‘«Դվին» հյուրանոցի սեփականատիրոջ նկատմամբ որևէ տույժ կամ տուգանք մինչև օրս չի կիրառվել’

937

Երևանի «Դվին» հյուրանոցում մինչև տարեվերջ ներդրումներ չկատարելու դեպքում դրա սեփականատերը կենթարկվի պատասխանատվության: Այդ մասին, ի պատասխան «Արմենպրեսի» հարցմանը, տեղեկացրել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից: «Սի Սի Ջի Կովկասյան Կոմունիկացիոն խումբ»ՍՊԸ-ն պարտավորվել է որոշակի ժամանակահատվածում կատարել համապատասխան ներդրումներ, մասնավորապես, մինչև սույն տարվա ավարտը ներդնել 850 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Ընկերությունը համապատասխան ժամկետի ավարտից հետո պարտավոր է ներկայացնել ներդրումների կատարումը հավաստող փաստաթղթեր, հակառակ դեպքում, պարտավորություննները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, վերջինիս նկատմամբ կկիրառվի պատասխանատվություն սահմանող  դրույթ(ներ)ը»,- տեղեկացրին Պետգույքի կառավարման վարչությունից:

Հարցին, թե ինչ աշխատանքներ պետք է կատարվեն այդ գումարով, վարչությունից նշեցին, որ ներդրումների նպատակը ժամանակակից չափանիշներին համապատասխանող հյուրանոցային համալիր կառուցելն է, և տվյալ պարագայում ընկերությունն ազատ է իր կողմից իրականացվող աշխատանքների ընտրության մեջ: «Ինչ վերաբերում է գույքի բռնագրավման փաստին, ապա ընկերության կողմից պայմանագրային պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում, համապատասխան քննարկման արդյունքում, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը որոշում կկայացնի հարուցվելիք հայցի հիմքերի և առարկայի վերաբերյալ»,- նշել է վարչության ներկայացուցիչը:

Պետական մարմինը տեղեկացրել է, որ «Դվին» հյուրանոցի սեփականատիրոջ նկատմամբ որևէ տույժ կամ տուգանք մինչև օրս չի կիրառվել, քանի որ 2004 թ. կնքված պայմանագրում պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատասխանատվություն սահմանող որևէ դրույթ նախատեսված չի եղել, և նման կետեր մտցվել են միայն այս տարի կնքված համաձայնագրում:

2003 թվականին «Դվին» հյուրանոցը 3 մլն դոլարով վաճառվել է «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությանը, որի սեփականատերերից մեկը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ռուսական էստրադայի հայտնի աստղ Իոսիֆ Կոբզոնն է։ Գնորդը խոստացել էր 5 տարում կառուցել 5 — աստղանի հյուրանոց՝  ներդնելով առնվազն 30 մլն դոլար, սակայն մինչև օրս որեւէ լուրջ ներդրում չի իրականացվել: 

Նախորդ հոդվածը‘Հայաստան Մ-21-Ֆրանսիա Մ-21 ՝ 1:4 (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պայթյուն «Հայրենիք» կինոթատրոնի հարևանությամբ. Կա մեկ վիրավոր’