‘ԵՄ-ն կարող է անվանական պատժամիջոցներ կիրառել ուկրաինացի պաշտոնյաների նկատմամբ’

866

Բրյուսելում եվրոպական երկրներից մեկի դիվանագիտական ներկայացուցչության անանուն աղբյուրին վկայակոչելով՝ ИТАР-ТАСС-ը հայտնում է, որ ԵՄ-ն կարող է անվանական պատժամիջոցներ կիրառել ըննդեմ կոնկրետ անձանց, ովքեր մեղավոր են Կիևում ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառելու մեջ:

«Իրավիճակը Ուկրաինայում լարված է և մտահոգիչ,- հայտնել է դիվանագետը,- ԵՄ անդամ երկրները տագնապով են հետևում իրադարձություններին: Իշխանությունները չպետք է թույլ տան անհամաչափ ուժի կիրառում փողոցներում իրենց դիրքորոշումը արտահայտող քաղաքացիների նկատմամբ»:

Նա նաև հավելել է,որ ԵՄ անդամ 28 երկրների ներկայացուցիչները Բրյուսելում շուտով կքննարկեն Ուկրաինայի իրավիճակը:

«Եվրամիությունը զբաղեցնում է չեզոք դիրք, սակայն կարծում է, որ անհամաչափ ուժի կիրառման համար պատասխանատուները պետք է պատիժ կրեն: Եթե դա չանի երկրի ղեկավարությունը, Եվրամիությունը ունի իր միջոցները, ներառյալ՝ եվրոպական երկրներ մուտքի արգելքը»,-հայտնել է դիվանագետը՝ հավելելով, որ տվյալ պահին Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ դեռ գոյություն չունեն: Ամեն ինչ կախված կլինի այդ երկրում իրավիճակի զարգացումից:

Հարցին, թե ԵՄ-ն ինչպես է մտադիր որոշել անհամաչափ ուժ կիրառած կոնկրետ անձանց, դիվանագետը պատասխանել է, որ այդ հարցը դեռ չի քննարկվել:

Նշենք, որ հանգստյան օրերին ԵՄ և ՆԱՏՕ ղեկավարությունը հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնցով դատապարտել է Կիևում ցույցերի ցրման ժամանակ անհամաչափ ուժի կիրառումը:

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն  Ուկրաինայի իշխանություններին և ընդդիմությանը կոչ է արել անհապաղ երկխոսություն սկսել: «Բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»,-  Twitter-ի իր էջում գրել է Ֆյուլեն:

 

Նախորդ հոդվածը‘Ըստ ոստիկանության՝ բերման են ենթարկվել 110 քաղաքացիներ ‘
Հաջորդ հոդվածը‘ՌԴ-ում Ուկրաինայի դեսպանատան մոտից բերման են ենթարկել 11 ընդդիմադիրների’