‘«Երեւան. հայացք ապագայից» ցուցահանդեսի մուտքն անվճար կլինի ‘

1033

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը նոր անակնկալ է պատրաստել արվեստասերների համար: «Երեւան. հայացք ապագայից» ցուցահանդեսը մինչեւ փակումը`  դեկտեմբերի 16-ը, կշարունակի գործել անվճար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնից, իրենք նման որոշման են եկել` հաշվի առնելով ցուցահանդեսի այցելուների մեծ թիվը, ինչպես նաեւ նրանց ոգեւորությունը: Մինչ այս նախատեսված էր, որ ցուցահանդեսի մուտքն անվճար կլինի միայն հոկտեմբերի 12-14-ը:

«ԵՐԵՎԱՆ. հայացք ապագայից» ցուցադրությամբ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը շարունակում է միջթանգարանային համագործակցության իր ծրագիրը` համատեղ ցուցադրություններ կազմակերպելով քույր-թանգարանների հետ: Ռուսական արվեստի թանգարանի հետ համատեղ «Գարնանային մոտիվներ» ցուցահանդեսը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում առաջինն էր այս ծրագրի շրջանակներում: «ԵՐԵՎԱՆ. հայացք ապագայից» ցուցադրությունը կազմակերպվեց Երևանի պատմության թանգարանի հետ համատեղ և ազդարարեց 2012 թ. Էրեբունի-Երևան տոնակատարությունների սկիզբը:

Ցուցադրությանը ներկայացված են հայազգի մեծանուն արվեստագետների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ` անցյալ դարի առաջին կեսի երևանյան համայնապատկերներով: Միևնույն ժամանակ ցուցահանդեսում ընդգրկված են ժամանակակից Երևանի տարբեր լուսանկարներ, որոնք խորհրդանշում են մեր մայրաքաղաքի առաջընթացը և ապագայից հայացք ուղղորդում պատմական Երևանին:

Նախորդ հոդվածը‘Զլաթան Իբրահիմովիչը Գերմանիա-Շվեդիա խաղի մասին. Նման բան ես երբեք չէի տեսել’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում ձերբակալել են Օբամայի և Ռոմնիի «կանաչ» մրցակցուհուն’