Եվրոպական լիգաները դեմ են ԱԱ-ն 2 տարին մեկ անցկացնելուն

381

Եվրոպական պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգաների ասոցիացիան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ դեմ արտահայտվելով աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու գաղափարին, որը սկսել է շրջանառել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան։

«Լիգաները միաձայն եւ վճռական դեմ են աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու մասին որեւէ առաջարկի։ Լիգաները կաշխատեն մյուս շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի բացառեն ֆուտբոլային ղեկավար մարմինների միակողմանի որոշումներ։ Այդպիսի որոշումները վնաս կհասցնեն ազգային մրցաշարերին, որոնք մեր ինդուստրիայի հիմքն են եւ ունեն առաջնահերթ նշանակություն ակումբների, խաղացողների եւ երկրպագուների համար Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում։

Նոր մրցաշարերը, ակումբների եւ հավաքականների մասնակցությամբ մրցաշարերի ընդլայնումը չի կարող լինել մեր խաղի ընթացիկ խնդիրների լուծում՝ հաշվի առնելով օրացույցի առանց այդ էլ գերհագեցած լինելը։

Ֆուտբոլային օրացույցը պահանջում է համաձայնեցում բոլոր շահագրգիռ կողմերի հետ եւ կարող է լինել միայն ակումբային եւ հավաքականների ֆուտբոլի, ազգային եւ միջազգային ակումբային ֆուտբոլի նուրբ հավասարակշռության արդյունք»,- նշվում է կազմակերպության հայտարարությունում։

ՖԻՖԱ-ի գաղափարին դեմ էր արտահայտվել նաեւ ՈւԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։

Նախորդ հոդվածըՄուննաթ եկեք ձեր ղեկավարների վրա. ՉԻ
Հաջորդ հոդվածըՌուսաստան — Բելառուս՝ արագացված ինտեգրում