‘Լիսկան փախավ դատարանի դահլիճից’

1733

Այսօր Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայցի քննությունն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի, ում Խաչատրյանը՝ հայտնի Լիսկան, մեղադրում է զրպարտության մեջ և պահանջում 1,5 մլն դրամ փոխհատուցում: Մասնավորապես, Լիսկան զրպարտություն է համարել այն, որ «Առավոտ» օրաթերթի հունիսի 12- ի համարում Սամվել Հարությունյանը իրեն հրապարակավ մեղադրել է սպանության նպատակով Արևիկ Միրզոյանի վրա կրակելու մեջ և  ոմն Ա.Մ.-ի ներկայացրել որպես Խաչատրյանի սիրուհի, ինչպես նաև պնդել է, թե 1995 թ. Լիսկան Գորիսում հրազենային վնասվածք է հասցրել երիտասարդ Անուշավան Առուշանյանին: Սուրիկ Խաչատրյանն այս ամենը որակել է զրպարտություն:

Նախորդ դատը հետաձգվել էր, քանի որ շփոթ էր առաջացել հայցվորի և նրա ներկայացուցչին լիազորած անձի անունների հարցում (մի դեպքում՝ Սուրեն Խաչատրյան, մյուսում՝ Սուրիկ Խաչատրյան: Այսօրվա դատաքննության ժամանակ կրկին ի հայտ եկան որոշ անճշտություններ, մասնավորապես, Խաչատրյանի անձնագրի համարը չէր համընկնում հայցադիմումում նշված համարին: Դատական նիստը շարունակելու նպատակով կարիք եղավ դատարանի դահալիճ հրավիրել նախկին մարզպետին՝ Լիսկային:

Խաչատրյանը դատարանի դահլիճում անցկացրեց մոտավորապես տասը րոպե, որի ընթացքում միայն հաստատեց, որ իր փաստաբանը լիազորված է իր անձը ներկայացնելու, և հավաստիանալով, որ դատաքննությունը կարող է շարունակվել առանց իր ներկայության, կարելի է ասել՝ «փախավ» դատական նիստերի դահլիճից՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին: Արձանագրենք մի փաստ ևս. այնուամենայնիվ՝ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենան եղել է դատարանի տարածքում՝ մինչ  դատական նիստի ավարտը: 

 

Նախորդ հոդվածը‘Եվրախորհրդարանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության պակասի առնչությամբ’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելայի նախագահը հանձնարարել է Բոլիվարիական միլիցիայի թվակազմը հասցնել մեկ միլիոնի’