‘Եվրոպական ուիքենդ. Էտո՛ օն շարունակում է մնալ ՄՅՈՒ-ի դահիճը. Մադրիդը մոտենում է առաջատարներին’

1219

Կատարյալ ուիքենդ «Ռեալ Մադրիդի», Սամուել Էտո՛օյի և Վիդալի համար:

Իսպանիա

«Գարրիդո, հեռացիր» վանկարկումների ներքո Մադրիդը ինքնահաստատվում է ետնապահի վրա: Եվ ցույց տալիս, որ «Բետիսի» խնդիրները Ֆելիպե Մելից չէին կախված, դա հասկանում է նաև սևիլյան թիմի ղեկավարությունը և պաշտոնանկ անում Գարրիդոյին: «Սերուցքայինների» խաղի որակն այս անգամ ավելի բարձր մակարդակի է, բայց նույն «Շալկեն» իր ոչ ամենալավ վիճակում սևիլիացիներից մի քանի անգամ շատ խնդիրներ է ունակ ստեղծել Անչելոտիի թիմի համար: Գլխավորը, իհարկե, Կրիշտիանոյի գոլի և ֆուտբոլի հանդեպ շարունակվող քաղցն է՝ «Ոսկե գնդակից» հետո, և Բեյլի տուգանայինը: Երկուսն էլ, նաև՝ Դի Մարիան, օգտվում են Անդերսենի վատ խաղից: Ավելի լավ նորություններ «մադրիդիստների» համար սպասվում էին կիրակի օրը:

Նախ՝ Բարսան ծանր հանդիպում է անցկացնում մի թիմի դեմ, ում առաջին շրջանում հաղթել էր 7-0 հաշվով: Կատալոնցիները չափազանց նյարդային են սկսում, չեն օգտագործում եզրերը, իսկ Մեսսիի գոտին չափազանց հագեցած է: Վալդեսը բաց է թողնում անկյունայինից, 7-րդը մրցաշրջանում՝ սեփական դարպասը ընդունած 13-ից: Որին Բարսան կարողանում է պատասխանել իրենց համար արդեն անծանոթ դարձած ոճով՝ անկյունայինից գոլով: Երկրորդ խաղակեսում Մեսսին երկու դեպքում չի վճռում՝ իր «Լա Լիգայում» գոլազուրկ խաղերի թիվը հասցնելով 7-ի, և Տատան որոշում է երիտասարդներին օգնության կանչել, բայց մինչ հանդիպման ավարտը փայլում է Վալդեսը, ում կատարած սեյվերը օգնում են խուսափել ավելի մեծ խայտառակությունից:

Իսկ «Ատլետիկոն» նույնպես նյարդային խաղ է անցկացնում «Սևիլիայի» դեմ: Սիմեոնեն իր նախկին թիմերից մեկի դեմ կորցնում է «ներքնակավորներին» առաջին հորիզոնական բարձրացնելու հնարավորությունը:

Արդյունքներ

Անգլիա

Մինչ տուրի կենտրոնական խաղը, որի ելքը կարծես երկկողմանի համաձայնեցվել էր այն պահից սկսած, երբ հայտնի դարձավ, որ Ռունին և Վան Պերսին չեն կարողանա խաղալ, «Արսենալն» ու «Սիթին» հերթական 3 միավորներն են վաստակում: Լոնդոնցիների կազմում կրկին փայլում են Օզիլը և Կասորլան: Իսպանացին, եթե այսպես շարունակվի, և Մատան էլ մինչ մրցաշրջանի ավարտ չհամոզի Մոուրինյոյին, կմեկնի Բրազիլիա: «Սիթին» էլ հինականում ֆիզիկական մարզավիճակի, Ագուերոյի վերադարձի (ով վնասվածքից հետո արդեն իր երկրորդ գոլի հեղինակն է դառնում), Տուրեի և Նավասի լավ խաղի շնորհիվ հաղթում է Սուլշերի թիմին՝ թեև պաշտպանությունում այդքան էլ համոզիչ խաղ չանցկացնելով:

Միավորներ է կորցնում «Լիվերպուլը», որը երկու անգամ կարողանում է հավասարեցնել «Աստոն Վիլլայի» հետ խաղի հաշիվը, բայց ավելին չի ստացվում:

Իսկ «Չելսի» — «Մանչեստերը» սկսում է այնպես, ինչպես 5 տարի առաջ ՉԼ-ի եզրափակիչը: Հռոմում նույնպես «Յունայթեդը» Սամուել Էտո՛օյի դեմ խաղի առաջին 10 րոպեներին առավելություն ուներ, որը կտրուկ փոխվում է գնդակին կամերունցու առաջին հպումներից հետո: Սամուելը «հեթ-տրիկի» հեղինակ է դառնում, ինչը, և Տորեսի վնասվածքի փաստը, նրան թերևս վերածում են հիմնական կազմի անքննարկելի խաղացողի և ստիպում Մոուրինյոյի թիմի չեմպիոնական հավակնություններին ավելի լուրջ վերաբերվել, քան, օրինակ, մրցաշրջանի սկզբում էր:

