‘Եվրոպական ուիքենդ. Հասսելբայնկից մինչև Դիեգո Կոստա՝ «Ատլետիկոն» նոր պատմություն է կերտում’

1300

Բոլորս հիշում ենք. երբ Ռեմսին գոլի հեղինակ է դառնում, ինչ-որ կարևոր անձ մահանում է: Այս տուրում Ռեմսին նորից գոլի հեղինակ դարձավ, իսկ մահացան «Մանչեստեր Յունայթեդը», «Մանչեստեր Սիթին» և  «Ռեալ Մադրիդը», սա իհարկե կատակ է, բայց յուրաքանչյուր կատակում կա կատակի նշույլ…

Անգլիա

Սկսեցինք Ռեմսիով, շարունակենք հենց վալիացու թիմով: Վենգերի սաներն իրենց հարմար են զգում յուրաքանչյուր խաղադաշտում, փայլուն կոմբինացիոն ֆուտբոլ են ցուցադրում. Գնաբրիի գոլին, նախորդած փոխանցումներին Բարսան էլ կնախանձեր, և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Եթե Վենգերին հաջողվի նույն ռիթմով շարունակել, ԱՊԼ-ն չեմպիոնության նոր հավակնորդ կունենա: Իսկ հին հավակնորդները որտե՞ղ են: 12, 6 և 4-րդ տեղերում: 12-րդ տեղում հայտնվել է«Յունայթեդը», որտեղ Մոյեսը իրոք չգիտի՝ ինչ է անում, Ֆելաինիով, թե առանց նրա, իսկ երկրպագուները, որքան էլ որ դժգոհեն, շատ լավ հասկանում են, որ դեռևս Մոյեսի հրաժարականը պահանջել չի կարելի: «Քաղաքայինների» մոտ նույնպես խնդիրները շատ են, Պելեգրինիի սաները կամ հիացնում են, կամ հիասթափեցնում՝ այս անգամ էլ նրանք չկարողացան նույնիսկ ոչ-ոքի խաղալ վնասվածքներով լի «Աստոն Վիլլայի» դեմ:

Տուրի կենտրոնական խաղն էլ «Մոուրինյո» – «Վիլաշ Բոաշն» էր կամ «Տոտենհեմ» — «Չելսին», ինչպես կցանկանաք: Պորտուգալացի նախկին ընկերները հանդիպման սկզբում և ավարտին ամեն ինչ արեցին, որպեսզի հին բարեկամներ թվան: Իսկ այդ դրվագները բաժանող 105 րոպեների ընթացքում դիտեցին գրեթե հավասար խաղ, մինչև որ Մոուրինյոն որոշեց Մատային դաշտ նետել: Իսպանացին փոխեց հանդիպման տեմպն ու հաշիվը՝ իր գոլային փոխանցմամբ, բայց երբ «Չելսին» արդեն ավելացնում էր, մրցավարը սխալվեց և հեռացրեց  Տորեսին, ինչը կարող էր ավելի շուտ անել:

Այլ խաղերից՝ «Լիվերպուլը» Սուարեսի օգնությամբ 3 միավոր վաստակեց «Սանդերլենդի» հետ խաղում և ամենաշատը մոտեցավ «Արսենալին»: Իսկ մրցաշրջանից առաջ այս 2 թիմերին որպես ՉԼ որակավորվելու թեկնածու էլ չէին դիտարկում:

Արդյունքներ

«Տոտենհեմ» — «Չելսի» 1-1

«Աստոն Վիլա» — «Մանչեստեր Սիթի» 3-2

«Ֆուլհեմ» — «Քարդիֆ Սիթի» 1-2

«Հալ Սիթի» — «Վեսթ Հեմ» 1:0

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Վեսթ Բրոմվիչ» 1:2

«Սաութհեմփթոն» — «Կրիստալ Պելաս» 2:0

«Սուոնսի» — «Արսենալ» 1-2

«Սթոք Սիթի» — «Նորվիչ Սիթի» 0-1

«Սանդերլենդ» — «Լիվերպուլ» 1-3

Իտալիա

«Սերիա Ա-ում» նույնպես վերադասավորումներ են տեղի ունենում: Այն, որ Յուվեն և «Նապոլին» մրցաշարային աղյուսակի վերևում էին լինելու, սպասում էին բոլորը, իսկ ահա առանց Լամելա, Մարկինյոս և Օսվալդո մնացած «Ռոմայից՝» 6 խաղում 6 հաղթանակ, մեղմ ասած՝ քչերը: Ռուդի Գարսիան զարմացնում է, և ոչ միայն հարձակողական խաղով, այլև պաշտպանության գրագետ կառուցմամբ: «Բոլոնիայի» նկատմամբ 5-0 ից հետո սկսեցին խոսակցությունները հնարավոր «Սկուդետտոյի» մասին. շուտ է, բայց եթե մի քանի «եթեներ» միավորվեն՝ չի բացառվում: Առաջին լուրջ փորձությունը հաջորդ ուիքենդին է «Սան Սիրոյում» «Ինտերի» դեմ:

