‘Հայաստանի հավաքականը պարտվեց 3:0 հաշվով (տեսանյութ)’

1279

Րոպեներ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց ընկերական հանդիպումը  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Ֆրանսիայի ընտրանու միջև: Սպասվում էր գեղեցիկ ու տպավորիչ խաղ: Թեև հանդիպումը ընկերական էր, այնուհանդերձ, հայ ֆուտբոլիստները բավականաչափ շարժառիթներ ունեին լավ խաղալու և հաղթելու: Այս հաղթանակը նոր ոգևորություն և ուժ կհաղորդեր առանց առաջատարների հանդես եկող մեր հավաքականին: Հենց սրանով էլ պայմանավորված, մեր տղաները առաջին րոպեները սկսեցին մեծ ոգևորությամբ, սակայն հանդիպման 7-րդ «Չելսիում» հանդես եկող հարձակվող Լոիկ Ռեմիի խփած արագ գոլը շատ բան փոխեց:

Առաջին կեսում գրեթե հավասար պայքար էր, հաջողության հասնելու լավ պահեր ունեցան և´ ֆրանսիացիները, և´ մեր ֆուտբոլիստները, սակայն նոր գոլ չգրանցվեց։

Մի քանի անգամ հրաշալի խաղաց Ռոման Բերեզովսկին, մեկ անգամ էլ գնդակը հետ մղվեց մեր ընտրանու դարպասի ուղղահայաց դարպասաձողից։ Հաջողության հասնելու լավ պահեր ունեցան նաև Սարկիսովն ու Մարկոսը, սակայն գրոհների եզրափակիչ փուլում ինչ-որ բան չէր հաջողվում։

Երկրորդ խաղակեսում դաշտ դուրս եկավ Պոլ Պոգբան՝ փոխարինելով Բլեզ Մաթյուիդիին։ 50-րդ րոպեին մեր թիմը տուգանային հարվածի իրավունք ստացավ, սակայն Լևոն Հայրապետյանի հարվածը բարձր ստացվեց։ Չորս րոպե անց Պոգբան ստիպեց մեր տուգանային հրապարակոմ խախտել խաղի կանոններն իր նկատմամբ և 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեց, որն անվրեպ իրացրեց Մարսելի «Օլիմպիկի» հարձակվող Անդրե-Պյեռ Ժինյակը։ Քիչ անց խաղադաշտը լքեց Հայաստանի հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկին։ Նրան փոխարինեց Գևորգ Կասպաովը։ 84-րդ րոպեին փոխարինման մտած Անտուան Գրիզմանը, ով հանդես է գալիս, «Ատլետիկոյում», հաշիվը դարձրեց 3:0: Հիմնական ժամանակի ավարտից երեք րոպե առաջ դաշտ դուրս եկավ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման՝ փոխարինելով Ժինյակին։ Հաշվի մեջ նոր փոփոխություն չեղավ խաղն ավարտվեց 3:0 հաշվով հօգուտ Ֆրանսիայի։


ՀԱՅԱՍՏԱՆ – ՖՐԱՆՍԻԱ 0-3 (0-1) MC
0-1՝ Լոիկ Ռեմի 7՛, 0-2՝ Անդրե-Պյեր Ժինյակ 55՛ (11մ), 0-3՝ Անտուան Գրիցման 84՛
ՀԱՅԱՍՏԱՆ. 1.Ռոման Բերեզովսկի (12.Գեւորգ Կասպարով, 61), 3.Վարազդատ Հարոյան, 4.Տարոն Ոսկանյան, 5.Ռոբերտ Արզումանյան, 13.Կամո Հովհաննիսյան, 20.Լեւոն Հայրապետյան, 6.Կառլեն Մկրտչյան (16.Նորայր Ասլանյան, 90), 7.Արթուր Եդիգարյան (21.Արտակ Դաշյան, 58), 8.Մարկոս Պիցելի (15.Ալեքսանդր Կարապետյան, 82), 23.Արտյոմ Սիմոնյան (9.Ռումյան Հովսեփյան, 69), 11.Արթուր Սարկիսով (19.Հովհաննես Համբարձումյան, 65)
ՖՐԱՆՍԻԱ. 16.Սթիվ Մանդանդա, 2.Կրիստոֆ Ժալե, 4.Ռաֆայել Վարան, 5.Ժերեմի Մատյո, 17.Լյուկա Դին, 14.Բլեզ Մատուիդի (19.Պոլ Պոգբա, 46), 18.Մուսա Սիսոկո (11.Անտուան Գրիցման, 60), 22.Մորգան Շնայդերլին, 9.Անդրե-Պյեր Ժինյակ (10.Քարիմ Բենզեմա, 87), 12.Դիմիտրի Պայե (7.Ռեմի Կաբելյա, 60), 20.Լոիկ Ռեմի (8.Մաթյե Վալբուենա, 73)
Զգուշացում՝ Տարոն Ոսկանյան 26՛ (Հ), Արտակ Դաշյան 66՛ (Հ), Մուսա Սիսոկո 4՛ (Ֆ), Կրիստոֆ Ժալե 79՛ (Ֆ)
Մրցավար՝ Իշտվան Կովաչ (Ռումինիա)
40 ԳՆԴԱԿԻ % 60
9 (4) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 16 (5)
7 ՏՈՒԳԱՆՔ 17
3 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 14
3 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 1


Նախորդ հոդվածը‘Լիսկան ոչ թե «պատմափիլիսոփայական», այլ «պետական կառավարման փիլիսոփայության դոկտոր» է — News.am ‘
Հաջորդ հոդվածը‘Դիդյե Դեշամ. « Հատկապես առաջին կեսում լավ տպավորություն ստացա Հայաստանի հավաքական խաղից»’