Իր հանդեպ հարգանքն է վերականգնում նաև «Տոտենհեմը», որտեղ Թիմ Շերվուդը, պարզապես, ի տարբերություն Վիլաշ-Բոաշի՝ Սոլդադոյի փոխարեն վստահում է Ադեբայորին, ում ընդամենը 7 խաղ պահանջվեց, որպեսզի այնքան գոլի հեղինակ դառնա, որքան իսպանացին 19 խաղերից հետո: Վան Գաալի մասին խոսակցությունները մինչ մրցաշրջանի ավարտ միգուցե դադարեն:

Արդյունքներ

Իտալիա

Իտալիայում մինչ բոլորի ուշադրությունը «Սան Սիրոյի» վրա էր, որտեղ իր մարզչական դեբյուտը պետք է նշեր Զեեդորֆը, նույն մարզադաշտի մեկ այլ թիմ հերթական դժգույն խաղն է անցկացնում՝ պարտություն կրելով «Ջենոայից»: Մացարիի պաշտոնանկության մասին դեռևս չի խոսվում պարզապես, երևի թե այն պատճառով, որ ավելին նրանից այս կազմի պայմաններում դժվար էր պահանջել:

Յուվեն. որտեղ շարունակում են փայլել Պոգբան ու Լյորենտեն, իսկ լավագույնը Վիդալն է( բացի երկու գոլերից, միջինում Պիրլոյից շատ է փոխանցումներ կատարում, Լյորենտեի չափ հարվածներ դարպասին, իսկ գնդակ խլելուց ամբողջ «Սերիա ա-ում» հետ է մնում միայն «Ռոմայի» Ստրուտմանից և «Սասուոլոյի» Անտեիից) հաղթում է «Սամպդորիային», որտեղ գոլի հեղինակ են դառնում բացառապես «բյանկոներիների» խաղացողները՝ Բարձալյին ինքնագոլ, իսկ Գաբիադինին պատկանում է Յուվեին:

«Սկուդետտոն» Կոնտեն դժվար բաց թողնի, որի համար այս պահին շարունակում է պայքարել միայն «Ռոման», որտեղ Նայնգոլանն ու Տոտտին պահեստայինների նստարանին են: «Նապոլին» չի կարողանում հաղթանակ տանել 10 հոգով մնացած «Բոլոնիայի» նկատմամբ. Բենիտեսը զայրացած է, քանի որ բացի Իգուաինից և Կալյեխոնից՝ ոչ ոք

այնքան չի նվիրվում իսպանացու մտքերին, ինչը ստիպում է վերհիշել Մացարիի մասին:

Ինչ վերաբերում է Զեեդորֆին, ապա հոլանդացին սկսում է «4-2-3-1» հակագրոհային համարվող դասավորությամբ, ինչից հետո միանգամից քննադատության է արժանանում շատերի կողմից՝ ինչպե՞ս կարող է հոլանդացին ապավինել հակագրոհին: Գլխավորը, իհարկե, 3 միավորներն էին, որը, ճիշտ է, նվաճվում է դժգույն խաղի պայմաններում:

Արդյունքներ

Ֆրանսիա

«Լիգա 1-ում» կենտրոնական հանդիպումը սպասվում էր «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում, որտեղ ՊՍԺ-ն հյուրընկալել էր Միշել Տեր-Զաքարյանի «Նանտին»: Փարիզցիները Իբրահիմովիչի և այլ աստղերի շնորհիվ ոչ մի շանս չեն թողնում հյուրերին և ամրապնդվում առաջին հորիզոնականում: «Մոնակոն» նույնպես վաստակում է իր 3 միավորները, բայց թե գրեթե բոլոր ֆուտբոլային և, ինչու չէ՝ ֆինանսական գործոններով զիջում է Բլանի թիմին, ինչը ստիպում է կարծել, որ Ֆրանսիայում չեմպիոնական պայքար իրականում չկար էլ:

ՊՍԺ-ն ամեն մրցաշրջան ավելացնում է, և շատ կարևոր է, որ այս տարի ՉԼ-ում ավելի բարձրանա, քան 1/4-րդ եզրափակիչն է:

Արդյունքներ

Նախորդ հոդվածը‘Իրավիճակը՝ ավտոճանապարհներին ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիա. Ով է կանգնած Հրանտ Դինքի սպանության ետևում’