‘ԵԽԽՎ. հանրաքվեն շատերի կողմից կարող է ընկալվել որպես «իշխանություններին/նախագահին տրված անվստահություն»’

1590

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ընդունվել է Առաջընթացի զեկույցը, որտեղ անդրադարձ կա նաեւ հայաստանյան սահմանադրական փոփոխություններին: Դրա հավելվածում նշվում է, որ ԵԽԽՎ-ն հանրաքվեն դիտարկելու համար հատուկ հանձնաժողով էր ստեղծել, եւ դեկտեմբերի 4-7-ը դիտարկել է գործընթացը: Նշվում է, որ չնայած այն պնդումներին, թե նոր Սահմանադրությունը պետք է ավելացնի ընդդիմության դերը, եւ որ Սերժ Սարգսյանը բոլոր ուժերին փոփոխությունների հարցով հրավիրել է քննարկման, հանձնաժողովի մոտ տպավորություն է ստեղծվել, որ քաղաքացիները մեծ հետաքրքրություն չեն ցուցաբերել փոփոխությունների հադեպ, եւ թվում էր, որ նրանք լավ տեղեկացված չեն փոփոխությունների բնույթի եւ հետեւանքների մասին:

Անդրադառնալով քվեարկության օրվան՝ նշվում է, որ հանձնաժողովի անդամների զրուցակիցները մտահոգություններ են հայտնել, որ գործընթացը ստվերվել է վարչական ռեսուրսի չարաշահմամբ, որը կիրառվել է փոփոխությունների օգտին, նշվում է նաեւ, որ ԵԽԽՎ հատուկ հանձնաժողովին տեղեկացրել են ՏԸԸ եւ ԸԸԸ անդամների նկատմամբ ճնշումների, ահաբեկումների մասին, նաեւ լսել են կամակերպված մեծածավալ կաշառման դեպքերի մասին: 

Հեղինակները նաեւ անդրադարձել են ընտրացուցակների խնդրին՝ նշելով, որ դրանց անճշտությունը դեռ մնում է կարեւոր հարցերից մեկը, հատկապես ընտրությունների մասնակիցների ցուցակի չհրապարակումը, ինչը, ինչպես նշվում է զեկույցում, որոշ պնդումներով՝ մանիպուլյացիաների տեղիք է տալիս եւ նպաստում Հայաստանում քաղաքական գործընթացների նկատմամբ վստահության պակասին: Նաեւ նշվում է, որ այդ խնդրի հետ կապված մտահոգությունները հայտնվել են բոլոր վերջին ընտրությունների ժամանակ: Զեկույցի հեղինակները հիշատակել են նաեւ ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով հանձնակատարին, որը խոսել է քվեարկության օրը լրագրողների դեմ կատարված բռնությունների եւ նրանց աշխատանքի խոչընդոտման մասին:

Հեղինակները նշում են, որ քվեարկությանը ցածր մասնակցությունը, հնարավոր է, արտացոլում է սահմանադրական խնդիրների նկատմամբ ընդհանուր հետաքրքրության նվազումը, կամ համընդհանուր զգացողությունը, թե քաղաքական շահերն ավելի բարձր են դասվել, քան հայկական հասարակության կարիքները: Հեղինակները գրում են, որ հանրաքվեն նաեւ շատերի կողմից կարող է ընկալվել որպես «իշխանություններին/նախագահին տրված անվստահություն»: «Այդպիսով, սահմանադրական փոփոխությունները` նախագահական համակարգից անցումը խորհրդարանական համակարգին, շատերն ընկալել են որպես ներկայիս նախագահի իշխանությունը երկարաձգելու միջոց»,- ասվում է զեկույցում:  

Հատուկ հանձնաժողովն ափսոսանքն է հայտնել, որ իշխանություններն առավել մտահոգված չեն եղել գործընթացի ամբողջականության կապակցությամբ, եւ ստիպված է նշել այնպիսի խնդիրներ, որոնք արդեն հիշատակվել են ԵԽԽՎ-ի կողմից նախկինում, Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից. ընտրացուցակների անճշտությունները, որոնք պարունակում են ոչ միայն արտերկրում բնակվողների տվյալները, այլեւ մահացած անձնց տվյալները, ինչը բերում է այն պնդումներին, որ այդ տվյալները օգտագործվել են բազմակի քվեարկությունների համար, լայնամասշտաբ ընտրակաշառքների մասին պնդումները, այլ անձանց փոխարեն քվեարկելու մասին պնդումները, ընտրողների նկատմամբ ճնշումները:

Հատուկ հանձնժողովը վերջում կոչ է արել իշխանություններին լուծել այս բոլոր խնդիրները` թե քվեարկության եւ թե քաղաքականության հանդեպ վստահության բարձրացման նպատակով` ապահովելու համար Հայաստանի իրական ժողովրդավարական ապագան:

 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի շնորհավորանքը Բանակի օրվա առթիվ ‘
Հաջորդ հոդվածը‘Տեղի է ունեցել Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հերթական նիստը’