‘Եվրոպայի տարվա լավագույն 11-ը՝ ըստ iLur.am-ի ‘

1178

iLur.am-ը ներկայացնում է կայքի վարկածով եվրոպական ֆուտբոլի տարվա լավագույն կազմը, ըստ “4-3-3” խաղային դասավորվածության:

Բուֆֆոն

«Լեչե»-ի դեմ թույլ տվեց Վալդեսի ոճով սխալ, որը կարող էր Յուվեի վրա արժենալ 28-րդ «Սկուդետտո»-ն, բայց բացի այդ սխալից, 34 տարեկանում անցկացրեց իր լավագույն մրցաշրջաններից մեկը` «Սերիա Ա»-ի 2011-2012 մրցաշրջանում բաց թողնելով ընդամենը 16 գնդակ, 21 խաղում անառիկ պահելով սեփական դարպասը: Որոշիչ էր նաև Եվրո 2012-ի շրջանը, որի ավարտին Ջիջին ընգրկվեց մրցաշարի պաշտոնական լավագույն կազմի մեջ: Չնայած իր տարիքին, Յուվեն և Իտալիայի հավաքականը կարող են դեռ 3/4 մրցաշրջան հանգիստ լինել սեփական դարպասների համար:

Բրանիսլավ Իվանովիչ

«Չելսի»-ի «ավտոբուս»-ի ամենակարևոր գործող անձանցից մեկը, ով փոխեց Դի Մատեոյի թիմի խաղաշրջանի ընթացքն ու տրամադրությունը «Նապոլի»-ի դեմ խփած գոլով: Լինելով բավականին արագ և խելացի եզրային, հաճախ էր օգնում կենտրոնական պաշտպաններին և Չեխին՝ մի քանի անգամ գնդակը հանելով դատարկ դարպասից: Լավագույններից էր նաև «ազնվականներ»-ի համար պատմական դարձած՝ Բարսայի դեմ դիմակայություններում, որտեղ ստացած դեղին քարտերի պատճառով բաց թողեց մյունխենյան եզրափակիչը:

Անդրեա Բարձալյի

Մեր կազմում ընդգրկած ֆուտբոլիստներից ամենա ոչ-աստղայինը: Փայլուն էր դրսևորվում Կոնտեի՝ ինչպես «4-4-2»-ում, այնպես էլ 3 պաշտպանով խաղի ժամանակ: Կյելինիին կամ Բոնուչիին գերազանցում էր բոլոր հատկանիշներով, բացի արագությունից, որը լրացնում էր դիրքային խաղի շնորհիվ: Մասնակցեց նաև հավաքականի կազմում Եվրո 2012-ի «փլեյ օֆֆ»-ի բոլոր հանդիպումներին: Շատ ափսոս, որ գրանդ ակումբ տեղափոխվեց միայն 30 տարեկան հասակում, այլապես իտալացիները կարող էին ունենալ հերթական Նեստա/Կանավարո զույգի կարգի ևս մեկ պաշտպան:

Մատս Հյումելս

Կլոպի «Բորուսիա»-ի ամենակարևոր կետերից մեկը, ով տարվա ընթացքում կատարելագործեց իր խաղը սեփական տուգանայինում, օգնելով իր թիմին ձևակերպել ոսկե դուբլ: 24 ամյա Հյումելսին, ումից ժամանակին հրաժարվել էին Մյունխենի «Բավարիա»-ում, ամենաարագ աճող կենտրոնականներից մեկը: Հաճախ տպավորություն է ստեղծվում, որ Կլոպը նրան որպես կառուցող է օգտագործում՝ նկատելի ունենալով նրա փայլուն մեկնարկային փոխանցումը: Ամռանը մասնակցեց իր առաջին խոշոր մրցաշարին, որի ժամանակ ընդամենը մեկ անգամ սխալվեց իտալացիների դեմ կիսաեզրափակչում: Գտնվելով այսպիսի խաղամակարդակի վրա՝ ցանկացած պահի կարող է տեղափոխվել «Բարսելոնա» կամ «Մանչեստեր Յունայթեդ», որտեղ արդեն փոշմանում են ամռանը նրան ձեռք չբերելու համար:

Ժորդի Ալբա

Բարսայի կանտերանոն Էմերի «Վալենսիա»-ի ձախ եզրը կիսելով Մատյուի հետ, մեկ մրցաշրջանի ընթացում վերածվեց որպես Եվրոպայի լավագույն ձախ եզրային պաշտպան: Իսպանիայի հավաքականում հաջողությամբ փոխարինեց Կապդեվիլյային և դարձավ Եվրոյի գլխավոր հայտնությունը, որի եզրափակչում իր հրաշալի պոկումից հետո գոլով «փակեց» հաղթողի հարցը: Վերադառնալով Բարսա՝ ապացուցում է, որ շատ ավելի կայուն է, քան նույն Գարեթ Բեյլը, կատալոնական թիմում կատարելագործում է իր խաղը նաև պաշտպանությունում: Աբիդալին շատ բարդ կլինի մրցակցել նրա հետ:

Պիրլո

Լքելով «Միլան»-ը 33 տարեկանում, Յուվեում վերգտավ իր երիտասարդությունը և թուրինցիներին հասցրեց չեմպիոնական տիտղոսին: Անթերի էր դաշտի 70 մետր հատվածում՝ սեփական տուգանայինից մինչև մրցակցի տուգանային: «Նկարիչ»-ը լավագույնն էր նաև Եվրոյի ընթացքում և եթե եզրափակչի համար 2 օրից ավել ժամանակ ունենար հանգստի, շատ հնարավոր է որ Իսպանացիների դեմ խաղը այլ ընթացք ունենար և հենց Պիրլոն ճանաչվեր մրցաշրջանի լավագույն խաղացող: Կոնտեն այս մրցաշրջանում ավելի հաճախ է Անդրեային հանգստի հնարավորություն ընձեռում՝ նախապատրաստելով նրան մրցաշրջանի վճռական փուլի համար:

