‘ԵՄ պատվիրակությունը մասնակցում է շրջակա միջավայրի մաքրման միջոցառմանը ‘

1228

Սեպտեմբերի 15-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մասնակցելու է շրջակա միջավայրի մաքրման «Մենք կարող ենք» միջոցառմանը: Միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի» կողմից, նպատակ ունենալով իրականացնել «Հայաստանն առանց աղբի» համահայկական կամավորական ամենամեծ նախաձեռնությունը:

Ինչպես iLur.am-ին հայտնում են Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության մամուլի և տեղեկատվության բաժնից՝ ԵՄ պատվիրակության տասներկու աշխատակիցներ և նրանց երեխաները ևս կմիանան այս նախաձեռնությանը: Նրանք ցանկանում են մաքրել պատվիրակության հարակից Ֆրիկ փողոցը և տեսակավորել հավաքված աղբը: Պատվիրակությունն ուրախ է իր համեստ ներդրումը կատարել ավելի մաքուր Հայաստան ունենալու հարցում: Շրջակա միջավայրի պահպանումը գերակա քաղաքականություն է Եվրամիության համար:

Նշենք, որ «Մենք կարող ենք» համաշխարհային շարժման հիմքում ընկած է 2008 թվականին Էստոնիայում իրականացված մեծ համաէստոնական աղբահավաքը, որի ընթացքում ավելի քան 50 000 ակտիվիստ 5 ժամվա ընթացքում կարողացան մաքրել Էստոնիան ավելի քան 10 000 տոննա կենցաղային աղբից: 2012-ից Հայաստանը նույնպես միացել է այս էկոլոգիական շարժմանը:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ-ում կատարվում է «ցորենի ալյուր» ապրանքային շուկայի ուսումնասիրություն’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը ԱՄՆ-ից կստանա $2,5մլն ֆինանսական օգնություն’