‘Լիզա Ճաղարյան. Հայաստանում սով է, բայց առավել շատ` արժանապատվության սով’

3855

Լրատվամիջոցները ցնցված եւ ահաբեկված գրում են Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցու բացման արարողությունից հետո մատաղի սեղանները վայրկյանների ընթացքում դատարկած մարդկանց մասին:

Իրոք, ծանր տեսարան էր…

Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը կիսաքաղց է  ապրում: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ դրա պատճառը համատարած թալանն է` Սերժիկ Սարգսյանի եւ նրա հանցագործ ավազակախմբի գլխավորությամբ: Այնուհանդերձ, վստահ եմ, որ սեղանները դատարկողները հենց նրանք են, ովքեր յուրաքանչյուր ընտրության ժամանակ իրենց ձայնը վաճառում են 5000-10000 դրամով:

Մի պատմություն հիշեցնեմ: Երեւի շատերը չեն մոռացել, որ քսան եւ ավելի տարի առաջ Վանո Սիրադեղյանը որոշեց հաճելի անակնկալ մատուցել երեւանցիներին: Անակնկալը մի հսկա տորթ էր, որ տեղադրվեց Կարապի լճի կենտրոնում: Ի դեպ, դեռեւս Հայաստանում ծանր սոցիալական վիճակ չէր, Ամանորից անմիջապես հետո էր, ինչը նշանակում է, որ բոլորիս տներում սեղաններին ուտելիք կար, խմորեղեն` նույնպես: Որդուս հետ գնացի կողքից նայելու ընկերոջս մատուցած տորթը երեւանցիներին: Եւ այն, ինչ տեսա` մինչ օրս չեմ մոռացել եւ երբեք չեմ մոռանա: Մարդիկ, մինչեւ ծնկները ցեխերի մեջ խրված, ուղղակիորեն տրորում էին իրար` մեկ կտոր տորթ փախցնելու համար: Մինչեւ հիմա աչքերիս առջեւից չի հեռանում շքեղ մուշտակով մի տիկին, որի ձեռքերը մինչեւ արմունկները թաթախված էին կրեմով, իրեն էլ հաջողվել էր մի հսկայական կտոր տորթ «զավթել», եւ այնպես էր քայլում ցեխերի միջով` իր տորթի կտորը վեր պարզած, կարծես` ձեռքինը Դանկոյի սիրտն էր, ինքն էլ ազգիս առաջնորդում էր դեպի պայծառ ապագա: Չմանրամասնեմ` դժբախտ պատահարներից խուսափելու համար տղաներից մեկն օդ կրակեց, եւ տորթասերներն ուշքի եկան: Վախից:

Այս պատմությունը ոչ պակաս ցնցող շարունակություն էլ ունեցավ: Նեղսրտած ու ընկճված, տղայիս սարսափահար հայացքից ամոթից «գետինը մտած» մտա Հայոց համազգային շարժման շենք: Վանոն կանգնած էր միջանցքում: Տեսավ իմ ու տղայիս լացակումած դեմքերը, մխիթարեց մեզ: Ասաց` բան չկա, Գերմանիայում էլ են նման բան արել, նույնիսկ զոհեր են եղել:

Քիչ էր մնում մխիթարվեի, մեկ էլ մի կին ներխուժեց ՀՀՇ եւ ինձ հայտնի ու անհայտ բոլոր անեծքներով ողողեց Վանոյին ու նրա ողջ ազգուտակին` բա ես էն ժամանակ, երբ որ դու Մոսկվայի բանտերում էիր, Ազատության հրապարակում էդքան կանգնեմ քեզ ազատելու համար, ինձ մի կտոր տորթ չհասնի՞… Վանոն չպատասխանեց, ճերմակեց կավճի պես ու մտավ սենյակ: Կինը շարունակեց անիծել ու անիծել…

Ինչու՞ հիշեցի այս պատմությունը: Չգիտեմ: Ով ոնց կցանկանա, թող այդպես էլ հասկանա:

Լիզա Ճաղարյան 

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Կյանքը կթանկանա մինչեւ 50 տոկոսով ‘
Հաջորդ հոդվածը‘ Եթե Տուրբոն չլիներ ՀՀԿ-ական, գործը բացահայտված կլիներ. Մամուլ’