‘Դուք երկիրը փրկեք, մենք մի կերպ կդիմանանք «վշտին»’

1942

-Ովքե՞ր են դրանք:

-Դրանք երգիչներ են, երաժիշտներ են,

ոտանավոր թխողներ են, աստղագետներ են

եւ  ուրիշ գիտնական մարդիկ:

Դրանք բոլորը գալիս են Խելքի Տոպրակների կղզուց եւ ունեն լավ-լավ հանձնարարականներ:

Ֆրանսուա Ռաբլե

«Գարգանտյուան եւ Պանտագրյուելը»

 

«...Արդեն 1941 թվականին ողջ ցամաքային Եվրոպան գրավված կամ ուղղակի կախյալ էր մարդկության համար իսկական պատուհաս դարձած խելագարի՝ Հիտլերի ֆաշիստական խմբավորման կողմից: Եւ թեպետ դրանից երկու տարի առաջ օգոստոսի 23-ին ստորագրվել էր խորհրդա-գերմանական պայմանագիրը՝ միմյանց վրա չհարձակվելու մասին, Հիտլերը  1940-ի վերջերին հաստատեց ՍՍՀՄ-ի վրա հարձակվելու իր ծրագիրը՝ «Բարբարոսսա» գարշելի ծածկանվամբ: Մեկ տարի անց, հունիսի 22-ի վաղ առավոտյան, առանց պատերազմ հայտարարելու եւ ուխտադրուժ կերպով, ֆաշիստական Գերմանիան հարձակվեց ՍՍՀՄ-ի վրա, սովետական մեծ ընտանիքին ստիպելով վարել հիրավի Մեծ Հայրենակա՛ն պատերազմ:

…Չնայած մեկ տարվա ընթացքում մոտ հիսուն պետություններ ընդգրկվեցին ստեղծված հակահիտլերյան միության կազմում, որտեղ, ՍՍՀՄ-ից բացի, առանցքային երկրներն էին Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, տարվելով իրենց շահերով, նրանք Հիտլերին տապալելու հիմնական գործը թողին հենց մե՛ր ուսերին՝ միայն 1944 հունիսի 6-ին ռեալ կերպով գիտակցելով նաեւ իրենց սպառնացող վտանգն ու բացելով երկրորդ ճակատ թշնամու դեմ: Այս քայլն անմիջապես տվեց իր պտուղները. արդեն օգոստոսին՝ Փարիզում հաղթանակեց հակաֆաշիստական ապստամբությունը:

…Չնայած հետագայում մի ավելորդ անգամ ապացուցվեց, որ իմպերիալիստները երբեք չեն փոխում իրենց գիշատչային բնույթը, այնուամենայնիվ, ստիպված ենք խոստովանել, որ եթե Ռուզվելտն ու Չերչիլը նախ Թեհրանում, ապա Յալթայում չհամաձայնեին Ստալինի հետ՝ Վերմախտի մեջքը կոտրելու համատեղ խելամիտ որոշում ընդունելով, դժվար է ասել՝ ինչ տեսք կունենար այսօր աշխարհը: Կամ կունենա՞ր որեւէ տեսք ընդհանրապես, եթե 1945-ի ապրիլի 16-ին խորհրդային զորքերը մի վերջին ճիգով չգրոհեին Բեռլինի վրա, իսկ ապրիլի  25-ին Էլբայի ափերին չհանդիպեին ամերիկյան զորամիավորումներին:

…Փա՛ռք ու պատիվ մեր հերոսներին, նաեւ մեր փոքրիկ ժողովրդին, ով ամենաշատ զոհերն ու իր փոքրաթվության հետ համեմատած՝ ամենամեծ հերոսներին տվեց Մեծ Հայրենականի տարիներին, ում զավակները հաղթական քոչարի պարեցին Ռայխստագի պատերին՝ արդեն մայիսի 8-ի, լույս 9-ի գիշերը լսելով Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի, իսկ մինչ այդ՝ ստոր շան սատակման մասին լուրը…Ես ուզում եմ, որ դուք միշտ հիշեք. այո՛, մեր ժողովուրդը շատ բան զոհեց այս պատերազմում, այո՛, երեխաները սոված էին, կանայք՝ անտղամարդ,  ուժասպառ, բայց իմաստուն չէ՞, արդյոք, այն ազգը, ով մեծ բան է զոհում՝ ամբողջը չզոհելու համար: Մի բան, որ չէր մտնում Վերմախտի հետ համագործակցող որոշ հայկական խմբավորումների տխմար եւ դավաճան ուղեղը»:

Վստահ եմ՝ զարմացած եք այս ընդարձակ մեջբերման առիթով: Ավելի՛ պիտի ձեզ զարմացնեմ՝ նշելով, որ այս մեջբերումն իմ դպրոցական տետրակից է:

