‘Ես ի՞նչ կապ ունեմ այդ տղայի մահվան հետ. Ռուբեն Հայրապետյան’

1776

«Նուվել դ’Արմենի Մագազին» ամսագրի թղթակից Սեդա Մավյանին օգոստոսի 11-ին տված հարցազրույցի ընթացքում Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով «Հարսանքարի» միջադեպին ասել է, որ միջադեպի ժամանակ այնտեղ չի եղել: Նրա խոսքով՝ դեպքից հետո ոստիկանությունը երկու անգամ հարցաքննել է իրեն: Նա հերքել է տարածված լուրերը, թե ձերբակալվածներն իր թիկնապահներն են եղել ու հավելել է, թե ընդհանրապես թիկնապահ չունի. իրեն ուղեկցողներն իր ընկերներն են:

«Դա սարսափելի, զզվելի, հրեշավոր բան է, որ արվել է հրեշների ձեռքով: Ինձ համար դա անհասկանալի է: Տնօրենն ինձ զանգեց: Այդ օրը և ռեստորանն էր աշխատում… երկու տեղ հարսանիք կար: Մենեջերը հարսանիքի տեղից իջնում է, իմանում է, որ կռիվ է եղել, ու զանգում է ինձ», — պատմել է Հայրապետյանը՝ հրաժարվելով այլ մանրամասներ հայտնել՝ ելնելով նախաքննության շահերից:

Նա «սուտ հերյուրանքներ» է որակել այն պդնումները, թե Հայրապետյանը «Հարսնաքարի» աշխատողներին հրահանգել է՝ «սատկացրեք»: Լրագրողի հարցին, թե կապ հաստատե՞լ է զոհվածի ընտանիքի հետ, Հայրապետյանն այսպես է արձագանքել.

«Ինչո՞ւ պիտի անեի դա: Թող դա անի նա, ով կապ ունի նրա մահվան հետ: Ես ի՞նչ կապ ունեմ այդ տղայի մահվան հետ, որ կապ հաստատեմ նրա ընտանիքի հետ: Ով որ արել է դա, թող նա էլ կապ հաստատի: Մի քանի սրիկա արել է դա, թող իրենք էլ պատասխան տան»:

Ռուբեն Հայրապետյանը համոզմունք է հայտնել, թե քաղաքացիական շարժումները հեռվից են կառավարվում:

«Ինձ ասացեք, Գարեգին Չուգասզյանն ո՞վ է. Ռոբերտ Քոչարյանի շնիկը: Հրանուշ Խառատյա՞նն ով է. Ռոբերտ Քոչարյանի մարդը: Նրանք ի՞նչ պիտի անեն: Պիտի թուլացնեն, խայտառակեն, վարկաբեկեն Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանց, որպեսզի \”Բարգավաճ Հայաստանը\” Ռոբերտ Քոչարյանի հետ գա իշխանության: Ո՞ւմ համար պարզ չէ: Ոհմակ են՝ Բարգավաճ, Լևոն, բոլորը միավորվել են…»:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ի ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին, որին տեղափոխել էին «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Վահե Ավետյանը հունիսի 29-ին ժամը 19.00-ի սահմաններում մահացել է:

Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ:

Կալանավորվել է 6 մարդ՝ Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը, Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը և Արթուր Բաբլոյանը:

Նախորդ հոդվածը‘Իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են. Ռուբեն Հայրապետյանը սպառնում է’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ կառավարությունը հրաժարական տվեց’