Թուրինյան դերբին էլ սովորականից ավելի հանդարտ է, բայց 3 միավորը, սովորականի պես, Յուվեինն է: Կոնտեն կարծես թե փորձում է սովորեցնել թիմին՝ հաղթելու առանց Պիրլոյի, դեռևս ստացվում է:

Այլ խաղերում «Նապոլին» ու «Միլանը», որտեղ Ռոբինյոն շարունակում է զարմացնել իր վրիպումներով, սպասված հաղթանակներ են տանում, իսկ «Ինտերին» նույնն անել խանգարում է վատ խոտածածկն ու կարճ պահեստայինների նստարանը:

Արդյունքներ

«Ջենոա» — «Նապոլի» 0-2

«Միլան» — «Սամպդորիա» 1-0

«Տորինո» — «Յուվենտուս» 0-1

«Ատալանտա» — «Ուդինեզե» 2-0

«Կալյարի» — «Ինտեր» 1-1

«Կատանյա» — «Կիևո» 2-0

«Վերոնա» — Լիվորնո 2-1

«Սասուոլո» — «Լացիո» 2-2

«Ռոմա» — «Բոլոնյա» 5-0

Իսպանիա

Անցյալ մրցաշրջանում նա տապալեց Մոուրնյոյին, իսկ հիմա նույնն անում է Անչելոտիի հետ: Նրա անունը Դիեգո է, և նա լավագույնս իրականացնում է իր գաղափարները դաշտում մեկ այլ Դիեգոյի օգնությամբ՝ Դիեգո Կոստայի: Բրազիլացուն իրականում կարելի է համարել համաշխարհային ֆուտբոլի լավագույն հակահերոս: Մոռացեք Պեպեի, Բալոտելլիի կամ Սուարեսի մասին, սա բոլորովին այլ մակարդակ է: Նա հայհոյում է, խփում է և խաղում այնպես, որ «ներքնակավորների» երկրպագուները մոռանում են Ֆալկաոյի մասին: Եվ ամենակարևորը կարողանում է Մատեո Լաոսին հունից հանել և դրա դիմաց կարմիր չստանալ:

Իսկ ի՞նչ են անում «սերուցքայինները». տառապում են առանց ուղեղի՝ Մոդրիչի, և տարածություններ չստանալով՝ միայն հեռվից են փորձում: Վերջում Մորատայով մի փոքր ավելացնում են, բայց ավելի մոտ 0-2-ին, քան 1-1-ին: Սիմեոնեն երկրորդ անընդմեջ դերբիում է հաղթում և ի տարբերություն Գավաթի եզրափակչի՝ այս անգամ դա անում է վստահ, կարծես հենց դրա համար էլ մտել էր խաղադաշտ: Վերջին անգամ «Սանտյագո Բերնաբեուում» «Լա լիգայի» շրջանակներում հաղթել էր Ռանյերիի օրոք, երբ նրանց կազմում էր խաղում Ջիմի-Ֆլոյդ Հասելբայնկը: «Ատլետիկոյին» ուղղակի պետք է չհայտնվել էյֆորիայի մեջ, ինչն անել Սիմեոնեն դժվար թե թույլ տա, և շարունակել նույն ոգով: Նրանք այս պահին ոչ միայն «Ռեալից», այլև «Բարսելոնայից» և նույնիսկ «Բավարիայից» ավելի լավ են պատկերացնում իրենց անելիքը. Կուրտուան դարպասներում ավելի լավն է, քան որպես դերասան:

Ինչ վերաբերում է Բարսային, ապա նրանք «մարզում» են անցկացնում «Ալմերիայի» դեմ, բայց կորցնում են Մեսսիին:

Այլ խաղերում «Վալենսիան» տառապում է, բայց նորից հաղթում, իսկ «Վիլյառեալը» առաջին պարտությունն է կրում նոր մրցաշրջանում՝ «Բարսելոնային» և «Ատլետիկոյին» թողնելով միայնակ:

Արդյունքներ

«Վալյադոլիդ» — «Մալագա» 2-2

«Վալենսիա» — «Ռայո Վալյեկանո» 1-0

«Ալմերիա» — «Բարսելոնա» 0-2

 «Ռեալ Սոսյեդադ» — «Սևիլյա» 1-1

«Ռեալ Մադրիդ» — «Ատլետիկո Մադրիդ» 0-1

«Օսասունա» — «Լևանտե» 0-1

«Սելտա» — «Էլչե» 0-1

«Էսպանյոլ» — «Խետաֆե» 0-2

«Բետիս» — «Վիլյառեալ» 1-0

Գերմանիա

«Վոլֆսբուրգը» ստիպում է Պեպի «Բավարիային» տառապել և թույլ է տալիս քննադատներին նորից արթնանալ և պնդել, որ այստեղ ամեն ինչ չէ, որ լավ է: Գվարդիոլային փրկում է Մյուլլերը, ում դերը այս մրցաշրջանում, ոչ Լամի չափ, բայց փոխվել է: 3 միավորը նվաճված է, բայց եթե միայն «Բավարիան» պարտվի..

«Բորուսիայն» էլ, ՉԼ-ի կարևորագույն խաղից առաջ՝ « «Մարսելին» կամ հաղթել է պետք, կամ էլ հաղթել», լիցքաթափվում է «Ֆրայբուրգի» դեմ խաղում: Լևանդովսկին, ով մինչ այս «Ֆրայբուրգի» դեմ անցկացրած 6 խաղում 8 գոլի հեղինակ էր դարձել, «դուբլ» է ձևակերպում և օգնում է իր թիմին հետ չմնալ «Բավարիայից»:

«Բունդեսլիգայի» առաջատարներից հետ չի մնում նաև Լևերկուզենի «Բայերը»: Հյուպյայի սաներն այս տուրում բավականին հեշտ 3 միավոր վաստակեցին: Եթե գերմանական գրանդների մեկնարկը անակնկալ չէր, «Բայերի» լավ արդյունքները մրցաշրջանի սկզբում իսկական անակնկալ են:

Արդյունքներ

«Աուգսբուրգ» — «Բորուսիա Մյունխենգլադբախ» 2-2

«Բայեր 04» — «Հաննովեր» 2-0 

«Բավարիա» — «Վոլֆսբուրգ» 1-0

«Բորուսիա Դորտմունդ» — «Ֆրայբուրգ» 5-0 

 «Հերտա» —  «Մայնց» 3:1 

«Հոֆենհայմ» — «Շալկե 04» 3-3

«Այնտրախտ» —  «Համբուրգ» 2-2

«Վերդեր» —  «Նյուրնբերգ» 3-3

 «Այնտրախտ» Բրաունշվեյգ — «Շտուտգարտ 0-4

Ֆրանսիա  

Ֆրանսիայում, բացի ՊՍԺ-ի կամ «Մոնակոյի» ելույթներից, հայ երկրպագուներին կարող է հետաքրքրել «Նանտի» ելույթները, որը գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանը: Եվ ահա, «Ռենի» նկատմամբ արտագնա հաղթանակից հետո «Նանտը» բարձրացավ վեցերորդ հորիզոնական և արժանացավ L`Equipe-ի շապիկին հայտնվելուն: Տեր-Զաքարյանի թիմում աչքի է ընկնում 26 ամյա սերբ հարձակվող Ֆիլիպ Ջորջևիչը, ով արդեն դարձել է 4 գոլի հեղինակ: Կարճ ասած, «Նանտի» և Տեր-Զաքարյանի նկատմամբ արժե ուշադիր լինել:

Իսկ «Նանտից» զատ ՊՍԺ-ն ոչ լավ ֆուտբոլ ցուցադրելով, բայց փայլուն Մոուտինյոյի շնորհիվ միևնույն է կարողացավ նվաճել 3 միավոր, իսկ «Մոնակոն» նույնը անել չկարողացավ:

Արդյունքներ

«Լորիան» — «Մարսել» 0:2

ՊՍԺ – «Թուլուզ» 2:0

«Էվիան» — «Բորդո» 1:1

«Լիոն» — «Լիլ» 0:0

«Նիս» — «Գենգամ» 1:0

«Սենտ-Էտիեն» — «Բաստիա» 2:2

«Սոշո» — «Վալենսիեն» 2:0

«Ռեն» — «Նանտ» 1:3

«Այաչո» — «Մոնպելյե» 1:1

«Ռեյմս» — «Մոնակո» 1:1

 

Նախորդ հոդվածը‘Համաներումը կտարածվի Տիգրան Առաքելյանի եւ Վոլոդյա Ավետիսյանի վրա՞’
Հաջորդ հոդվածը‘Էդիկ Բաղդասարյան. Հայաստանում մեդիան ամենավերահսկվող դաշտն է դարձել’