Չնայած դասագրքում մանրամասնորեն նկարագրվածին՝ մեր պատմության ուսուցիչը սիրում էր իր համար կարեւոր ժամերին դասախոսություն կարդալ՝ ստիպելով մեզ գրանցել դրանք: Եւ քանի որ մասնակիցն էր Հայրենական պատերազմի՝ հընթացս սիրում էր նաեւ հուշերով տարվել եւ դասի վերջում էլ «Ոտքի՛ ել, հսկայական երկիր» երգել:

Բայց ինչու՞ եմ հիմա ի՛նքս հիշել սրա մասին՝ կհարցնեք:

Որոշ համառողների առիթով՝ «Խելքի տոպրակների կղզուց»: Նրանց, ովքեր իմ երջանկահիշատակ ուսուցիչ Արշալույս Մարտիրոսյանից ո՛չ պակաս կրքով կարող են օրերով  խոսել այն մասին, թե որքա՜ն իմաստուն էին Չերչիլն ու Ռուզվելտը, երբ կոմունիզմն ու Ստալինին ուղղակի «մարդաբանորեն ատելով»՝ կարողացան համագործակցել նրա հետ՝ ի շահ եւ ի բարօրություն մոլորակի:

Այո՛,  նրանք կարող են ուզածդ «համբերատար ականջը  հոգնեցնել» հավերժական թշնամիների ու բարեկամների բացակայության մասին  չերչիլյան իմաստնությամբ, կարող են հետին թվով վերլուծել ու ապշել Միլոշեւիչի հիմարությամբ, ով ողբերգական իրադարձությունների եւ իր հայրենիքի մասնատման պատճառ եղավ Բալկաններում: Բայց, չգիտես ինչու, նույն մարդիկ նույն ավյունով հիստերիայի եւ մաղձի գիրկն են ընկնում միայն այն պատճառով, որ երկրում սահմանադրական կարգը վերահաստատելու՝ նաեւ իրե՛նց ցանկալի նպատակով Տեր-Պետրոսյանը «համարձակվել է» Դաշնակցության, Ժառանգության եւ հատկապես Բարգավաճի հետ համագործակցելու իմաստնությունն ունենալ: Իսկ Կոնգրեսում նույնիսկ այնպիսիք կան, ովքեր հենց այս պահին Ծառուկյանի հետ քննարկումներ են վարում:

Դե, իհարկե, «Խելքի տոպրակների կղզու» երգիչներին, երաժիշտներին, ոտանավոր թխողներին, աստղագետներին եւ այլոց, ովքեր, չթաքցնենք՝  մի դեպքում ծայրից ծայր փչացած են, մյուսում՝ կրո՛ղը դիսիդենտական բարոյականության, շատ հեշտ է անել այն, ինչ անում են. ստատուսներ գրել ֆեյսբուքում, մաքրակրոնության մասին քարոզներ կարդալ, արագ զատորոշել սեւը սպիտակից, խոցողին խոցվածից, աստվածներին սատանաներից, բայց արի տես որ՝ դրանից բան չի փոխվում: Ոնց կայինք ավազակապետություն, նույնպիսին շարունակում ենք լինե՛լ:

Եւ ուրեմն, շատ չծավալվենք. երբ իրական փոփոխությունների հասնելու նույնիսկ չնչին հնարավորություն կա, երբ ոտանավոր թխողների կողմից այդչափ ծաղրված իշխանական մոնոլիտ բուրգը քանդելու գեթ մեկ տոկոս շանս է առկա, այո՛, թեկուզ  դժվարին կոմպրոմիսների գնով, Կոնգրեսը պատրա՛ստ է այդ անել:

Դե՞մ եք՝ ինքներդ կոնսոլիդացվեք ձեր սրբագույն հարթակներում եւ գործի անցեք: Հաջողեք, խնդրեմ, օ՛ր առաջ: Խոստանում եմ ոչ միայն «չխփել» ձեզ, այլեւ ձեր կողքին լինել: Նույնիսկ եթե շարունակեք «ռաբլեավարի ոտանավոր թխել» (ուր էր թե այդչափ տաղանդ ունենայիք) եւ սարսափեցնել մեզ, թե՝

Կկողոպտի ձեր վարկը Ծառուկյանը

Օր ու գիշեր կհանդիպի

Սուտ խոստումներ կտա

Արյուններդ կծծի

Կաշիներդ կքերթի,-

Վերջը իշխանությունը կհանձնի

ականջների ետեւում կանգնածին:

Ոչի՛նչ, դուք երկիրը փրկեք, մենք մի կերպ կդիմանանք Ծառուկյանի հետ հանդիպումներով հեղինակազրկվածի մեր վշտին…

Գոհար Սիմոնյան

 

Նախորդ հոդվածը‘Ինքնասպանության փորձ Կիևյան կամրջից’
Հաջորդ հոդվածը‘«Դեմ եմ»-ը նախապատրաստվում է բողոքի հերթական լայնածավալ ակցիային ‘