‘Երեւանում մեկնարկեց Ճապոնական ֆիլմերի փառատոնը ‘

1034

Ճապոնական ֆիլմերի փառատոնն այս տարի մեկնարկեց նոյեմբերի 2-ին «Մոսկվա» կինոթատրոնում: «Թող թեւածի խաղաղությունն ամենուր» խորագրով փառատոնի բացման համար ընտրվել էր «Միշտ. Մայրամուտները երրորդ փողոցում» ֆիլմը: Փառատոնը Երևանում կանցկացվի նոյեմբերի 2-4-ը, իսկ այնուհետեւ նոյեմբերի 5-6-ը կհյուրընկալվի Գյումրիում: Փառատոնն անցկացնում է հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը` Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը, փառատոնն արդեն Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ, որը վկայում է այն մասին, որ կինոտոնը բավական լուրջ գնահատականի է արժանացել: «Փառատոնը նաեւ Գյումրիում ներկայացնելու փաստը մեծ ոգեւորություն է առաջացրել»,- ասաց նա:

Այս անգամ կինոփառատոնի շրջանակներում կներկայացվեն ճապոնական հինգ լիամետրաժ նոր գեղարվեստական ֆիլմեր:

Միջոցառման բացման արարողության շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը առաջին անգամ Հայաստանում կատարեց միջոցառմանը իր նեկայությամբ պատվող ճապոնացի կոմպոզիտոր Սատոկո Իչիկավայի «Հնագույն ժամանակներ» ստեղծագործությունը: Նվագախմբի կողմից կատարվեց նաեւ Կոմիտաս/Սարգիս Ասլամազյանի «Մանրանվագներ լարային կվարտետի համար» ստեղծագործությունը: Ներկայացվեցին իքեբանայի եւ օրիգամիի ցուցահանդեսներ:

Փառատոնի անցկացմանը աջակցում են ՀՀ արտաքին գործերի եւ մշակույթի նախարարությունները, Գեղագիտության ազգային կենտրոնը: 

Նախորդ հոդվածը‘Մերձմոսկվայում խոշոր հրդեհ է բռնկվել ‘
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում տեղակայված ՌԴ գլխավոր հյուպատոսարանում նշվեց Ռուսաստանի Ժողովրդական միասնության տոնը ‘