‘Դեպի Ստեփանակերտ կթռչեն 19 տեղանոց օդանավերը’

972

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը կթույլատրի դեպի Ստեփանակերտ քաղաքացիական օդանավերի թռիչքները: Ինչպես հայտնում է news.am-ը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:

«Թռիչքները լինելու են միջազգային կազմակերպությունների կանոններին ու պահանջներին համապատասխան: Մենք այդ կանոններից մի քայլ չենք ուզում շեղվել: Շատ բան կախված է Լեռնային Ղարաբաղի ավիացիոն իշխանությունների ակտիվ աշխատանքից, եթե իրենք ավարտեն աշխատանքները, մենք պատրաստ ենք»,- ասաց Ա. Մովսիսյանը: Սակայն նա հրաժարվեց կոնկրետ ժամկետներ նշելուց, ասելով, որ դա անշնորհակալ գործ է:

Ա. Մովսիսյանի տեղեկացմամբ՝ Ստեփանակերտի օդանավակայանը լավն է ու գեղեցիկ, փոքր է, սակայն դա բավարար է ուղեւորափոխադրումների համար; Թռիչքուղին լավ վիճակում է, թռիչքային անվտանգության տեսանկյունից չափանիշները լիովին բավարար են, սակայն կան մի քանի ոչ մեծ լուծելի տեխնիկական խնդիրներ՝ կապված օդանավերի սպասարկման հետ;

Ա. Մովսիսյանը նշեց, որ Արցախը օդանավեր չունի, թռիչքները կիրականացնեն հայաստանյան օդանավերը՝ 19 տեղանոց: Թռիչքի տեւողությունը՝ 45-50 րոպե:

Նախորդ հոդվածը‘Ավելի լավ Տարո՞ն’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Ինձ սխալ են հասկացել’