‘Երիտասարդ կուրսանտի մտորումներն ու երազանքը’

1125

Բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ  iLur.am-ը զրուցել է ռազմական կրթություն ստանալու նպատակով Գերմանիայում ուսանող կուրսանտ  Գուրգեն Միրզոյանի հետ:

Գուրգենը Լոռու մարզի Ստեփանավանի շրջանից է, ի սկզբանե նույնիսկ չէր էլ մտածել զինվորական դառնալու մասին, դպրոցն ավարտելուն պես որոշել էր սովորել Վանաձորում և դառնալ իրավաբան, նույնիսկ միասնական քննության հայցադիմումը լրացնելիս նշել էր իրավաբանական ֆակուլտետը:

Սակայն վերջին պահին Գուրգենն անսպասելիորեն ընտրել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, թեպետ ծնողները չէին ողջունել իրենց միակ որդու՝ զինվորական դառնալու որոշումը:

«Ցանկացած տղայի մեջ կա «կռիվ-կռիվ» խաղալու բնազդը, իսկ իմ մեջ այդ բնազդը պարզապես եռում էր,  զինվորական կյանքն այնքան գայթակղիչ էր թվում, որ ոչ ոք չկարողացավ ինձ հակառակում համոզել»,- նկատում է Գուրգենը:

Նա հիշում է, թե ինչպես Վանաձորում չէին համաձայնել  չեղյալ համարել միասնական քննության նախկին հայցադիմումն ու չէին տրամադրել  նորը,  և ինքը ստիպված էր եղել գալ Երևան ու համառ ջանքերի շնորհիվ հասնել ուզածին:

Նա պատմում է, թե ինչպես ռազմական ինստիտուտում ուսանելու տարիներին հանդիպել է բազմաթիվ դժվարությունների, քանի որ, ըստ նրա, այլ համալսարաններում ու ռազմական ինստիտուտում ուսանողների առօրյան էապես տարբերվում է: «Մենք ոչ միայն սովորում ենք, այլ նաև ծառայում, իսկ «ծառայություն» կոչվածը ենթադրում է կամք, կարգապահություն, զգոնություն, համբերություն, ֆիզիկական ու մտավոր ծանր աշխատանք»:

Ռազմական ինստիտունում ցուցաբերած բարձր առաջադիմության շնորհիվ նա արդեն մեկ տարի է՝կրթությունը շարունակում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: «Սկզբում դժվար էր, վարժ չէի կարողանում խոսել գերմաներեն, ու միջավայրին ինտեգրվելու խնդիր կար, սակայն շուտ հաղթահարեցի բոլոր խոչընդոտները: Մեզ մոտ էլի հայեր կան, մեր դասախոսների խոսքով՝ հայ ուսանողները միշտ էլ  աչքի են ընկնում հնարամտությամբ ու աշխատասիրությամբ»,- հպարտանում է Գուրգենը՝ ավելացնելով նաև, որ ուսումնական գործընթացքը ծանրաբեռնված է, բայց արդարացված, քանի որ արդյունքում իրենք կստանան գիտելիքներ ու հմտություններ, որոնք պետք կգան իրենց ծառայության մեջ:

«Մեր բանակը շատ բան ունի սովորելու գերմանական բանակից, մենք՝ մեր բանակի ապագա սպաներս, պետք է զարգացնենք բանակաշինությունը ու հայոց բանակը շատ ավելի բարձր մակարդակի հասցնենք», — նշում է Գուրգենը:

Չնայած դրան՝ վերջինս սրտնեղում է, որ հասարակության մեջ բացասական վերաբերմունք կա սպաների նկատմամբ, քանի որ, ըստ նրա, մարդիկ երկրի պաշտպան ընկալում եմ միայն ժամկետային զինծառայողներին, իսկ սպաներին, ավելի շատ, ընկալում են բացասական քողի տակ:

«Նման վերաբերմունքը պետք է փոխեն, առաջին հերթին, հենց իրենք՝ սպաները, սակայն չպետք է երբեք մոռանալ, որ առանց սպայի բանակ չի լինում, ուր մնաց թե շարքային զինվոր լինի»,- ասում է Գուրգենը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք երբևէ փոշմանել է զինվորական դառնալու հարցում՝ խոստովանեց.

«Բոլոր մարդանց հետ էլ կարող են լինել հուսահատության րոպեներ, շատերն են ասում, որ կարող էի նման բարդ ու պատասխանատու մասնագիտություն չընտրել ու ապրել քաղաքացիական կյանքով, սակայն եթե բոլորը նման ձևով մտածեին, մեր սահմաններին ո՞վ պետք է տեր կանգնի, բժի՞շկն է սահմանը պահելու, թե՞ հաշվապահը»:

Գուրգենի կարծիքով, սակայն, այսօր շատ տղաներ հոգեբանորեն պատրաստ չեն ծառայելու ու փորձում են ամեն ձևով խուսափել բանակից, դրանով է  պայմանավորված հասարակության մեջ ծառայելու նկատմամբ դեռևս գոյություն ունեցող բացասական վերաբերմունքը: Ըստ նրա՝ հասարակության գիտակցության մեջ պետք է փոխվի այդ մտածելակերպը, քանի որ զինվորը, ծառայելով զինված ուժերում, առաջին հերթին պաշտպանում է իր ընտանիքը, իսկ հետո նոր՝ պետության սահմանները:

Վերջում Գուրգենը անկեղծացավ և խոսեց իր երազանքի մասին: Ապագա սպան երազում է հանդիպել այնպիսի աղջկա, ով կհասկանա իր մասնագիտության կարևորությունն ու պատասխանատվությունը, ով պատրաստ է կիսել նրա  ծառայության դժվարություններն ու զինվորականի կյանքը ու իր հետ մեկնել այնտեղ, որտեղ նրան կգործուղեն ծառայելու:

\"\"

Զրուցեց Լիլիթ Լալայանը

Նախորդ հոդվածը‘Ջոկովիչը երրորդ անգամ անընդմեջ դարձավ Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոն’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Արոնյան. Մի քանի 100 տոկոսանոց հաղթանակ բաց թողեցի’