‘Եվրոպական ուիքենդ. Հռոմը կարմիր է, Մանչեստերը` երկնագույն’

1103

Ջոկիչը փրկում է իր երեսն ու աշխատանքը, Դի Կանիոն ներկայանում է երկրպագուների առաջ, իսկ Գվարդիոլան վերջապես «մեկնարկում է»: Այս ամենը և շատ ավելին՝ iLur.am-ի եվրոպական ուիք-էնդի տեսությունում:

Անգլիա

«Պրեմիեր լիգայում» կենտրոնական հանդիպումը, իհարկե, «մանչեստերյան» դերբին էր, որտեղ, հենց մեկնարկից, ոչ միայն «քաղաքայինների» երկրպագուները, այլև հենց իրենք՝ խաղացողները, հիշեցնում են հայտնի 6-1-ի մասին: Պելեգրինին գրոհի է նետվում հենց սկզբից՝ սովորականից բարձր օգտագործելով Տուրեին և Ֆերնանդինյոյին՝ կենտրոնում, ինչի պատճառով էլ Ռունին, ազատ տարածություններ ստանալով, անհատական փայլուն խաղ է անցկացնում, և Կոլարով-Նասրի զույգին ձախ եզրում, չնայած Վալենսիայի լավ մարզավիճակին:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Սիթին» առջևում է 4-0, և «Յունայթեդի» երկրպագուներին ստիպում է կրկնել, որ նրանք միշտ ավելի շատ կարևորել են «Լիվերպուլի» հետ հակամարտությունը, բայց ճշմարտությունն այն է, որ նման խաղով միայն Ռունին (ով տուգանայինից գոլից հետո, շրջանցելով Կանտոնային, դառնում է դերբիներում ամենաշատ գոլերի հեղինակ դարձած ՄՅՈՒ-ի խաղացողը), և  Վան Պերսին բավարար չեն չեմպիոն  դառնալու համար: Մոյեսի հասցեին քննադատությունները շարունակում են՝ «նա պարզապես չգիտի ինչ է անում» ոճով, իսկ Պելեգրինիի հասցեին միայն գովեստի խոսքեր են՝ «նա համբերատար՝ իր ֆուտբոլն է կառուցում «Սիթիում»»:

Մնացած խաղերում «Լիվերպուլը» ապացուցում է, որ «տարին ոնց սկսես, այնպես էլ կշարունակես» արտահայտությունը նրանց հետ կապ չունի. «Արսենալը», Օզիլի հետ նոր շունչ ստացած՝Ռեմզիի գոլերով շարունակում է միավորներ վաստակել. Մոուրինյոյի «Չելսին» նորից դժգույն տեսք ունի, բայց կա Օսկարը. «Տոտենհեմին» էլ հաղթանակ է բերում Պոուլինյոն: Բացի առաջատրներից էլ՝ Դի Կանիոն, «Սանդերլենդում» իր պաշտոնանկությունից առաջ, պարզ դեմքով մոտենում է երկրպագուներին՝ լսելու: Մրցաշրջանի ժե՞ստը:

