‘Եվրախորհրդարանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության պակասի առնչությամբ’

914

Հոկտեմբերի 23-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանի ժամանակ խորհրդարանականները բանաձև են ընդունել հարևանության եվրոպական քաղաքականության մասին, որում վերլուծվել և գնահատվել են տարածաշրջանի երկրներում տիրող իրավիճակը և Եվրամիության հետ դրանց հարաբերությունները: Ինչպես հաղորդում է contact.az-ը, փաստաթղթի՝ Ադրբեջանին նվիրված հատվածում Եվրախորհրդարանը, մասնավորապես, ափսոսանք է հայտնում Ադրբեջանի ոչ հստակ դիրքորոշման և տատանումների կապակցությամբ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի հարցում: Եվրախորհրդարանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության պակասի առնչությամբ: Բանաձևը պնդում է, որ Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները և հետևի որոշակի չափորոշիչների` ներառյալ խոսքի, հանրահավաքների ազատությունը, ընդդիմությանն իրենց իրավունքներն օգտագործելու հնարավորության ընձեռելը: Փաստաթղթի հեղինակները նաև պնդում են քաղբանտարկյալների ազատ արձակում, քաղաքական ակտիվիստների, լրագրողների, իրավապաշտպանների հետապնդումների դադարեցում: Եվրախորհրդարանը ընդգծել է, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափորոշիչներին, և կոչ է արել անհապաղ ազատ արձակել վերջին ամիսներին ձերբակալված ընդդիմադիր ակտիվիստներին, լրագրողներին և իրավապաշտպաններին:

Աղբյուրը նշում է, որ նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ը հաղորդել է հիշյալ բանաձևի ընդունման մասին, սակայն մատնանշել է միայն այն մասը, որտեղ խոսվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերի հիման վրա ղարաբաղյան հակամարտության լուծման անհրաժեշտության մասին: Բանաձևի երկրորդ մասն Ադրբեջանի ԱԳՆ-ը, չգիտես ինչու,  «չի նկատել»:

 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Լիսկան դատարանում ‘
Հաջորդ հոդվածը‘Լիսկան փախավ դատարանի դահլիճից’