‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները հաշվի կառնեն հայաստանյան ՀԿ-ների մտահոգությունները’

940

«Բեկում» ժողովրդավարության աջակցության կենտրոն հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն այսօր հանդիպել են Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Հեյդի Տալյավինիին և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Հանդիպման ընթացքում «Բեկում»-ի անդամները ներկայացրել են փետրվարի 19-ին «Մարիոթ» հյուրանոցում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների ասուլիսի ժամանակ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կայացած ակցիայի դրդապատճառները: Կազմակերպության ներկայացուցիչներն ընդգծել են, որ համաձայն չլինելով փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության գնահատականների հետ՝ խնդիր են ունեցել հասարակությանը, միջազգային հանրությանը, դիտորդներին ներկայացնել իրենց այլընտրանքային հայտարարությունը:

Կազմակերպության անդամները դիտորդներին հայտնել են, որ մտահոգված են ընտրությունների վերաբերյալ վերջիններիս հնչեցրած գումարային գնահատականով և համարում են, որ այն չի արտահայտում տեղի ունեցածի իրական պատկերը: Նրանք ընդգծել են, որ ընտրությունների ընթացքում դիտորդների արձանագրած ցանկացած իրավախախտում պետք է խստագույնս դատապարտվի և հույս են հայտնել, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցում ընտրությունների վերաբերյալ գումարային գնահատականը էապես կտարբերվի փետրվարի 19-ին հնչած նախնական գնահատականից:

Մեծապես կարևորելով համամարդկային արժեքների ու իրավունքի գերակայության գաղափարի տարածումը Հայաստանում՝ «Բեկում»-ի անդամները համոզմունք են հայտնել, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կողմից ընտրական գործընթացի իրական պատկերը չարտահայտող գնահատականների հնչեցումն էապես խոչընդոտում է Հայաստանի ժողովրդավարության հաստատմանը:

Դիտորդական առաքելության ղեկավար Հեյդի Տալյավինին իր հերթին ասել է, որ իրենց մանդատը սահմանափակված է դիտորդական ֆունկցիայով, ինչի պատճառով առաքելության ներկայացուցիչները կարող են արձանագրել միայն այն, ինչ տեսնում են:  Ընտրախախտումները արձանագրելու գործում տիկին դեսպանը կարևորել է հատկապես հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների, վստահված անձանց և տեղական դիտորդների գործունեությունը: Նա նշել է, որ 57 անդամ պետություն միավորող ԵԱՀԿ-ն ոչ թե եվրոպական, այլ՝ միջազգային կառույց է և այդ կազմակերպության մաս հանդիսացող ԺՀՄԻԳ-ի կազմում աշխատում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Վերջում տիկին Տալյավինին հավաստիացրել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցի կազմման ժամանակ դիտորդական առաքելության ներկայացուցիչները հաշվի կառնեն հասարակական կազմակերպության անդամների հնչեցրած մտահոգությունները:

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին «Մարիոթ» հյուրանոցում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների ասուլիսի ժամանակ «Բեկում»ժողովրդավարության աջակցության կենտրոն հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի էր ունեցել ակցիա. քաղաքացիներն ընդհատել էին դիտորդական առաքելության ներկայացուցիչների ասուլիսը, ինչից հետո հրապարակել էին իրենց այլընտրանքային հայտարարությունը: Հայտարարությունում մասնավորապես ասված էր. «Նախօրեին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություննեը նախորդ նախագահական ընտրությունների համեմատ եղել են մեկ քայլ առաջ, երեք քայլ` հետ, երկու քայլ` աջ, կես քայլ ձախ, այն է` չեն համապատասխանել ՀՀ Սահմանադրության, Ընտրական Օրենսգրքի պահանջներին, ինչպես նաև միջազգային չափանիշներին»: Անդրադառնալով քվեարկության գործընթացին՝ քաղաքացիները նշել էին, որ «քվեարկության օրն ընտրատեղամասերը վերածվել են թատերական ներկայացման հարթակի, որտեղ քաղաքացիները դրսևորել են իրենց վերաբերմունքը գործընթացին: Այսպես, մամուլն ու սոցիալական ցանցերը ողողված են անվավեր դարձած քվեաթերթիկների լուսանկարներով: Քվեաթերթիկների վրա քաղաքացիները պատկերել են բուսական ու կենդանական, ինչպես նաև հեքիաթային ու մուլտիպլիկացիոն աշխարհի միավորներ, իսկ ընտրատեղամասերից մեկում ընտրողն ի նշան բողոքի կերել է իր քվեաթերթկը»:

Նախորդ հոդվածը‘Ազատության հրապարակը լցվում է. Հանրահավաքը կմեկնարկի քիչ անց’
Հաջորդ հոդվածը‘Հերթական բողոքի ակցիան դատախազության մոտ (տեսանյութ, ֆոտոշարք)’