‘Դմիտրի Սելյուկ. «Մխիթարյանը հրաշալի ու դաստիարակված տղա է»’

1151

Ֆուտբոլային ֆունկցիոներ Դմիտրի Սելյուկը պատմել է, թե ինչպես է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դադարեցրել նրա հետ համագործակցությունը եւ սկսել աշխատել իտալացի գործակալ Մինո Ռայոլայի հետ:

«Ժամանակին ես Դոնեցկի «Մետալուրգի» նախագահ Օլեգ Մկրտչյանին համոզեցի գնել Մխիթարյանին, քանի որ Հենրիխն առաջարկ ուներ նաեւ շվեյցարական ակումբներից մեկից: Նրանք գնեցին նրան, իսկ հետո ես կազմակերպեցի տեղափոխությունը «Շախտյոր»: Ֆուտբոլիստի իրավունքները բաժանել էինք այսպես՝ 50 տոկոս ակումբին, 50 տոկոս՝ խաղացողի ներկայացուցիչներին: Սակայն Մկրտչյանը որոշեց Մխիթարյանի տեղափոխության գումարն ամբողջությամբ իրեն վերցնել՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի օգնությամբ ճնշում գործադրելով Հենրիխի վրա: Նույնիսկ մասնակից դարձրին նրա քրոջը, որը Պլատինիի հետ աշխատում է ՈւԵՖԱ-ում: Այդպես հայտնվեց Ռայոլան: Մկրտչյանը Հենրիխին ստիպեց պայմանագիր կնքել Ռայոլայի հետ, եւ արդյունքում այդ 50 տոկոսը՝ 13.5 միլիոնը, բաժին հասավ նրան:

Ի դեպ, Մխիթարյանը հրաշալի ու դաստիարակված տղա է: Նրա բախտը պարզապես չբերեց, որ հայտնվեց այդպիսի իրավիճակում: «Բորուսիա» տեղափոխվելուց հետո նա ինձ ուղարկեց հաղորդագրություն, որում ներողություն էր խնդրում: Եվ մինչեւ հիմա նա թեքում է հայացքը, երբ տեսնում է ինձ»,- Դմիտրի Սելյուկի խոսքը մեջբերում էTrubina.com-ը:

Հիշեցնենք, որ 27-ամյա Մխիթարյանին ձեռք բերելու համար «Բորուսիան» 2013-ին 27.5 միլիոն եվրո էր վճարել Դոնեցկի «Շախտյորին»: Դա գերմանական ակումբի պատմության ամենաթանկ տրանսֆերն էր:

Նախորդ հոդվածը‘«Australian Open». Մարեյը, Վավրինկան, Ֆերրերը շարունակում են պայքարը’
Հաջորդ հոդվածը‘Վենգերին կընդգրկեն հակադոպինգային պայքարում’