-ի վրա հստակ դրվել է խնդիր՝ ուսումնասիրելու իրավիճակը և տալու գնահատական, իսկ արդյունքները կներկայացվեն դեկտեմբեր ամսին Գերագույն ժողովում, այդ ժամանակ պարզ կդառնա՝ արդյոք գալիք ընտրություններին ՀՅԴ ներկայանալու է առանձի՞ն թեկնածուով, թե՞ ոչ»: Ilur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր, հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թե ՀՅԴ-ում խառնաշփոթ է՝ կապված նախագահական ընտրությունների հետ:

Ըստ Արմեն Ռուստամյանի՝ ՀՅԴ-ն համաձայն է ընդդիմադիր դաշտի համախմբմանը, ըստ նրա՝ քաղաքական ուժերը պետք է պայքարեն ոչ թե մարդափոխության, այլ համակարգի փոփոխման համար:
Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն ընտրություններին պաշտպանի այլ թեկնածուի, խմբակցության ղեկավարն ասաց.
«Մեր պատկերացրած թեկնածուն չպիտի գա ու վայելի 5 տարի նախագահի լիազորությունները, այլ պետք է հրաժարվի այս համակարգից: Կարևորը թեկնածու առաջադրելու հարցը չէ, այլ այն, որ փոխվի համակարգը, այդ ժամանակ էլ կգտնվի այն թեկնածուն, ում կվստահենք բոլորս, իսկ եթե դա չլինի, ապա այս ամենը սուտ է»:

Ըստ նրա՝ ընտրակեղծիքները որոշիչ են դառնում բոլոր ընտրություններին ժամանակ, ընտրակաշառքները կրում են համատարած բնույթ, նույնիսկ խորհրդարան անցած 6 ուժերից 5-ը հայտարարել են ընտակեղծիքների մասին:
«Եթե նման իրավիճակ լինի նաև նախագահական ընտրություններին, ապա գուցե մենք չմասնակցենք ընտրություններին առհասարակ», — եզրափակեց Արմեն Ռուստամյանը:

Նախորդ հոդվածը‘Բաքուն չի ընդունել Ֆիլիպ Կիրկորովին 13-ամյա հայ պատանու պատճառով ‘
Հաջորդ հոդվածը‘Մխիթարյանը լավագույնն է Չեմպիոնների լիգայի երեք խաղերից հետո’