Եղբայրասպանության երաշխիքներն էլ եք քննարկո՞ւմ

1774

Ամեն անգամ, երբ Հայաստանի իշխանություններն ու նրանց կցված անձինք Արցախի ճակատագրին անդրադառնալիս հայտարարում են, որ Ադրբեջանի հետ բանակցություններում քննարկում են արցախցիների անվտանգության եւ իրավունքների հարցերը, երկու տպավորություն է ստեղծվում․ կամ նրանք բացարձակապես որեւէ գաղափար չունեն, թե ինչի մասին են խոսում եւ ինչ են քննարկում, կամ՝ մեզ պարզապես ստում են եւ ոչ միայն ամբողջական չեն ներկայացնում բանակցային իրականությունը, այլեւ դիտավորությամբ խեղաթյուրում են՝ ներկայացնելով բանակցությունները հնարավորինս դրական լույսի ներքո։

Երբ նրանք խոսում են, որ ճանաչում են Արցախը Ադրբեջանի մաս, եւ ապա հայտարարում են, թե քննարկում են «անվտանգության եւ իրավունքների հարցերը», տպավորություն է ստեղծվում, թե Արցախը շարունակելու է ապրել առանձին եւ պարփակված, ինքն իր համար, նույն կերպ, ինչպես առաջ,  «անունով» ասելու են, որ այն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է կազմում, բայց ապրողները չեն առնչվելու Ադրբեջան պետությանը, իսկ մարդիկ էլ՝ Արցախից եւ Ադրբեջանից, երբեմն-երբեմն իրար հետ ինչ-որ տեղ՝ «սահմանագոտում» առնչվելու եւ առեւտուր են անելու ու գնան իրենց «տներով»։ Բնականաբար, սա՝ հետպատերազմյան Արցախի իրողությունները հաշվի առնելով, եղած տարբերակներից պակաս վատագույն տարբերակ է թվում։ Բայց՝ հեքիաթ։

Քանի որ ակնհայտ է, որ այդ դեպքում Արցախն ինքն իր համար, առանձնացված, Ադրբեջանից զատ չի ապրելու, դա ենթադրելու է ինտեգրացիայի լայն շրջանակ՝ ամենատարրական բաներից սկսած՝ ադրբեջանական դրամի, անձնագրի շրջանառությունից մինչեւ մնացած բոլոր ինստիտուտների գերակայություն՝ ոստիկանություն, դատարաններ, քաղաքական կառավարում եւ այլն, եւ այսպես շարունակ։  Դրանից բխող բոլոր հետեւանքներով։

Բայց որքան էլ տարօրինակ թվա՝ անգամ դրանցից ոչ մեկը սպասվող ամենալուրջ մարտահրավերը չէ, որը, հանուն Արցախը հայկական պահելու՝ տեսականորեն կարելի է ընդունել եւ փորձել հաղթահարել։

Իսկ Արցախում ապրող շատ եւ շատ սովորական մարդիկ, որոնց ձայնը լսելի չէ ամեն օր եթերում հայտնվող պաթոսաքաղաքական գործիչների գոռոցների ֆոնին, պարբերաբար փորձում են հասկանալ, քննարկում են տարբերակներ, թե վատագույն սցենարի դեպքում ինչպես կարելի է փորձել Արցախը պահել հայկական, քանի որ իրենց համար ամենակարեւորը իրենց տունն է, այստեղ ապրելն ու այս հողը դարերի ավանդույթով հայկական պահելը։

Ահա այս քննարկումների ֆոնին շատերը՝ Հայաստանում եւ Արցախում, լրջագույն մարտահրավերը Արցախում ապրող մարդկանց ֆիզիկական անվտանգությունն են համարում, բայց, ըստ իս՝ անգամ դա չէ միակ եւ ամենաանհաղթահարելի խոչընդոտը։ Կա մի շատ ավելի կարեւոր եւ զգայական մարտահրավեր, որը ոչ մի կերպ հնարավոր չի լինելու հաղթահարել, եւ/կամ բերելու է լրջագույն հետեւանքների, եթե անգամ գործարկվեն Փաշինյանի թիմի տարփողած երաշխիքների միջազգային մեխանիզմները, եւ եթե անգամ Ադրբեջանը ֆիզիկական անվտանգության սպառնալիքներ չստեղծի հետայսու։

