‘Դիվանագիտության Ռիշելյեի և Չերչիլի բանաձևումները’

1222

Արտաքին քաղաքականության ամենանուրբ և, թերևս, ամենակարևոր ուղղությունը` բանակցային դիվանագիտությունն է: Թեկուզ այն պատճառով, որ դիվանագիտությունը` նույն ինքը բանակցությունն է: Այն երկար ժամանակ այդպես էլ կոչվել է: Բանակցությունները մեծապես կարևորել, այդ արվեստը զարգացրել և կատարելության են հասցրել հին և նոր դիվանագիտության շատ ակնառու ներկայացուցիչներ: Բոլոր ժամանակների և ժողովուրդների մեծագույն դիվանագետներից մեկը՝ կարդինալ Ռիշելյեն, սրանից երեք և կես դար առաջ արել է մի շատ կարևոր հայտնություն, այն, որ դիվանագիտական բանակցությունները պետությունների միջև պետք է լինեն շարունակական: Անկախ այն բանից նրանք պատերազմի մեջ են, թե խաղաղության` պարտավոր են բանակցել: Մեծ դիվանագետի հայտնությունն այսօր էլ չի կորցրել իր այժմէականությունը և կարող է օգտակար լինել հայկական դիվանագիտությանը: 
Ավելորդ է նշել, որ բանակցային դիվանագիտությունը առաջնային նշանակություն ունի մեր հանրապետության համար, նկատի ունենալով նրան նետված մարտահրավերները և տարածաշրջանային քաղաքական ռեալիան: 

Դիվանագետի վարպետությունը, հմտությունը և արհեստավարժությունը հիմնականում չափվում է նրա բանակցային կարողություններով, որը դիվանագետը ձեռք է բերում տարիների փորձառությամբ և նպատկասլաց աշխատանքով: Եթե այդ կարողություններին ավելացնելու լինենք լեզունների իմացությունը, էրուդիցիան, պերճախոսությունը, քննարկվող թեմային տիրապետելը ապա կստանանք դիվանագետի այն տիպարը, որին վստահում են պաշտպանելու պետական շահերը բանակցությունների ընթացքում: 

Այդուհանդերձ, այդ ամենը դեռ բավարար չէ: Այսօրվա գերգլոբալացված, գերլարված, գերսպառազինված հողագնդում, բանակցային դիվանագիտության դերն ու նշանակությունը բազմապատկվել է, եթե ոչ տասնապատկվել, քանի որ այդ գործընթացում վրիպումը կարող է ունենալ կործանարար հետևանքներ` համաշխարհային մասշտաբով: Այդ իսկ պատաճառով միանգամայն նոր պահանջներ են դրվում բանակցող դիվանագետի առջև: Ոչ սովորական ինտելեկտ, փայլուն ուղեղ, իրադրությունը արագ գնահատելու և լուծումը գտնելու հատկություն, վայրկյանական ռեակցիա, սառնասրտություն, տակտ, զսպվածություն և հավասարակշռություն, մտքերը գրավոր և բանավոր հակիրճ արտահայտելու ունակություն: 

Սա XXI դարի բանակցող դիվանագետին ներկայացնող բարոյակամային հատկանիշների ամենևին ոչ լրիվ թվարկումն է, որոնք որոշ տեսաբաններ պայմանավորում են անձի գենետիկայով: Եթե այս վարկածը դառնա նախապայման, ապա կարող է որոշ դժվարություններ հարուցել դիվանագետներ պատրաստող ուսումնական հաստատությունների համար: Համենայն դեպս թվարկված հատկանիշներից շատերն արդեն այսօր պահանջվում են դիվանագետի մասնագիտությունն ընտրած ամերիկյան դիմորդներից: Իսկ բանակցող դիվանագետի համար գերկարևոր է հատուկ հոգեբանական պատրաստվածությունը, որը լրիվ անտեսված է կադրերի պատրաստման հայկական պրակտիկավում: 

Բանակցային դիվանագիտության կատարելագործման շրջանակներում ներկայումս համաշխարհային դիվանագիտության տեսաբանները հատուկ ուշադրություն են դարձնում կանխարգելիչ կամ նախազգուշական դիվանագիտությանը: Իրադարձությունների կանխատեսումը դիվանագետի համար դառնում է պարտադիր պայման: Մարել կոնֆլիկտը սաղմում շատ ավելի դյուրին է, քան վերացնելը: Սիրիան ձեզ օրինակ: Ի դեպ, որոշ աղբյուրների կարծիքով, կանխարգելիչ դիվանագիտությունը շրջանառության մեջ է դրել Ուինստոն Չերչիլը, որն իր սովորության համաձայն այդ գաղափարը մատուցել է հումորով, ասելով որ դիվանագետի խնդիրը կայանում է նրանում, որ նա կառավարությանը հուշի, թե ինչ տեղի կունենա իրեն հյուրընկալած երկրում մի տարի, հինգ տարի, տաս տարի անց, ապա մի տարի, հինգ տարի, տաս տարի անց բացատրի, թե ինչու իր կանխատեսածը տեղի չունեցավ: Չերչիլը, մնում է Չերչիլ:

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան

diplomat.am


Նախորդ հոդվածը‘«Խոսրովի անտառ» արգելոցի աշխատակիցները լույս են սփռում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի գործունեության վրա’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում են տեղումներ’