‘Երբ Սերժ Սարգսյանը Օհան Դուրյանին հիշելու ժամանակը չուներ ‘

2166

Մարդու տեսակի հարց է: Եթե ինքդ քո հոգու ու խղճի հետ խնդիր չես ունենում, իրերին կարողանում ես շիտակ նայել: Երբ անցած ուղիդ մաքուր չէ, միշտ հետ ես նայում: Առավել դժվար է լինում, երբ ինչ-որ մեկը քեզ հիշեցնում է այն մասին, որ անցած ուղիդ մաքուր չէ, որ  ձեռքերդ արյունոտ են: Եւ էլ առավել դժվար է, երբ այդ մասին հիշեցնում են մեծությունները, փառք ու հռչակ վայելած անձինք: Մեծերին ներելն ավելի դժվար է լինում: Երբ անցած ուղիդ մաքուր չէ, ցանկալի են դառնում միջակությունները, պալատական մտավորականները, արվեստը շոուի վերածած ծաղրածուները: Իսկ մեծերից որքան հնարավոր է հեռու, նրանց մասին ոչ մի խոսք: Հնարավորինս ոչ մի խոսք: Անգամ մահվանից հետո:

Այսօր մեծանուն դիրիժոր, մաեստրո Օհան Դուրյանը կդառնար 90 տարեկան: Ավելի քան մեկ տարի առաջ մահացած աշխարհահռչակ դիրիժորի շիրիմին այսօր պիտի որ ասեղ գցելու տեղ չլիներ: Ենթադրվում էր: Իշխանությունների ներկայացուցիչները պիտի որ իրար հերթ չտալով գնային այնտեղ: Բայց նրանց շարքերը նվազ էին: Իշխանությունները քաղաքապետ Տարոն Մարգարյանին Պանթեոն ուղարկելով էին բավարարվել: Իրենք չէին եկել: Նույնիսկ չէին բարեհաճել որեւէ խոսք հղել այդ կապակցությամբ: Սերժ Սարգսյանն ինչպե՞ս պիտի դա աներ, նա դեռ նեղացած մանուկի կարգավիճակում է: Մեծ մարդուց խռոված մանուկի նման: Նա չի կարող մոռանալ, որ մաեստրոն իրեն ասում էր, որ ճանապարհդ մաքուր չէ, արյունով ես եկել Բաղրամյան 26: Քինախնդրությո՞ւն է: Ամենայն հավանականությամբ: Բայց թերեւս,  մանր, շատ մանր քինախնդրություն: Մի ուղերձն ի՞նչ է, որ չհղեց, մի հայտարարությունն ի՞նչ է, որ չարեց: Բայց չհղեց: Դե, ժամանակը սուղ է, երեւի: Նկարիչ Մասիս Գրիգորյանի ծննդյան 80-ամյակը շնորհավորելու համար ժամանակ ունի, (Սերժ Սարգսյանի շնորհավորական  վերջին ուղերձը), իսկ Օհան Դուրյանի համար՝ ոչ: Մեսիջ է հղում, հասկացնում է, որ իր համար ընդունելի են միայն խոնարհներն ու պալատականները: Թեկուզ միջակություն էլ լինի, բայց պալատական լինի, խոնարհ լինի, եղունգների տակ դեռ չչորացած քաղաքացիների արյան մասին իրեն երբեք ոչինչ չասի: Չի համակերպվում: Չի ուզում հասկանալ, որ աշխարհն Հայաստանը Օհան Դուրյան-ներով է ճանաչում: Իրենով չի ճանաչում: Չի համակերպվում այն մտքի հետ, որ ինքը պղծում է այն Հայաստանը, որն աշխարհը գիտեր ի շնորհիվ Օհան Դուրյանի նմանների:

Ինքը դեռ փոքր է: Ինքը դեռ խռոված մանուկ է: Ինքը դեռ չի կարողանում հասկանալ, որ իր եւ մաեստրոի միջեւ տարբերություն կա, եւ ինքը դրա դեմ ոչինչ անել չի կարող: Ինքն, իհարկե, թաքուն, երբ կողքը մարդ չի լինում, մտածում է, գիտակցում է, որ շատ կցանկանար, որ մաեստրոյի նման մարդիկ իր կողքին լինեին կանգնած: Որքան է ինքը ցանկացել դա: Որ այդպես լիներ, էլ իր ինչի՞ն էին պետք միջակությունները: Գլուխը բարձր կքայլեր: Կասեր, կհպարտանար, որ իր կողքին Օհան Դուրյանի նման մարդիկ են կանգնած: Բայց ինքն այդ բախտին չարժանացավ, ու քինով լցվեց: Դրա համար էլ որոշեց անտեսել: Մաեստրոյի հոգեհանգստին ուղարկեց տիկնոջն, իսկ ինքը չգնաց: Խիզախությունը չհերիքե՞ց: Թե՞ վախենում էր, որ գալուց չէր կարողանա թաքցնել ներսի ողջ մաղձը: Դրա համար էլ՝ այսօր էլ լռեց: Ոչինչ չասաց: Ոչ մի ուղերձ, ոչ մի խոսք:

Բայց դեռ մի քանի ժամ ունի: Օրը դեռ չի ավարտվել: Եթե ինքն իր ներսում հաղթահարի փոքրոգությունը, ուրեմն, դեռ կխոսի: Իսկ եթե ոչ, ուրեմն կապացուցի, որ ինքը դեռ փոքր է: Դեռ խռոված մանուկ է: Մանուկ, ով չի կարողացել համակերպվել այն մտքի հետ, որ մեծ մարդն իրեն ասել էր, որ ձեռքերդ արյունոտ են: 

Նախորդ հոդվածը‘Սաֆարովի հարցը Եվրախորհրդարանի օրակարգում է’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Չինաստանի դեսպանին’