Չավի

Անցկացրեց հերթական կայուն մրցաշրջանը, որն իր համար ամենաարդյունավետն էր խփած գնդակների առումով: Եվրոյի ժամանակ մի փոքր հոգնած տեսք ուներ, բայց եզրափակչում ապացուցեց, որ հենց նա է վերջին 5 տարիների լավագույն կառուցողը աշխարհում: Վիլանովայի Բարսայի ավելի «ուղիղ» ֆուտբոլի պայմաններում մի փոքր դերը փոխվել է, և խաղեր են լինում, որտեղ Սեսկը ավելի ազդեցիկ դեր է կատարում, բայց միևնույն է՝ շարունակում է համարվել “տիկի տակա”-ի գլխավոր էացնողը իր 97-98 % ճշգրիտ փոխանցումներով:

Ինյեստա

Երևի թե Զիդանից հետո ամենայուրահատուկ և էլեգանտ խաղացողը, որ կա եվրոպական ֆուտբոլում: Անդրեսին տարվա սկզբում տանջում էին մկանային վնասվածքները, որի պատճառով մեծապես տուժեց Բարսան, բայց ամռանը ամբողջովին կարգավորեց իր խնդիրները և դարձավ Եվրո 2012-ի լավագույն խաղացող: Օգոստոսին վերջապես արժանացավ իր առաջին անհատական` ՈՒԵՖԱ-ի տարվա լավագույն խաղացող  մրցանակին, շրջանցելով Մեսսիին և Ռոնալդուին:

Մեսսի

Կարող ենք աննկարագրելի երկար խոսել թե ինչպես է նա ամեն մրցաշրջան ավելի և ավելի կատարելագործում իր խաղը տարբեր խաղային գործոններում, բայց ինչպես Ջեյ- Զին է ասում՝ «Տղամարդիկ ստում են, կանայք ստում են, իսկ թվերը՝ ոչ»: Իսկ թվերը մեզ ասում են, որ Լեոն 2012-ի ընթացքում խփել է 91 գնդակ և կատարել 22 գոլային փոխանցում, որոնց ժամանակ գերազանցել է 10-ից ավել ռեկորդային ցուցանիշներ: Չնայած բարսաատյացները կշարունակեն ձեզ հավաստիացնել, որ Մեսսին նույնը չէ հավաքականի կազմում և շարունակում է կախվածություն ունենալ ՉավԻնյեստա զույգից, բայց այս տարի նրա խաղն ազգային հավաքականի կազմում նույնիսկ ավելի տպավորիչ էր, քան Բարսայի կազմում և երկրպագուները նրան սիրում են Դիեգոյի պես, իսկ ՉավԻնյեստան նրա խփած գնդակներից միայն 14-ում է գոլային փոխանցում կատարել: Մի բան պարզ է՝ պակասում է միայն աշխարհի գավաթը, որպեսզի համարվի բոլոր ժամանակների գնդակով ամենակատարյալ անձնավորությունը:

Ռոնալդու

Պորտուգալացին պետք է ուրիշ մոլորակ կամ գոնե ուրիշ առաջնություն փնտրի իր համար, որպեսզի ինչ որ ձևով դուրս մնա Լեոյի ստվերից: Անցկացրեց փայլուն մրցաշրջան, որի ընթացքում որոշիչ էր նաև կարևոր խաղերում, ինչը նախկինում չէր անում: Օգնեց Մոուին շրջանցել Պեպին, իսկ ազգային հավաքականի կազմում հասավ մինչև Եվրոյի կիսաեզրափակիչ, որտեղ, իր կարծիքով, իրենք անարդարացիորեն պարտվեցին իսպանացիներին:

Ֆալկաո

Տրեզեգե, Ռոնալդո, Ռուդ Վան Նիստելռոյ, Վյերի, Կրեսպո, Բատիստուտա, Ռաուլ… Կարելի երկար շարունակել այն ֆուտբոլիստների շարքը, որոնց տեսակը վերանում է այժմյան ֆուտբոլում, կոլոմբիացին այն եզակի դասական «9» համարի նմուշներից է, մինչև բոլորը կանցնեն Պարեիրայի կանխատեսած՝ «4-6-0» առանց մաքուր հարձակվողի խաղային սխեմային: Երկրորդ տարին անընդմեջ դարձավ Եվրոպայի Լիգայի լավագույն ռմբարկուն և  ամենայն հավանականությամբ անցկացնում է իր վերջին մրցաշրջանը Մադրիդի «Ատլետիկո»-ում:

Այսպիսին է, մեր կարծիքով, տարվա թիմի պահեստայինների կազմը:

Հարտ, Լամ, Ռամոս, Կոմպանի, Բեյլ, Յայա Տուրե, Խեդիրա, Մատա, Ռոյս, Վան Պերսի, Իբրահիմովիչ:

 

 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Բարսեղյան. Մտքովս չէր անցնի, որ քաղաքի տղեն իր բնակչի դեմ նման բան կանի ‘
Հաջորդ հոդվածը‘«Չի հաջողվի բոլորին բթացնել այնքան, որ Սերժ Սարգսյանը վերածվի ազգային կուռքի կամ փրկչի» ‘