Երեք մեղավորների հանձնաժողով

1445

Իշխանությունը ստեղծել է ԱԺ քննիչ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի 44-օրյա պատերազմի հանգամանքները։ Պատերազմի ավարտից մեկուկես տարի անց նման հանձնաժողով ստեղծելը նրանք արդեն անվանում են ընտրություններից առաջ տված խոստման իրականացում, որպեսզի պարզեն մեղավորներին։

Այսինքն, նախաձեռնել է մի իշխանություն, որը, ստանձնելով իշխանության ծանր բեռը՝ ծանոթանալով բանակցային գործընթացի հետ, չհասկանալով կամ չցանկանալով հասկանալ դրա ընթացքը, հնարավոր աղետալի զարգացումները, ուղղակի չի փորձել անգամ հանրության հետ ազնիվ խոսել եւ ներկայացնել իրերի առկա դրությունը, ինչը փաստացի տապալել է բանակցային գործընթացը, ու այդպիսով կորցնելով արտաքին որեւէ դաշնակից՝ իր բոլոր գործողություններով մոտեցրել է աղետալի պատերազմը, հազարավոր զոհերից ու տարածքային կորուստներից հետո՝ վաղ շրջանում չի կանգնեցրել այդ պատերազմը եւ փաստաթուղթ է ստորագրել միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն արդեն Ստեփանակերտի մատույցներում էր, և հիմա այդ իշխանությունը փորձում է  քննել եղածը։

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները այսօր հայտարարություն են տարածել, թե քննիչ հանձնաժողովը իշխանությունների «անմեղության բեմադրությանն է լծված լինելու», ուստի չեն մասնակցելու դրա աշխատանքներին․ այս կծիկի մյուս մեղավորներն էլ այսպիսի դիրքորոշում են որդեգրել։

Ահա այսպես, հերթական անգամ «մեղավորը դո՛ւ ես», «չէ, դո՛ւ ես մեղավորը» ասելով, իշխանություններն ու նախկինները՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի առաջնորդած ընդդիմությունները, իրար պասեր տալով՝ փորձում են թաղել պատերազմի հետ կապված իրական քննարկումները, դրանք տեղափոխելով փոխադարձ հայհոյանքների ու մեղադրանքների անպտուղ դաշտ, որպեսզի ի վերջո հոգնեցնեն հանրությանը։ Իշխանությունները քննություն կանեն, պարբերաբար արտահոսքերով՝ այն մասին, թե ինչ վատ բացահայտումներ են արվում ընդդիմադիրների վերաբերյալ, ընդդիմադիրները կասեն, որ հանձնաժողովը միակողմանի է աշխատում, փորձում է  արդարացնել իշխանությանն ու մեղքը բարդել ընդդիմության վրա, հետո, ինչպես նախկին հանձնաժողովի պարագայում, զեկույց կգրեն ու այն հիմնականում գաղտնի կպահեն՝ հայհոյանքները չդադադրեցնելով, մինչեւ հանրությունն ասի՝ դե զզվեցրիք։ Ու վերջ։

Ինչպես ասում են, եթե ցանկանում ես հարցը թաղել՝ հանձնաժողով ստեղծիր։

Խնդիրն այն է, սակայն, որ պատերազմի, դրա պատճառների, դրա եղած վտանգի, բանակցությունների եւ Արցախյան հարցի հետ դրա փոխկապակցվածության թեման գոնե ընդհանուր գծերով հասկանալու համար հանձնաժողովներ պետք չեն։ Հանձնաժողովներով չէ, որ նախկիններն ու ներկաները հանրության առաջ պետք է պատասխաններ որոնեն, հանձնաժողովները դետալները պարզելու համար են միայն, բայց ոչ բուն առանցքային հարցերը։

Առանցքային հարցերի համար պետք է այդ երեք ուժերի պարզ ինքնախոստովանություն՝ գլոբալ հարցի շուրջ, պատերազմի եւ խաղաղության դիսկուրսի շուրջ, բանակցությունների վերաբերյալ տասնամյակների կեղծ քարոզչության, այդ քարոզչության դիկտատուրայի եւ գրաքննության մասին, պետք է պարզ ինքնախոստովանություն այն մասին, որ հարցն իրականում պետք է կարգավորվեր, ինչ սահմաններում էր այն հնարավոր կարգավորել, եւ ինչով էր հղի այսպես կոչված «ակտիվ սառեցման» քաղաքականությունը, ինչպես էր դա հարվածում Հայաստանի եւ Արցախի դիրքերին, դիմադրողականությանը, ինքնիշխանությանը, եւ ինչպես էր ստատուս քվոն պահելու մղումը ամեն օր մոտեցնում պատերազմը։

Պետք է պարզ ինքնախոստովանություն այն մասին, որ մեծ-մեծ պաթոսային ելույթներով բանակն ավելի հզոր չէր կարող լիներ, քան այն կարող էր լինել իրականում, ինքնախոստովանություն, թե ինչու, շատ լավ իմանալով նրա դիմադրողականության հնարավոր սահմանները, տորպեդահարում էին քննարկումներն անգամ բանակցություններով հարցը լուծելու վերաբերյալ եւ մոտեցնում կործանարար պատերազմը։ Պետք է պարզ ինքնախոստովանություն այն մասին, թե ինչու ստատուս քվոյի երեք ջատագովները այդ ստատուս քվոն փոխանցիկ դրոշի պես հաջորդի ձեռքն էին տալիս, եւ ապա հրապարակային դիսկուրսում, խաղալով մարդկանց պարզ զգացմունքների վրա՝ տորպեդահարում բանակցային որեւէ լուծում՝ հեռակա աջակցելով այդ պահի բանակցողի՝ ժամանակ ձգելու քաղաքականությանը։  

Ահա այս հանցավոր 24-ամյա քաղաքականությունն է, որ հանգեցրել է այս՝ պետության ողնաշարը ջարդած եւ պետությանը ծնկի բերած օրվան։

Մինչդեռ այդ քաղաքականության երեք կրողները անձեր են քննարկում՝ թե այդ քաղաքականությունը վարած երեք անձերից որ մեկն է մեղավոր։

Նպատակը պարզ է, իհարկե, անձերից որեւէ մեկին՝ ըստ քաղաքական այդ պահին առկա իրավիճակի, հռչակել միանձնյա մեղավոր եւ զոհել՝ միայն թե իրենց քաղաքականությունը փրկվի ու հարատեւի։ Որովհետեւ եթե իրենց քաղաքականությունը մերժվի, իրենք բոլորը կմերժվեն։  

Իսկ հանձնաժողով ստեղծել պետք է՝ բոլոր դետալները պարզելու համար, բայց ոչ այս ուժերի կողմից, որովհետեւ չեն կարող երեք մեղավորները հանձնաժողով ստեղծել եւ ճշմարտություն պարզել։ Նրանք միայն կարող են այն թաքցնել՝ ամեն մեկն իր այդ պահի հնարավորությունների չափով։ Դա նույնն է, թե Նյուրնբերգյան դատարանում դատավարությունը վստահեին նացիստական ռեժիմին։

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածըԿիևը պահանջում է արտահանձնել Պրահայում ձերբակալված ռուսաստանցուն
Հաջորդ հոդվածըՎիրավորանքի քրեականացման օրենքի կիրառման առիթով