‘Դիդյե Դեշամ. « Հատկապես առաջին կեսում լավ տպավորություն ստացա Հայաստանի հավաքական խաղից»’

1050

 Ընկերական խաղում Հայաստանի հավաքականի նկատմամբ տոնած հաղթանակից հետո Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հանդիպեց լրագրողներին։

Տեսա՞ք այն փոփոխությունները, որ փնտրում էիք թիմում։

-Առաջնայինն այսօր արդյունքն էր, մենք երեք գոլ խփեցինք ու գոլ բաց չթողեցինք։ Մեզ մոտ ամեն ինչ չէ, որ հաջողվում էր, և դա պայմանավորված էին նաև Հայաստանի հավաքականի դինամիկ խաղով։ Մենք առաջնագծում շարժունակության խնդիր ունեինք։ 

Թիմի հետ կապված ոչ մի նոր բան չբացահայտեցի, այս օրերին նորեկներ ունեցանք, ովքեր լավ ընկալեցին թիմի ձեռագիրը։

Կարելի՞ է ասել, որ Ժինյակը խփած գոլից հետո ձեր բարեհաճությունը վաստակեց և հիմնական կազմում հաճախ կլինի։

-Նա այսօր էլ ցույց տվեց իր լավ որակները, որոնք միշտ օգտագործում է ակումբային պրակտիկայում։ Նա մի փոքր այլ տեսակի հարձակվող է, քան Բենզեման և Ռեմին, և այսօր ապացուցեց, որ կարող է խաղալ Ֆրանսիայի հավաքականում։ Գուցե ապագայում նրան էլի տեսնենք հիմանական կազմում։

-Հայաստանի հավաքականում պոտենցիալ տեսնո՞ւմ եք, այսօրվա խաղն ինչպե՞ս կգնահատեք։

-Հատկապես առաջին կեսում լավ տպավորություն ստացա Հայաստանի հավաքականի խաղից։ Հարձակվող ֆուտբոլիստները մեզ անհանգստություններ պատճառեցին։ Զգացվում էր, որ Սերբիայի դեմ խաղից հետո ֆուտբոլիստները մի փոքր հոգնած են, բայց թիմն աճում է։

Հայաստանի հնարավորությունը խմբում ինչպիսի՞ն է։

-Արդեն ասել եմ, որ Հայաստանն արժանի էր հաղթանակի Սերբիայի դեմ խաղում։ Դուք կարող եք հաղթահարել որակավորման փուլը, ինչը ես ձեզ մաղթում եմ։ 

Ձեզ դուր եկա՞վ Մաթյուի և Վարանի համագործակցությունը պաշտպանության կենտրոնում։

-Մաթյուն մեկ-երկու սխալ արեց առաջին կեսում, բայց ընդհանուր առմամբ այդ զույգի խաղը բարձր կգնահատեմ։ Փոխարինում նախատեսված չէր այսօր, միայն Մաթյուիդիի փոխարեն մտադիր էի Պոգբային դաշտ դուրս բերել։

Եթե Ֆրանսիան մասնակցեր որակավորման խաղերին, ապա խմբի առաջատարը կլիներ։ Հավաքականը լո՞ւրջ է մոտենում այս ընկերական հանդիպումներին։

-Բնականաբար պատասխանատվությամբ ենք մոտենում։ Իհարկե, Պորտուգալիայի դեմ խաղից ընդամենը երեք օր է անցել, ուստի տարբերություն կա մոտեցումների մեջ, սակայն աշխատում ենք պահել ռիթմը։

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը պարտվեց 3:0 հաշվով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բեռնար Շալանդ. «Արդյունքից զարմացած չեմ. գիտեինք, որ աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ ենք խաղալու»’