‘Երթուղայինի գինը դարձել է 200 դրամ, բայց քաղաքացիները այդ մասին դեռ չգիտեն. «Ժողովուրդ»’

4873

Հայաստանի տրանսպորտի «մաֆիան» որոշել է Երևանի բնակչությանը հերթական հարվածը հասցնել: Այդ «մաֆիայի» շահերը սպասարկող Երևանի քաղաքապետարանն այս տարվա սկզբին շահագործումից հանեց թվով վեց ավտոբուսային երթուղիներ:

«Ժողովուրդը» գրում է, որ քաղաքապետարանը և տրանսպորտի «մաֆիան» որոշել են այս գործում ավելի առաջ գնալ և առաջիկայում մայրաքաղաքի տրանսպորտը կրճատել 50 տոկոսով: Պաշտոնական պատճառաբանության համաձայն՝ կվերացվեն կրկնվող երթուղիները, որպեսզի մնացած երթուղիները ողջ ծանրաբեռնվածությամբ գործեն:

Սակայն այս ծրագրի իրական նպատակը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին ստիպելն է, որ նրանք քաղաքի մի ծայրից մյուսը գնալուց օգտվեն առնվազն երկու տրանսպորտից: Այսինքն՝ տրանսպորտի «մաֆիան» այս կերպ է փորձելու լուծել իր եկամուտների ավելացման խնդիրը՝ չբարձրացնելով 100 դրամ ուղեվարձը: «Այլ կերպ ասած՝ տրանսպորտի «մաֆիան» և Երևանի քաղաքապետարանը չհայտարարված պատերազմ են սկսել մայրաքաղաքի բնակչության դեմ»,-եզրակացնում է թերթը:

Պատասխանելով թերթի հարցին, թե այս պահին կրկնվող երթուղայինների վերանայման աշխատանքները շարունակվու՞մ են, փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը հայտարարել է. «Այո, իրականացվում են: Այլ լուծում չկա: Քաղաքացին թող սպասի, որ երթուղայինների քանակը կրկին պակասելու է: Այն, որ մենք սովորել էինք, որ մուտքի առաջ երթուղայինը կանգառում էր, և այդտեղից նստում էինք ու գնում քաղաքի ծայրը, դա թող քաղաքացին մոռանա: Այն վաղուց անցել է պատմության գիրկը, նա պետք է իմանա, որ այսուհետ երկու նստեցումով է հասնելու իր ցանկացած վայրը, որն էլ արժենալու է 200 դրամ, այլ ոչ՝ 150: Այսինքն՝ մեր հարգելի ակտիվիստների շնորհիվ 150 դրամի փոխարեն  այսօր ունեցանք 200 դրամով ուղևարձով երթուղային»:

iLur.am-ի կողմից

Նշենք, որ երթուղայինների և ավտոբուսների կրճատումը արդեն դժգուհություն է առաջացրել երևանցիների շրջանում: Ինչպես արդեն հաղորդել էինք, օրերս Նոր Նորքի 4-րդ զանգվածում բնակիչները ավելի քան 1200 ստորագրություն էին հավաքել՝ տարիներ շարունակ նույն զանգվածով անցնող N 53 ավտոբուսի նախկին երթուղին վերականգնելու պահաջով: Շուրջ մեկ ամիս է, ինչ քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ N 53 ավտոբուսի երթուղին չի գործում` առաջացնելով մեծ դժվարություններ դեպի կենտրոն ուղևորվող բնակիչների համար:

Վերջիններս մտադիր են շարունակելու իրենց պայքարը՝ N 53 ավտոբուսի նախկին երթուղին վերականգնելու համար: Պահանջը չբավարարելու դեպքում քննարկվելու է ճանապարհների փակման, ինչպես նաև հանրապետության բարձրագույն պաշտոնյաների նստավայրերի մոտ բողոքի ակցիաների կազմակերպման հնարավորությունը:

Նախորդ հոդվածը‘Դևիդ Մոյես. «Մարզիչ աշխատելը հեշտ չէ, և երբեմն հաճելի է շփվել մի մարդու հետ, ով նույն դրության մեջ է»’
Հաջորդ հոդվածը‘Անգլիայի Պրեմիեր լիգան հեռուստաիրավունքի վաճառքից կստանա 5,13 միլիարդ ֆունտ’