‘Դորտմունդի «Բորուսիան» և «Վոլֆսբուրգ»-ը խաղաղ ելք կնքեցին (տեսանյութ)’

879

Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է միավորներ կորցնել Գերմանիայի առաջնությունում: Բունդեսլիգայի 16-րդ տուրում Դորտմունդի թիմը 2:2 հաշվով ավարտեց երկրորդ տեղում գտնվող «Վոլֆսբուրգի» դեմ հանդիպումը: Յուրգեն Կլոպի թիմը 2 անգամ առաջ անցավ հաշվի մեջ, բայց վերջնամասում բաց թողեց հաղթանակը:

Հանդիպման սկզբնամասում թիմերը կորցրին մեկական գոլային պահեր, իսկ 7-րդ րոպեին գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն առաջ մղեց դաշտի տերերին: Առաջին խաղակեսում տարածքային առավելություն ունեցող «Վոլֆսբուրգը» 1-2 գոլային պահ կորցնելուց հետո 28-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը: Տուգանային հարվածն անթերի իրացրեց բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն: Առաջին խաղակեսում հյուրերը կարող էին նաեւ առաջ անցնել հաշվի մեջ, սակայն թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի ժամանակ:

Ընդմիջումից հետո ավելի վտանգավոր էին ստացվում դորտմունդցիների գրոհները: «Բորուսիան» բաց թողեց գոլ խփելու մի քանի հնարավորություններ, սակայն 76-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Այնուամենայնիվ, Յուրգեն Կլոպի թիմը չկարողացավ պահպանել իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեի գոլի շնորհիվ ստացած առավելությունը, քանի որ խաղի ավարտից 5 րոպե անց բրազիլացի պաշտպան Նալդոն «Վոլֆսբուրգին» փրկեց պարտությունից:

Գերմանիայի այս առաջնությունում 9 պարտություն կրած Դորտմունդի «Բորուսիան» 15 միավորով մնաց 16-րդ տեղում: «Վոլֆսբուրգն» ունի 31 միավոր, սակայն արդեն 11 միավոր է հետ մնում առաջատար «Բավարիայից»:

Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Բորուսիա Դ.» — «Վոլֆսբուրգ»՝ 2:2

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 8, Չիրո Իմոբիլե, 76 – Կեւին Դե Բրույնե, 28, Նալդո, 85

«Հոֆենհայմ» — «Բայեր»՝ 0:1

Շտեֆան Կիսլինգ, 79

«Պադերբորն» — «Շալկե»՝ 1:2

Կաան Այհան, 31 (ինքնագոլ) – Էրիկ Չուպո-Մոտինգ, 44, Ռոման Նոշտեդտեր, 79

«Այնտրախտ» — «Հերտա»՝ 4:4

Շտեֆան Այնգեր, 43, Հարիս Սեֆերովիչ, 58, Ալեքսանդր Մեյեր, 90, 90+1 – Ջոն Բրուկս, 21, Անիս Բեն-Հատիրա, 33, Յուլիան Շիբեր, 33, Պետեր Նեյմեյեր, 80

«Բորուսիա Մ.» — «Վերդեր»՝ 4:1

Մաքս Կրուզե, 32 (11մ.), Օսկար Վենդտ, 38, Կրիստոֆ Կրամեր, 64, Բրանիմիր Հրգոտա, 89 – Զլատկո Յունուզովիչ, 51

Հեռացում՝ Լուկա Կալդիրոլա, 66 («Վերդեր»)

Նախորդ հոդվածը‘Իսպանական ոստիկանությունը բացահայտել է ԻՊ ջոկատներում կանանց հավաքագրող ցանց’
Հաջորդ հոդվածը‘«Սիստեմա»-ի ղեկավար Եվտուշենկովը ազատվել է տնային կալանքից ‘