‘Թուրքիա. Ով է կանգնած Հրանտ Դինքի սպանության ետևում’

824

Հազարավոր մարդիկ են երեկ դուրս եկել Ստամբուլի փողոցներ՝ պահանջելով արդարադատություն լրագրող Հրանտ Դինքին սպանողների հանդեպ: Թուրք-հայկական «Ակոս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքը սպանվել է ուղիղ յոթ տարի առաջ՝ թերթի խմբագրատան մոտ գլխին ստացած երեք կրակոցով: Նրա սպանությունը Թուրքիայում ցնցում առաջ բերեց: Երեկ հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ են մասնակցել հիշատակի երթին՝ ձեռքներին բռնած «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» ցուցապաստառներ:

Լրագրողի փաստաբանները և հարազատներն այն կարծիքի են, որ հետաքննությունը ծայրաստիճան մակերեսորեն է կատարվել, և նրանք դրա համար ուղղակիորեն մեղադրում են կառավարական կառույցներին, մասնավորապես՝ Թուրքիայի ազգային հետախուզությանը: «Նրանք բոլորը մասնակից են Հրանտ Դինքի սպանությանը: Արտաքուստ՝ ամեն ինչ կարգին է, սակայն իրականում այդ կառույցների ներսում սոսկալի բաներ են կատարվումն: Այժմ նրանց մեջ պայքար է ընթանում՝ հանուն իշխանության: Նրանց ձեռնտու չէ, որ սպանության պատմությունը նորից ջրի երես դուրս գա: Նրանք ուզում են փակել այդ պատմությունը: Հենց միայն դրա համար նրանք բոլորն էլ մեղավոր են: Հենց նրանք են ուղղորդել մարդասպանի ձեռքը, նրանք են սպանել Դինքին, իսկ հիմա քողարկում են մեկը մյուսին»,- ասել է Դինքի գործընկերներից մեկը:

Հրանտ Դինքը միշտ կառավարությանը անհաճո թեմաներ էր արծարծում՝ Թուրքիայում ժողովրդավարության, խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների, Թուրքիայում հայկական համայնքին վերաբերող հարցեր և այլն: Euronews-ի թղթակիցը Ստամբուլից երեկ հաղորդել է. «Հրանտ Դինքի ընկերների և հարազատների համար սա սոսկ հիշատակի օր չէ, այլև արդարության պահանջի օր: Նրանք պահանջում են դատել ոչ միայն նրանց, ովքեր սեղմել են ատրճանակի ձգանը, այլև նրանց, ովքեր կանգնած են այդ սպանության ետևում»:

Նախորդ հոդվածը‘Եվրոպական ուիքենդ. Էտո՛ օն շարունակում է մնալ ՄՅՈՒ-ի դահիճը. Մադրիդը մոտենում է առաջատարներին’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ եւ ԼՂՀ արտգործնախարարները Ադրբեջանի գործողությունները սադրիչ եւ անպատասխանատու են անվանել’