‘ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առաջարկների նախապատրաստումը’

888

Եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ առաջարկների նախապատրաստումը, որոնք ԵՄ-ն սպառնում է կիրառել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև արդյունավետ երկխոսության բացակայության պարագայում, հայտարարել է Մայա Կոսյանչիչը՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղարը: «Ես  չեմ կարող հաստատել ժամանակային շրջանակաները, սակայն կարող եմ հաստատել, որ նախապատրաստական աշխատանքներն սկսվել են»,- ասել է Կոսյանչիչը:

Հինգշաբթի Եվրոպական Միության նախագահ Հերման վան Ռոմպեյը ԵՄ արտահերթ գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել էր, թե ԵՄ-ն կարող է Ռուսաստանի նկատմամբ վիզային պատժամիջոցներ և ակտիվների սառեցում իրականացնել, եթե առաջիկա օրերին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսություն չսկսվի: Հայտարարության մեջ չի նշվում, թե ռուսաստանյան քաղաքացիների որ խմբերի նկատմամբ կարող են կիրառվել պատժամիջոցները: Իսկ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, թե հնարավոր պատժամիջոցների դեպքում վնասը փոխադարձ կլինի, քանի որ ժամանակակից աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես նշել էր, թե Ռուսաստանը հույս ունի, որ  արևմտյան երկրները կհասկանան Մոսկվայի նկատմամբ միակողմանիորեն կիրառվող պատժամիջոցների անարդյունավետությունը: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Դ!ԵՄ ԵՄ» հավաք-երթ՝ մարտի 22-ին ‘
Հաջորդ հոդվածը‘Պատրիսիա Կաասն այցելել է Երևանի կոնյակի գործարան’