‘Եվրոստատի տվյալներով՝ Եվրամիության քաղաքացիների գրեթե մեկ քառորդն աղքատության շեմին է’

828

Եվրամիության քաղաքացիների գրեթե մեկ քառորդը 2011 հայտնվել է աղքատության շեմին, այս մասին, ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, խոսվում է ԵՄ վիճակագրական գործակալության՝ Եվրոստատի այսօր տարածած զեկույցում: «119,6 միլիոն մարդ, այսինքն՝ Եվրամիության 27 երկրների ողջ բնակչության 24,2 տոկոսը, գտնվում է ծայրաստիճան  աղքատության եզրին»,- ասվում է գործակալության զեկույցում: 2010 թ. զեկույցով՝ այդ թիվը կազմել է 23,4 տոկոս: Եվրոստատի հաշվարկման մեթոդիկան հենվում է երեք հիմնական չափորոշիչների հետազոտության վրա: Առաջինը իրական եկամտի չափն է (հաշվի առնելով սոցիալական վճարները և փոխհատուցումները): Երկրորդը՝ յուրաքանչյուր ընտանիքի հնարավորությունը՝ ինքնուրույն հոգալու  կենսապահովման համար անհարաժեշտ նյութական բարիքների, այդ թվում՝ սննդի, բնակարանի վարձի, էլեկտրաէներգիայի և ջեռուցման դիմաց: Երրորդ գործոնը աշխատանքի շուկայի մատչելիությունն է: Այս չափորոշիչներով՝ Եվրոպայի ամենաաղքատ երկիրը Բուլղարիան է, որտեղ աղքատության շեմն անցել է և այդ շեմին է գտնվում բնակչության 49 տոկոսը: Երկրորդ տեղը կիսում են Ռումինիան և Լատվիան՝ 40-ական տոկոսով, երրորդ տեղում հունաստանն է՝ 31 տոկոսով: Ամենալավ վիճակում են Չեխիան՝ 15 տոկոս, Շվեդիան և Նիդեռլանդները՝ 16 տոկոս, Լյուքսեմբուրգը՝ 17 տոկոս: ԵՄ առաջատար երկրներում՝ Գերմանիայում և Ֆրանսիայում, իրավիճակն անփոփոխ է մնում վերջին երեք տարիներին՝ աղքատության մակարդակը աննշան տատանվում է 19,5 տոկոսի սահմաններում: Եվրոպայում տնտեսական և ֆինանսական ճգնաժամերին զուգահեռ՝ աղքատության մակարդակի բարձրացմանը նպաստել են նաև «նոր եվրոպացիները»՝ Աֆրիկայից ևՄերձավոր Արևելքից ժամանածները, ովքեր վերջին տարիներին զանգվածաբար եվրոպական քաղաքացիություն են ձեռք բերում՝ նվազագույն չափով ինտեգրվելով եվրոպական հանրությանը և ԵՄ երկրների տնտեսական համակարգին:

  

Նախորդ հոդվածը‘Թե ինչու «Ժառանգությունը» Ստյոպա Սաֆարյանին չընդգրկեց ընտացուցակի անցողիկ տեղերում’
Հաջորդ հոդվածը‘Տաջիկստանում «Ազատություն» ռադիոկայանի կայքը կրկին հասանելի է’