Արդյունքներ

«Նորվիչ Սիթի» — «Աստոն Վիլլա» 0:1

«Նյուքասլ» — «Հալ Սիթի» 2:3

«Լիվերպուլ» — «Սաութհեմփթոն» 0:1

«Վեսթ Բրոմվիչ» — «Էվերտոն» 2:3

«Վեսթ Հեմ» — «Սանդերլենդ» 3:0

«Չելսի» — «Ֆուլհեմ» 2:0

«Արսենալ» — «Սթոք Սիթի» 3:1

«Կրիստալ Պելաս» — «Սուոնսի» 0:2

«Քարդիֆ Սիթի» — «Տոտենհեմ» 0:1

«Մանչեսթեր Սիթի» — «Մանչեսթեր Յունայթեդ» 4:1

Իսպանիա

Բարսան և «Ռեալը» հաղթում են՝ կարելի էր ասել և անցնել մնացած խաղերին, բայց «Բարսելոնայի» պաշտոնական կայքը «Ռայոյի» հետ խաղից հետո ցնցում է ամբողջ «Պրիմերան» և մտորելու առիթ տալիս Բարսայի երկրպագուներին: «Արդյոք «Տատան» անկե՞ղծ է, երբ ասում է որ չի փոխելու թիմի խաղային փիլիսոփայությունը» : Իրականությունն այն է, որ անցյալ մրցաշրջանում այս նույն մարզադաշտում Բարսան ուներ 54 % գնդակին տիրելու առավելություն, իսկ «Լա Լիգա» պաշտոնական կայքը պնդում է, որ շաբաթ օրն էլ «կուլեները», միևնույն է, ավելի շատ են տիրել գնդակին: 3 միավորը վաստակած է, բայց չափազանց ուղիղ խաղով՝ Պեդրոն «հեթ-տրիկ» է ձևակերպում ոչ դիրքային և ոչ էլ երկար խաղարկումներից հետո՝ չլսված բան: Վալդեսն էլ շարունակում է փայլել՝ հետ է մղում 11 մետրանոցը, իսկ Նեյմարը՝ դանդաղ, բայց դառնում է թիմի մասնիկը. միգուցե «Տատան» հենց բրազիլացու համար տարածություններ ստեղծելու նպատակո՞վ է նման ֆուտբոլի անցնում:  Ինչ վերաբերում է «սերուցքայիններին», նրանք կարգավորում են իրենց խաղը, բայց «Խետաֆեի» հետ խաղից կարելի է պահել միայն Կրիշտիանոյի կրնկով գոլը:

Առաջատարներից երկրորդը՝ ամբողջովին սև հագնված Սիմեոնեի «Ատլետիկոն», «Խոսե Զոչրիլյայում» իր խաղով մարզչի կերպարին ավելի մաֆիոզի բնույթ է հաղորդում: Դիեգո Կոստան և նրա խաղընկերները համբերում են՝ որքան որ պետք է, որպեսզի հանգիստ սպանեն մրցակցին: Եթե ՉԼ-ն չխանգարի, «ներքնակավորները» իրոք կարող են պայքարել չեմպիոնության համար: Իսկ մինչ այդ՝ միակ թիմը, որը նախկինում իրեն թույլ էր տալիս խառնվել կատալոնամադրիդյան գործերին՝ «Վալենսիան», փորձում է դուրս գալ ճգնաժամից: «Սևիլյայի» դեմ բավականացնում են Բանեգան (ով ապագայում կարող է ավելի քիչ սխալվել, քան Չավին) և Ջոնասը, բացի նրանցից՝ լավ հանդիպում է անցկացնում 20-ամյա Ֆեդեն:

Արդյունքներ

«Օսասունա» — «Էլչե» 2-1

«Ռեալ Սոսյեդադ» — «Մալագա» 0:0

«Ալմերիա. — «Լևանտե» 2:2

«Ռայո Վալյեկանո» — «Բարսելոնա» 0:4 

«Վալյադոլիդ» — «Ատլետիկո Մադրիդ» 0:2

«Բետիս» — «Գրանադա» 0:0

«Սելտա» — «Վիլյառեալ» 0:0 

«Ռեալ Մադրիդ» — «Խետաֆե» 4:1

«Վալենսիա» — «Սևիլիա» 3:1

Գերմանիա

«Բավարիան» ուշ թե շուտ, բացի արդյունքից՝ լավ ֆուտբոլ էլ կցուցադրի, եթե Սամերը չորոշի ավելի շատ խառնվել Պեպի գործերին: Եթե Մատյասին ոչ մեկը չվերահսկի, նա կարող է նաև «փիլիսոփայի» Բոատենգին ոգևորելու միջոցներին էլ դեմ արտահայտվել: Գվարդիոլայի ընդդիմախոսները կարող են պնդել, որ «Բավարիան» խաղի ելքը վճռեց ոչ կատալոնցու ոճով՝ 1 րոպեի ընթացքում երկու գլխով գոլ՝ անկյունայինից և հակագրոհից: ՉԼ-ում այլ գրանդների հետ հանդիպումներին դեռևս շատ ժամանակ կա, որպեսզի պարզվեն «Բավարիայի» իրական կարողությունները:

 

Կլոպը «Նապոլիից» կրած պարտությունից ուշքի չի գալիս և «Նյուրնբերգի» հետ խաղում որոշում է ցույց տալ, որ այդքան էլ կարճ պահեստայինների նստարան չունի: Ընդհանուր առմամբ՝ «Բորուսիայի» մարզչի որոշումներից կարելի է նույնքան զարմանալ, որքան ինքը Կլոպը զարմացավ՝ խաղի ժամանակ ստորագրություն խնդրող անձնավորությունից:

