‘Եվս մեկ «միայն փորի մասին չմտածող» հանրապետական. «Ժողովուրդ»’

24744

«ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը 2014 թվականին ներկայացրած իր հայտարարագրում նշել է, որ 1 մլրդ 129 մլն 567 հազ. դրամ և 127 հազար 173 դոլար գումար ունի: Տեղեկացնենք, որ նա՝ որպես պատգամավոր, անցած տարի ստացել է 3 մլն 47 հազար դրամ աշխատավարձ: Բացի այդ՝ Սարգսյանը 2 միլիոն 646 հազար դրամի և 46 հազար 590 դոլարի եկամուտ էլ ստացել է տարածքի վարձակալության դիմաց»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

Ինչ տարածք է վարձով տվել, որտեղից է հայտնվել այդ տարածքը` հայտարարագիրը սրա մասին խորհրդավոր լռում է: Պարզ չէ նաեւ, թե այս հանրապետական պատգամավորի կինը՝ Էլվինա Սարգսյանը, ինչպես է հաջողել տարեկան ստանալ 759 հազար դրամ աշխատավարձ, բայց 2014-ին կուտակել 2 մլն 470 հազար դրամ և 462 հազար 180 դոլար գումար, ավելին` պարտքով տված գումարներից էլ` եկամուտ ստանալ: Նա 518 հազար եվրո և 518 հազար դրամ էլ փոխառությունից է եկամուտ ստացել:

Ի դեպ, Արտակ Սարգսյանի կնոջը նույնպես «փոքրիկ» նվերներ տվողներ կան. նա 283 հազար դոլար նվեր է ստացել, բայց թե ումից` գաղտնի է պահում: «Այսինքն՝ ամուսինը պատգամավորություն է անում, կինը նվերներ ստանում, իսկ նրանց պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետն էլ «կողքից աշխատում է»: Ընտանեկան վատ բիզնես չէ»,– հեգնում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ն հերթական ռեկորդն է սահմանել’
Հաջորդ հոդվածը‘ Չավին առաջին ֆուտբոլիստն է, ով 150 հանդիպում է անցկացրել ՉԼ-ում’