‘Եվրոպան հոգնել է ներգաղթյալներից’

1159

Ժամանակն է, որ Եվրամիությունը փոխի միգրացիոն քաղաքականությունը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, որի կարծիքով՝ հարկավոր է սահմանափակել ԵՄ քաղաքացիների տեղաշարժը մի երկրից մյուսը՝ աշխատանքի փնտրտուքով: Բրյուսելը կտրականապես դեմ է նման նախաձեռնություններին, քանի որ դրանք հակասում են Եվրամիության հիմնարար սկզբունքներին: Սակայն կան նաև երկրներ, որոնք պաշտպանում են Քեմերոնի այս գաղափարը: Եվրոպական կառավարությունները, մի կողմից՝ հասկանում են, որ իրենք չեն կարող առանց ներգաղթյալ աշխատուժի, սակայն, մյուս կողմից՝ նրանք չեն ուզում նպաստներ վճարել օտարերկրացիներին, որոնց մեջ քիչ չեն, այսպես կոչված՝ սոցիալական զբոսաշրջիկները՝ այն մարդիկ, ովքեր զարգացած երկրներում ոչ թե աշխատանք են փնտրում, այլ սոցիալական նպաստներ:

Ըստ Քեմերոնի՝ եթե միգրանտները կես տարվա ընթացքում  չեն կարողանում աշխատանք գտնել, նրանց պետք է արտաքսել երկրից: Նրանք նաև չպետք է հավակնեն նպաստների կամ սոցիալական այլ վճարների: Թափառական կամ մուրացիկի կյանք վարող օտարերկրացիները նույնպես պետք է վտարվեն, և հաջորդ 12 ամիսներին պետք է արգելվի նրանց մուտքը երկիր: Քեմերոնի կառավարությունը նաև ուզում է, որ ԵՄ ներգաղթյալները վճարեն բրիտանական առողջապահական համակարգի ծառայությունների համար:

Անցյալ տարի Մեծ Բրիտանիայում բնակվել է 4,9 միլիոն օտարերկրացի (բնակչության 7,9 %-ը): Դրանցից 1,27 միլիոնը Արևելյան Եվրոպայից ժամանածներն էին, որոնց կեսից ավելին էլ՝ 679 հազարը՝ լեհեր, ինչը կազմում է Մշուշոտ Ալբիոնում բնակվող բոլոր արտասահմանցիների 14 %-ը: Պատահական չէ, որ Քեմերոնի առաջարկներին առաջինն արձագանքել է Լեհաստանի՝ Եվրոպայի հարցերով նախարարը, որն սպառնացել է արգելափակել Քեմերոնի նախաձեռնությունը, եթե այն հավասարապես չտարածվի նաև բրիտանացիների վրա: Նա հայտարարել է, որ լեհական կառավարությունը պատրաստ է քննարկել Մեծ Բրիտանիայի տարածքում Լեհաստանի քաղաքացիների կողմից թույլ տրված խախտումները, սակայն երբեք չի համաձայնի ազգային հատկանիշներով խտրականությանը:

Իհարկե, Լոնդոնին չի հաջողվի ստանալ ԵՄ բոլոր անդամների համաձայնությունը:  Բայց Եվրամիության անդամների երկու երրորդի աջակցությունն ստանալը միանգամայն հնարավոր է՝ հաշվի առնելով նաև, որ եվրոպական մյուս ծանրքաշայինները՝ ԳԴՀ-ն, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան՝ նույնպես դժգոհ են արևելյան մայրցամաքից միգրանտների հոսքից, թեպետ աշխատում են ի ցույց չդնել իրենց դժգոհությունը:

 Բայց ամենից շատ Քեմերոնը հույսը կապում է Բեռլինի հետ, քանի որ այնտեղ միգրանտների թիվը քառակի ավելի է, քան Բրիտանիայում: Անցյալ տարի Գերմանիա է ժամանել այլ պետությունների 437 հազար քաղաքացի: Այս տարվա ցուցանիշներն ավելի բարձր կլինեն: Հատկապես աճել է միգրանտների թիվը Ռումինիայից և Բուլղարիայից: Եթե 2004 թ. ռումինացիների թիվը 35 հազար էր, ապա 2012-ին այն հասել էր 181 հազարի:

2013 թ. գերմանական մի քանի քաղաքներ կառավարությանը խնդրել են ֆինանսական օգնություն տրամադրել՝ որակավորում չունեցող օտարերկարացիների հոսքի պատճառով, որոնք Գերմանիա են ժամանել նպաստների համար և ոչ միայն սոցիալական ծառայությունների համար են լարվածություն ստեղծում, այլև նպաստում են հանցավորության աճին:

Ըստ lenta.ru-ի

Նախորդ հոդվածը‘Վրաստանում գործ են հարուցել Լեպսի համերգի կազմակերպիչների դեմ’
Հաջորդ հոդվածը‘Մարոկկոյում նախարարն ընկել է գնացքի տակ’