Արդյունքներ

«Բորուսիա Մյունխենգլադբախ» — «Այնտրախտ» Բրաունշվեյգ 4-1

«Ֆրայբուրգ» — «Հերտա» 1:1 

«Շտուտգարտ» — «Այնտրախտ» 1:1

«Համբուրգ» — «Վերդեր» 0:2

«Հաննովեր» — Աուգսբուրգ 2:1 

«Մայնց» — «Բայեր 04» 1:4 

«Նյուրնբերգ» — «Բորուսիա Դորտմունդ» 1:1 

«Վոլֆսբուրգ» — «Հոֆենհայմ» 2:1 

«Շալկե 04» — «Բավարիա» 0:4

Իտալիա

«Օլիմպիկոն» կիսով չափ դատարկ է՝ «արծիվների» երկրպագուները բողոքի ակցիա են կազմակերպել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ և որոշել են 5 րոպե ուշ ներկայանալ: Այդ ընթացքում «Ռոմայի» հրաշալի հիմնը և Ռուդի Գարսիայի սաների դեմքերը խոսում են այն մասին, որ այսօր նրանք են թելադրելու՝ Գավաթի եզրափակչում կրած պարտության ցավը դեռ մնում է: «Ռոման» նորից առանց կենտրոնական հարձակվողի է, և Ժերվիյոյի հետ «գայլերը» ոչինչ չեն կարողանում ստեղծել Մարկետտիի դարպասների մոտ: Ընդհանրապես, առաջին խաղակեսում ֆուտբոլ գրեթե չկա. երկրորդում Տոտտին և Գարսիան իրար ավելի լավ են հասկանում, և մարզիչը հզորացնում է առջևի գիծը Լյայիչով, ով նոր շունչ է տալիս հենց ավագին: Արդյունքում՝ սերբն ու Տոտտին ակտիվության 5 րոպեներ են անցկացնում, և Բալձարետտին երկրորդ փորձից պայթեցնում է «Curva Sud-ի» «ռոմանիստաներին»: Պետկովիչը փորձում է պատասխանել փոփոխություններով, բայց Կլոզեն, միևնույն է, ավելի միայնակ է, քան Դե Նիրոն՝ «Տաքսիստում»: Անդրե Լուիսը «Լացիոյին» 10 հոգով է թողնում, ինչը չի խանգարում «արծիվներին» գոլային հնարավորություն ստեղծել, Դե Ռոսին, ինչպես միշտ, հասցնում է. Լյայիչն էլ, Ստորտմանից խնդրելով գնդակը, արժանանում է դերբիում 11 մետրանոցից գոլերի քանակը բացելու պատվին: Խաղից հետո Ռուդի Գարսիան  հայտարարում է, որ դարձավ «ռոմանիստա», իսկ Բալձարետտին նշում է, որ գոլից հետո հիստերիկայի մեջ էր. դա երևում էր:

 

Տուրի երկրորդ կենտրոնական խաղում «Նապոլին» «Սան Սիրոյում» հենց սկզբից դրսևորվում է որպես տանտեր: «Միլանի» վնասվածքները թույլ չեն տալիս, որպեսզի Սապատան և Մեքսեսը կարողանան հսկել Իգուաին-Ինսինյե զույգին: Առջևում Ալեգրիի սաները այդքան էլ անօգնական չեն, և Մատրին չի սխալվում՝ ասելով, որ երեկ նրանք մրցաշրջանում իրենց լավագույն խաղն անցկացրին. մի փոքր ցավալի է, իսկ վատերը, պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսին են եղել: Երկրորդ խաղակեսի սկզբում Իգուաինը, չնայած «Միլանի» հետագա տանջանքների, փակում է հաղթողի հարցը: Բայց նշանակալից իրադարձության համար տեղ մնում է՝ Բալոտելին առաջին անգամ իր պրոֆեսիոնալ կարիերայում չի կորողանում իրացնել 11 մետրանոց հարվածը. ավելացրած ժամանակում Մարիոն հասցնում է «պատժել» Ռեյնային, բայց մրցավարի սուլիչից հետո նորից ցնորվում է. կարմիր քարտ, Ալեգրին դժգոհ է:

Այլ խաղերում «Ինտերը» շարունակում է աճել և փայլուն Ռիկի Ալվարեսի հետ ջախջախում է «Սասուալոյին»՝ շատ ցածրակարգ թիմ է «Սերիա Ա-ի» համար, իսկ Յուվեի դարպասին ուղղված 15 հարվածներից երկուսն է արդյունքի հասնում՝ Լյորենտեին ավելի հաճախ արժե օգտագործել:

Արդյունքներ

«Կալյարի» — «Սամպդորիա» 2:2

«Կիևո» — «Ուդինեզե» 2:1 

«Ջենոա» — «Լիվորնո» 0:0

«Սասուոլո. — «Ինտեր» 0:7

«Ատալանտա» — «Ֆիորենտինա» 0:2

«Բոլոնյա» — «Տորինո» 1:2 

«Կատանյա» — «Պարմա» 0:0

«Յուվենտուս» — «Վերոնա» 2:1 

«Ռոմա» — «Լացիո» 2:0

«Միլան» — «Նապոլի»

Ֆրանսիա

«Պարկ դե Պրենսում» մեծ տառերով գրված է՝ «Այստեղ Փարիզն է»: Անցյալ մրցաշրջանում այստեղ ոչ միայն Փարիզի, այլև ամբողջ Ֆրանսիայի լավագույններն էին, բայց այս տարի կա Ռիբոլովլևի «Մոնակոն»:

Մոնեգասկները Փարիզ էին ներկայացել առաջատարի դերում, և Ռանիերին, ով իր կազմում հավաքագրել է բազմաթիվ աստղերի, որոնց թվում՝ ներկայիս լավագույն «9-երից» մեկը՝ Ֆալկաոն և իր առողջական խնդիրները մոռացող Աբիդալը: ՊՍԺ ի դեմ խաղին, Ռանիերին,՝ ինչպես յուրաքանչյուր իտալացի նման խաղերում, կստորագրեր ոչ-ոքիի դիմաց:

 

Փարիզցիները լավ են մեկնարկում, և արդեն 5-րդ րոպեին Տյագո Սիլվան և Մաքսվելը Իբրայի համար իր մարտարվեստներին տիրապետելու հնարքները դրսևորելու հնարավորություն են տալիս՝ 1-0: Ջախջախման վտա՞նգ, ո՛չ, «Մոնակոն» բավականին արագ սթափվում է. Ֆալկաոն 21-րդ րոպեին որսում է այնպիսի գնդակ, որը միայն իսկական «քիլլերներն» են կարողանում որսալ: Խաղը հանդարտվում է, և երևում է, որ երկու թիմերն էլ դեմ չեն թողնել ամեն ինչ այսպես՝ մինչ իրար դեմ կայանալիք երկրորդ հանդիպումը: Բլանը խաղից հետո արդարանում է, որ նրանք ավելի մոտ էին հաղթանակին, իսկ Ռանիերին գոհունակություն է հայտնում 1 միավորի համար, որը նրանց թույլ է տալիս շարունակել գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Մնացած խաղերում «Մարսելն» ու «Սենտ Էտյենը» ծանրագույն խաղերում միավորներ են կորցնում «Բաստիայի» և «Թուլուզի» դեմ խաղում՝ չօգտվելով առաջատարներին մոտենալու հնարավորությունից:

Արդյունքներ

«Սենտ Էտիեն» — «Թուլուզ» 1-2

«Բաստիա» — «Մարսել» 0:0

«Էվիան» — «Մոնպելյե» 2:2 

«Ռեյմս» — «Գենգամ» 1:1 

«Ռեն» — «Այաչո» 2:0

«Սոշո» — «Լիլ» 0:2

«Լորիան» — «Բորդո» 3:3

«Լիոն» — «Նանտ» 3:1 

«Նիս» — «Վալենսիեն» 4:0

ՊՍԺ — «Մոնակո» 1:1 

 

 

Նախորդ հոդվածը‘«Նախախորհրդարանը» հետաձգում է սեպտեմբերի 26-ին նշանակված հանրահավաքը’
Հաջորդ հոդվածը‘Եթե ասեմ՝ Մխիթար Սպարապետին սպանելու հրամանը ես եմ տված եղել, 14 տարի՞ են տալու ինձ’