‘Երկաթուղին՝ բաժանարար գիծ հայ և աբխազ «պատգամավորների» միջև ‘

1020

Աբխազիայի  հայազգի «պատգամավորները» առաջ են քաշել Հայաստանի պայմանները՝ Աբխազիայի անկախության ճանաչում՝ երկաթուղային միջանցիկ հաղորդակցության դիմաց:  Այդ մասին ասվում է աբխազական, այսպես կոչված՝ «խորհրդարանի» հայազգի անդամներ Վաղարշակ Կոսյանի, Գալուստ Տրապիզոնյանի և Վալերի Մայրոմյանի ուղերձում:

Նամակի հեղինակների կարծիքով՝ այդ քայլը նշանակալի օգուտներ կբերի ինչպես հայրենակիցներին, այնպես էլ Մաքսային միության բոլոր անդամ պետություններին: Նամակի հեղինակները ողջունում են Հայաստանի որոշումը՝ «ամրապնդելու եվրասիական ինտեգրման անդրկովկասյան հատվածը», և կարծում են, որ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը մեծացնում է Աբխազիայի՝ որպես ինքնիշխան պետության՝ այդ ինտեգրացիոն կառույցներ մուտք գործելու հնարավորությունը: Ըստ հայ պատգամավորների՝ նախագիծը տնտեսական իմաստով շահավետ է Աբխազիայի համար. «Երկաթուղին 10 մլն տոննա բեռնելու դեպքում Աբխազիան, որպես տարանցիկ երկիր, կարող է տարեկան վաստակել մինչև 6 մլրդ ռուբլի»:

Սակայն կան նաև երկաթուղին բացելու հակառակորդներ: Օրինակ, «պատգամավոր» Բեսլան Գուբազի կարծիքով՝ ներկա պահին նպատակահարմար չէ խոսել Աբխազիայով միջանցիկ երկաթուղային հաղորդակցություն վերսկսելու մասին: Ընդ որում՝ նա ուշադրություն է հրավիրում հայ պատգամավորների օգտագործած տերմինների վրա՝ փաստաթղթում աբխազական երկաթուղային տեղամասը հիշատակվում է որպես «նախկին Անդրկովկասյան երկաթուղու աբխազա-վրացական հատված»: Պատգամավորների կարծիքով՝ այդ փաստաթուղթը ստորագրող անձինք, որոնք բոլորը 1992-1993 թթ. պատերազմի մասնակիցներ են, «չպետք է գիտակցաբար նման ձևակերպումներ օգտագործեն, ինչը նսեմացնում է Աբխազիայի պետականությունը»:

Պատգամավոր Դաուր Արշբան հայտարարել է, որ «այդ ուղերձը պատրաստվել է արտասահմանյան քաղաքացիների կողմից»:

Նամակի հեղինակներից Վաղարշակ Կոսյանն էլ, իր հերթին, հայտարարել է, որ դա ընդամենը ուղերձ է, և իրենք դրա մեջ ոչ մի քաղաքական իմաստ չեն դրել, այնտեղ խոսքը սոսկ տնտեսական շահույթի մասին է:  Նա շեշտել է, որ նամակի հեղինակներն ակնկալում են լսել պատգամավորների և հասարակության, այդ թվում՝ նախագահի ապագա թեկնածուների կարծիքներն այդ հարցի շուրջ:

«Պատգամավոր» Կան Կվարչիան նամակի հեղինակներին մեղադրել է հարցի լոբբինգի համար: Մեկ ուրշ պատգամավոր հայտարարել է, որ ուղերձը ռազմավարական տեսակետից սխալ է:Ըստ պատգամավոր Կոխաբիայի՝ երկաթուղային հաղորդագրությունն այդ կերպ վերականգնելու առաջարկը «Աբխազիան, առանց ճանաչման՝ Վրաստանի կազմի մեջ ներքաշելու հերթական փորձն է»: Պատգամավոր Արթուր Միկվաբիան, ում նախաձեռնությամբ խորհրդարանում սկսվել է հարցի քննարկումը, հայտարարել է, որ Աբխազիայի տարածքով միջանցիկ երկաթուղային հաղորդակցություն բացելու հարցն ընտրություններից առաջ սեպ է խրում հայ և աբխազ պատգամավորների միջև: «Աբխազիայում գործնականում չկան մարդիկ, ովքեր դեմ են այս նախագծին՝ Հայաստանի համար, սակայն՝ ո՛չ Աբխազիայի ինքնիշխանության հաշվին»,- ամփոփել է Միկվաբիան: Փոխանցում է abkhazeti.info-ն:

Նախորդ հոդվածը‘7-րդ վարչությունը Արման Բաբաջանյանի անձնական թիկնազո՞րն է’
Հաջորդ հոդվածը‘Ինչպե՞ս են ձերբակալում ադրբեջանցի դիվերսանտին. ԼՂՀ ՊՆ (տեսանյութ) ‘