‘Եգիպտոսի 17 շրջաններում սկսվել է նոր սահմանադրության նախագծի քվեարկությունը’

734

Այսօր Եգիպտոսի 17 շրջաններում սկսվել է սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի երկրորդ փուլի քվեարկությունը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը : Մոտավորապես 25,5 միլիոն ընտրող պետք է հավանություն տա կամ մերժի իսլամիստների կողմից ընդունված Հիմնական օրենքի նախագծին: Ամենամեծ թվով ընտրողները գրանցված են Մեծ Կահիրեի մեջ մտնող Գիզայի շրջանում՝ ավելի քան 4,3 միլիոն մարդ: Այս փուլում քվեարկությանը մասնակցում են հարավային և Լիբիային սահմանակից շրջանները, Նեղոսի դելտայի քաղաքները, ինչպես նաև՝ ընդդիմադիր տրամադրված այնպիսի շրջաններ, ինչպիսիք են Սուեցն ու Պորտ-Սաիդը: 176 ընտրատարածքների անվտանգությունն ապահովում են մոտավորապես 85 հազար զինվորներ, ինչպես նաև՝ տասնյակ հազարավոր ոստիկաններ: Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, թե իրենք բավական թվով դատավորներ ունեն՝ հանրաքվեի երկրորդ փուլում քվեարկության ընթացքը վերահսկելու համար: Մինչդեռ արդեն հայտնի է, որ քվեարկության ընթացքը վերահսկելու իրավասություն ունեցող դատավորներից ավելի քան 1500-ը հրաժարվել է մասնակցել հանրաքվեին: ԿԸՀ-ում, սակայն, նշում են, որ չնայած այդ բոյկոտին՝ իրենց հաջողվել է մոնիթորինգի մեջ ներգրավել 10 հազարից ավելի դատավորների:

Դեկտեմբերի 15-ին կայացավ հանրաքվեի առաջին փուլը, որին մասնակցում էին 10 շրջաններ՝ 26,6 միլիոն ընտրողներով:

Հանրաքվեի արդյունքները կարող են հայտնի դառնալ արդեն կիրակի օրը:

Նախորդ հոդվածը‘Նախարար. Թերլեմեզյանի անվան քոլեջի տնօրենի նշանակման գործընթացը տեղի է ունեցել ՀՀ օրենսդրության շրջանակներում’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյանը՝ իր, Լևոն Տեր-Պետրոսյանի և Բագրատյանի առաջադրումների մասին’