Ենթադրենք՝ երբ արդեն թղթով Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս, Ադրբեջանը արցախցիներին ասելու է՝  մոռանանք այն ամենը, ինչ եղել է, խաղաղ, առանց սպառնալիքի ապրենք իրար հետ միասին որպես մեկ պետություն։

Ավելին, ենթադրենք՝ Ադրբեջանը անգամ փորձելու է շահել արցախցիների սիրտը եւ քաղաքական, տնտեսական, մշակութային, կրոնական ու լեզվական բազում առավելություններ է շնորհելու, ենթադրենք ՝անգամ հետ է կանգնելու արցախյան առաջին պատերազմի մասնակիցների դեմ գործեր հարուցելու մտադրությունից եւ մի գրկաբաց ընդունելություն է կազմակերպելու արցախցիների համար՝ վերջ տալով բոլոր սպառնալիքներին։  

Հիմա հարց Հայաստանի աննախադեպ խորամանկ եւ խելացի իշխանություններին․ ի՞նչ է լինելու 18 տարին լրացած արցախցի տղաների հետ, ի՞նչ է լինելու նրանց հետ, երբ կգա զորակոչի պահը, ո՞ր երկրի բանակ պիտի նրանք զորակոչվեն, ո՞ր երկրի սահմանները պիտի կոչվեն պաշտպանելու, ումի՞ց կամ անհրաժեշտության դեպքում՝ ո՞ր երկրի դեմ հարձակվեն։

Ակնհայտ է, չէ՞, որ եթե երիտասարդ տղաների զորակոչի ժամանակը գա, նրանք պիտի զորակոչվեն Ադրբեջանի բանակ․ այդ դեպքում նրանք կամ պիտի չենթարկվեն զորակոչի պահանջին ու դասալքության համար տարվեն ադրբեջանական բանտեր, կամ՝ առանց ըմբոստանալու համալրեն Ադրբեջանի բանակի շարքերը։

Ակնհայտ է, չէ՞, որ Ադրբեջանի հիմնական խնդիրը մեզ՝ հայերիս հետ է, եւ եթե Արցախի հայ տղաներին զորակոչեն ադրբեջանական բանակ, ակնհայտ է, չէ՞, որ նրանց գլխին միշտ կանգնած է լինելու հայաստանցի զինվորների դեմ կռվելու վտանգը։

Եւ բնական է, չէ՞, որ միայն արցախցիների համար Ադրբեջանը բացառություն չի անելու եւ չի հայտարարելու, թե նրանց ընդմիշտ ազատում է ծառայելու պարտականությունից։

Հիմա ՀՀ աննախադեպ իշխանությունները հասկանո՞ւմ են, որ իրենց ձեռամբ արցախցիներին կամ եղբայրասպանության են մղում կամ հայաթափության, քանի որ ինչ-որ մի պահից 18-ին մոտ եւ ավելի ցածր տարիքի տղա երեխա ունեցող ընտանիքները ստիպված են լինելու արտագաղթել Արցախից, որպեսզի նրանց զավակներին ադրբեջանական բանակ չզորակոչեն։ Եւ արդյունքում կլինի այն, որ թեեւ շատ շատերն են պատրաստ հայկական Արցախը պահելու համար բազում մարտահրավերներ հաղթահարել, եղբայրասպանության մարտահրավերի հետևանքով այդ շատերից մնալու են քչերը՝ հիմնականում տարիքով մարդիկ, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ արդեն մեկ սերունդ անց հայկական Արցախ չի լինելու։

Իհարկե, աննախադեպները կպատասխանեն, թե եղբայրասպանության կարիք չի լինելու, վասնզի, ճանաչմանը զուգահեռ, նրանք մեզ խոստանում են աննախադեպ խաղաղության դարաշրջան բերել, երբ ադրբեջանցիներն ու հայերը այլեւս չեն պատերազմելու միմյանց դեմ։

Բայց սա ավելի վատ արձագանք կլինի, քանի որ նրանց խոստումներն արդեն տեսել ենք. երբ նրանք մի աննախադեպ հրապուրիչ եւ իրենց «գլխներից մեծ» բան են խոստանում, սովորաբար մենք ավելի մեծ փորձանքի մեջ ենք հայտնվում։

 Քրիստինե Խանումյան  

Նախորդ հոդվածըԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ ՊՆ
Հաջորդ հոդվածըՆազարբաևին զրկել են իր անվամբ բուհերի և դպրոցների հոգաբարձուների խորհրդի ղեկավարի կարգավիճակից