‘ Եթե Տուրբոն չլիներ ՀՀԿ-ական, գործը բացահայտված կլիներ. Մամուլ’

1157

Երևանի ավագանու անդամ է դարձել նաև Տուրբո մականունով հայտնի ՀՀԿ-ական Աշոտ Պապայանը, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ծեծի էր ենթարկել «Իլուր» կայքի լրագրող Հակոբ Կարապետյանին: Ու սա այն դեպքում, երբ առ այսօր Տուրբոն անգամ որպես կասկածյալ ներգրավված չէ այդ միջադեպի առթիվ հարուցված քրեական գործում: Հակոբ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով այդ փաստին՝ ասաց. «Գործը բացահայտելու ուղղությամբ ոստիկանության դանդաղկոտության պատճառը, փաստորեն, առավել քան պարզ է. պետք էր ապահովել, որպեսզի Տարոն Մարգարյանի մտերիմ ընկեր Աշոտ Պապայանը կրկին հայտնվի Երևանի ավագանիում: 

Հասկանալի է, որ եթե Տուրբոն ներգրավվեր գործում որպես մեղադրյալ (նա առայժմ ընդամենը գործով վկա է), դժվար կլիներ ավագանու անդամ դարձնել»: Ըստ նրա՝ ոստիկանությունը կարողանում է օպերատիվ կերպով բացահայտել հասարակական կարգը խանգարած 19 հոգուն, որոնք մայիսի 6-ի գիշերը Երևանի տարբեր մասերում հրավառություն էին կազմակերպել ու պատասխանատվության ենթարկել նրանց, բայց չի կարող 20 օրվա ընթացքում բավարար ապացույցներ գտնել՝ օրը ցերեկով բազմամարդ վայրում, ոստիկանի ու Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների ներկայությամբ լրագրողի վրա հարձակված անձանց բացահայտելու համար: Կարապետյանի խոսքով, եթե Պապայանը չլիներ ՀՀԿ-ական, գործը բացահայտված կլիներ:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Հայաստանում սով է, բայց առավել շատ` արժանապատվության սով’
Հաջորդ հոդվածը‘Սպորտի նախարարը քանդել է Գ.Ծառուկյանի աշխատասենյակը. Մամուլ’