‘Եմենը կդառնա դաշնային պետություն’

933

Եմենի նախագահին կից՝ պետական կառուցվածքի փոփոխության հարցով հատուկ հանձնաժողովը փետրվարի 10-ին հրապարակել է իր աշխատանքի արդյունքները: Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, մասնագետները եզրակացրել են, որ երկիրը միասնականից պետք է վերակազմավորել դաշնայինի: Սպասվում է, որ Եմենը կբաժանվի վեց շրջանների, որոնք ներքին քաղաքականության ոլորտում լայն լիազորություններ կունենան:

Վերջնական որոշումը կայացվել է հանձնաժողովի վերջին նիստում, որի աշխատանքներին մասնակցել է անձամբ երկրի նախագահ Աբդու Ռաբբո Մանսուր Հադին: Բացի այդ՝ խորհրդակցություններին մասնակցել են քաղաքական կուսակցությունների, ազդեցիկ ցեղախմբերի և երկրի շրջանների ներկայացուցիչները:

2012 թ.Եմենի նախկին նախագահ Ալի Աբդուլա Սալեհի պաշտոնաթողությունից հետո երկրում անկայուն վիճակ է ստեղծվել, որում իրենց մասնակցությունն ունեն սեփական նպատակները հետապնդող մի քանի անջատողական և իսլամիստական զինված խմբավորումներ: Կենտրոնական իշխանության ներկայացուցիչները մինչև վերջին պահը կտրականապես դեմ էին երկրի դաշնային դառնալուն:

1960-ական թթ. կեսերից մինչև 1990 թ. Հարավային Եմենը ինքնուրույն պետություն էր, որը սերտ կապեր էր պահպանում Խորհրդային Միության հետ: 1990-ականների սկզբին այն միավորվեց Հյուսիսային Եմենի հետ: 1994 թ. հարավցիները փորձեցին կրկին անջատվել, սակայն նրանց ապստամբությունը ճնշվեց, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Էռնստը Զեմֆիրային սպառնացել է հակընդդեմ հայցով’