‘ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ’

760

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը հանդիպում են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ Նյու Յորքում սեպտեմբերի 27-ին: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են ԵԱՀԿ լրատվական ծառայությունից, համանախագահներն ու նախարարները շարունակել են քննարկումները խաղաղության գործընթացի էության շուրջ: Համանախագահներն արտահայտել են երեք երկրների հանձնառությունն աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը` հիմնված ուժի և ուժի սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման հավասար իրավունքի սկզբունքների վրա:   

Նրանք նաև վկայակոչել են երեք երկրների նախագահների 2013թ. հունիսի 18-ի հայտարարությունը` կողմերին կոչ անելով զերծ մնալ այնպիսի գործողություններից ու հռետորաբանությունից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը տարածաշրջանում և հանգեցնել հակամարտության սրման:

Նախարարները վերահաստատել են իրենց տրամադրվածությունը շարունակելու աշխատել համանախագահների հետ` հասնելու հակամարտության խաղաղ կարգավորման: Համանախագահներն ակնկալում են այցելել տարածաշրջան նոյեմբերին` երկու նախագահների հետ քննարկելու իրենց ծրագրած բարձր մակարդակով հանդիպումն այս տարեվերջին: 

Նախորդ հոդվածը‘Կարլո Անչելոտի. «Ատլետիկոն» ունի Սիմեոնե-ֆուտբոլիստին հատուկ գծեր’
Հաջորդ հոդվածը‘Սոս Սարգսյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ‘